կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-03 17:36
Քաղաքական

«Այո» քարոզողները պետք է իրենց հռչակած սկզբունքները պահպանեն

«Այո» քարոզողները պետք է իրենց հռչակած սկզբունքները պահպանեն

Սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի շրջանակներում ՀՅԴ ներկայացուցիչներն օրեր առաջ հանդիպում ունեցան Տավուշի մարզի Իջևան քաղաքի բնակիչների հետ:

Տնտեսագետ, ՀՅԴ անդամ Սուրեն Պարսյանն իր ելույթի ընթացքում նշեց, որ բարեփոխված Սահմանադրության նախագիծը կարիքավոր և տարեց մարդկանց համար արժանապատիվ ապրելու սահմանադրական երաշխիքներ է ստեղծում, սակայն դրանք կյանքի կոչելու համար էլ պետք է մեխանիզմներ գործի դրվեն, և «այո» քարոզողների պարտավորությունների շրջանակում պետք է լինի հենց այդ մեխանիզմների վեր հանումը, իրենց հռչակած սկզբունքների պահպանումը:

Պարսյանն անդրադարձավ նաև տարըմբռնումների տեղիք տված 89-րդ հոդվածին: «Կայուն խորհրդարանական մեծամասնության մասին է խոսքը:  Աշխարհում գոյություն ունի պառլամենտական մոդելի երեք տարբերակ: Տարբերակներից մեկը Թուրքիայում է գործում. համամասնական կարգով ընտրություններ լինում են և դրանից հետո, եթե որևէ քաղաքական ուժ չի ունենում հիսուն տոկոսից ավելի ձայն, կամ չի ձևավորվում կոալիցիա, ընտրություններն արդեն չեղյալ են համարվում, և նորից ընտրություններ են նշանակվում: Երկրորդ տարբերակը Հունաստանինն է: Այնտեղ գործում է բոնուսային համակարգ. երբ որևէ քաղաքական ուժ առաջին տեղն է գրավում, 15 տոկոս բոնուս է ստանում: Երրորդ տարբերակը կայուն խորհրդարանական մեծամասնության սկզբունք է»,- ասաց ՀՅԴ-ականը և հավելեց. «Պառլամենտական ընտրությունների արդյունքում  խորհրդարանում մեծամասնություն կազմած  ուժը, որը հիսուն տոկոսից ավելի ձայներ հավաքած քաղաքական ուժն  է,  իրավունք ունի ձևավորելու կառավարություն: Ենթադրենք այդ ուժը գոյություն չունի, և որևէ քաղաքական ուժ հավաքել է ասենք` 40 տոկոս, մնացածն  էլ ավելի քիչ տոկոսներ: Այս դեպքում 21 օր ժամկետ  է տրվելու առաջին ուժին և մնացած  ուժերին` կոալիցիաներ ձևավորելու համար: Եթե, օրինակ, առաջին ուժը չի  ցանկանում որևէ ուժի հետ կոալիցիա ձևավորել, այսինքն` համատեղ կառավարում  իրականացնել, մնացած պառլամենտական ուժերը կարող են  միավորվել և իշխանությունը վերցնել: Սա հնարավորություն  է, հետևաբար` լինի առաջին, թե երկրորդ ուժը, նրանք շահագրգռված են լինելու ամեն դեպքում առաջին փուլի շրջանակներով կոալիցիա ձևավորել»:

Պարսյանը նշեց նաև, որ նախագահական ընտրությունների ժամանակ սովորաբար փորձ է լինում երկրորդ փուլ իրականացնել: Ըստ նրա` պառլամենտական ընտրությունների դեպքում սա  ընդդիմության համար հնարավորություն է համախմբվելու և գործող իշխանությանը դուրս մղելու պետական կառավարումից: