կարևոր
3790 դիտում, 9 ամիս առաջ - 2024-02-17 15:05
Քաղաքական

Իրենց հակառուս հռչակած գործակալները ոչ թե ռուսին են հանում տարածաշրջանից, այլ՝ հային․ Խոջաբաղյան

Իրենց հակառուս հռչակած գործակալները ոչ թե ռուսին են հանում տարածաշրջանից, այլ՝ հային․ Խոջաբաղյան

Զաքար Խոջաբաղյանը գրում է․

«Հակառուսական (հենց՝ հակառուսական, այլ ոչ թե պրոարեւմտյան, դրանք միշտ չէ, որ նույնն են) քարոզչական մեքենան իր թեզերը կառուցում է մի ենթադրության վրա, թե «Ռուսաստանը շուտով կգնա տարածաշրջանից՝ մտածեք, թե ինչ եք անելու»։

Շարունակաբար եւ տարբեր դեմքերի բերանով անընդմեջ կրկնվող այս թեզը, իբրեւ «անխուսափելի ապագա» եւ «բացարձակ ճշմարտություն» նստեցվում է հանրության ենթագիտակցության մեջ՝ զուգահեռաբար տանելով թուրքերի հետ բարիշելու եւ համագործակցելու անհրաժեշտությունը՝ իբրեւ այդ սցենարից բխող անմիջական, «բնական» հետեւանք։

Դեռ մի կողմ դնենք այն աբսուրդը, որ ռուսին որպես թշնամի ներկայացնելու համար նրան «սպիտակ թուրք» որակողները այդ նույն թշնամի թուրքին իբրեւ հարեւան եւ պոտենցիալ գործընկեր են մատուցում։

Ինձ այլ հարց է հետաքրքիր. քարոզչական այդ ամբողջ շենքը կառուցված է միայն մի ենթադրության վրա՝ «Ռուսաստանը տարածաշրջանից գնում է, մտածեք՝ թե ինչ եք անելու»:

Եւ այսքան ժամանակ ինձ դեռ չի հանդիպել, որեւէ մեկը, այդ թվում՝ ՀՀ-ում ավանդաբար իբրեւ պրոռուսական կամ հակաարեւմտյան հանդես եկող տարբեր ուժեր, որոնք մի պարզ, բայց առանցքային հարց դնեն՝ «իսկ եթե Ռուսաստանը չգնաց ռեգիոնից, այս ողջ «քաղաքական կարդաբալետից» հետո՝ ի՞նչ եք անելու»...

Պարզ հարց է, չէ՞, բայց կարող է ստիպել, որ մարդիկ մի փոքր մտածեն...

Ռուսաստանին տարածաշրջանից հեռացնելու նպատակով Փաշինյանը Եվրոպայում Արցախը անգամ Ադրբեջանի մաս ճանաչեց, այդ մասին եվրոչինովիկներն էլ ուղիղ տեքստով հայտարարեցին, որ Փաշինյանն առաջին ՀՀ ղեկավարն է, որը Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում...

Եւ ի՞նչ... Դրա հետեւանքով արցախցին դուրս եկավ իր տնից՝ տարածաշրջանից, բայց Ռուսաստանը դուրս չեկավ Արցախից...

Այսինքն, ստացվեց, որ այդ անհեռատես մանր ժուլիկության արդյունքում, որի հաշվարկն այն էր, թե՝ «ռուս՝ քեզ պե՞տք է՝ դու էլ պահիր Արցախը, ՀՀ-ն ձեռքերը լվանում է Արցախից», տարածաշրջանը ոչ թե ռուսը լքեց, այլ՝ արցախցին...

Ըստ էության, «մասը տալու գնով՝ ռուսից պոկվելու» թեզը, որպես բիզ, թարս մտավ այն հորինողների, ավելի ճիշտ՝ դրանց հոգեզավակների մի տեղը... Եւ հիմա սրանց ծնող «քաղաքական հայրերը» փորձում են հրաժարվել իրենց «անառակ զավակից», որակելով՝ ազգակործան պատուհաս (իրենք էլ՝ ազգի փրկիչն էին իբրեւ)...

Ես ոչ գուշակ եմ, ոչ էլ որեւէ քաղաքական հավակնություններ ունեմ, որպեսզի ոմանց պես 2022-ից՝ երկու շաբաթը մեկ «տաս օրից Ռուսաստանի կործանումը գուժելով»՝ դրսի բանկետներում փող հավաքեմ մարդկանցից ու դա դարձնեմ հարմար բիզնես կամ «քաղաքական կարիերա»... Նման բաներով թող քաղաքականությունը պոռնկության վերածած դեմքերը զբաղվեն՝ երկրում նմանների պակաս չկա...

Ես ուղղակի հայ մարդ եմ, որը ցանկանում է ապրել Հայաստանում՝ իր տանը, ունենալ միայն մեկ՝ Հայաստանի Հանրապետության անձնագիր, եւ ծառայել Հայ Ազգին... Եւ ես տեսնում եմ, որ իրենց հակառուս հռչակած այս բախտախնդիր-ժուլիկները կամ տարատեսակ գործակալները, որոշների դեպքում՝ բացահայտ հայատյաց թշնամիները, իրենց վարած քայլերով ոչ թե ռուսին են հանում տարածաշրջանից, այլ՝ հային, իսկ տեղն առաջարկում են թուրքական էքսպանսիան... Եւ այդքանից հետո՝ իրենց այս ու նման այլ անհարմար հարցեր տվողներին էլ փորձում են ներկայացնել իբրեւ ռուսական գործակալ, այնինչ՝ իրենցից շատերի կենսագրությունն ու կարիերան է ուղիղ կերպով կապված ռուսական (եւ ոչ միայն) հատուկ ծառայությունների հետ...

Հիմա, նորից եմ հարցս տալիս ագրեսիվ եւ աննախադեպ մասշտաբների քարոզչության ենթարկվող հայ հասարակությանը.

Եթե ռուսը չգնաց՝ հակառուսական այս «կարդաբալետից հետո» ի՞նչ եք անելու...

Մտածե՛ք այս մասին...

Մի անգամ Անգլիական նավերն ուղղակի չկարողացան բարձրանալ մեր սարերը, իսկ Օվկիանոսից այնկողմ գծված քարտեզին այդ քարտեզագիրներն անգամ տեր չկանգնեցին եւ այդպես էլ չպաշտպանեցին այն...

Վստա՞հ եք, որ նույն սցենարը չի կրկնվելու... եւ հաջորդ 100 տարին էլ՝ ՀՀ-ն գրաված «կարմիր բանակի» մասին պատմություններ չեն գրվելու...

Տարածաշրջանից Ռուսաստանի դուրս գալու թեզերին զուգահեռ՝ մտածեք նաեւ «պլան Բ»-ի մասին՝ բա որ չգնա՞ց..., նամանավանդ, որ տենդենցը հենց այդ ուղղությամբ է դեռ...

Վերջապես, վաղուց արդեն ժամանակն է՝ քաղաքականապես մի փոքր հասունանալու... Փորձեք տեսնել նաեւ՝ թե ինչ է կատարվում, այլ ոչ միայն՝ թե ինչ կցանկանայիք, որ կատարվեր...

Էսքանը...

#թուրք_անգլիական_վանդակ»։