կարևոր
1351 դիտում, 13 ժամ առաջ - 2025-06-14 09:59
Հասարակություն

Հայաստանի համար այսօր կարևոր է չտրվել արտաքին խաղացողների քաղաքական մանիպուլյացիաներին. «Փաստ»

Հայաստանի համար այսօր կարևոր է չտրվել արտաքին խաղացողների քաղաքական մանիպուլյացիաներին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.
Ինչպես արդեն առիթ ունեցել ենք նշել, այս տարի մոտ 90 պետությունների ներկայացուցիչներ հաստատել են իրենց մասնակցությունը Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումին (ПМЭФ): «Փաստի» հետ զրույցում քաղաքագետ Աղվան Պողոսյանը նշում է, որ եթե համեմատենք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշների հետ, ապա նոր ռեկորդ է սահմանվել։

«Հաստատված մասնակիցների թիվն աճել է մոտ 5 %-ով, ինչը բացատրվում է նախորդ համաժողովների արդյունքներով։ Հայաստանի համար, որն ամենամեծ առավելություններն է ստանում Ռուսաստանի հետ առևտրատնտեսական գործընկերությունից և, ընդհանուր առմամբ, ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրումից, ПМЭФ-ի հարթակը, իրոք, Գլոբալ հարավի երկրների հետ փոխշահավետ համագործակցության զարգացման հնարավորությունների պատուհան է դարձել։ Եվ այս պահը պետք է օգտագործել»,-ասում է մեր զրուցակիցը։ Նշում է, որ, պաշտոնական տվյալներով, Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2024 թվականին կազմել է, 5,9 տոկոս։ Արտաքին առևտրաշրջանառությունը 2023 թվականի համեմատ աճել է 41,5 %-ով և կազմել ավելի քան 30 մլրդ դոլար։ Հայաստանի հիմնական առևտրային գործընկերներն են Ռուսաստանը, ԱՄԷ-ն և Չինաստանը։ Ռուսաստանին բաժին է ընկնում հանրապետության ամբողջ առևտրի ավելի քան 40 %-ը կամ 11,7 միլիարդ դոլար։ Ներդրումային ոլորտում Հայաստանում կուտակված ռուսական ներդրումների ծավալը կազմել է 4 մլրդ դոլար։ Ռուսական խոշոր ձեռնարկությունները համարվում են Հայաստանի խոշոր հարկատուներից։

Ըստ Աղվան Պողոսյանի, այս թվերը ցույց են տալիս առնվազն երեք կետ. «Նախ՝ Հայաստանի տնտեսության իրական աճն այսօր ապահովում են Ռուսաստանն ու Չինաստանը։

Արևմուտքն այս առումով զգալիորեն հետ է մնում, ինչը բացատրվում է նրա կողմից կոնյուկտուրային հետաքրքրությամբ։ Ուստի, եվրասիական, ասիական նախագծերը տնտեսության աճի բանալին են։

Երկրորդ՝ Հայաստանի համար այսօր կարևոր է չտրվել արտաքին խաղացողների քաղաքական մանիպուլյացիաներին։ ПМЭФ-ին մասնակցությունը մասնակից շատ երկրների թույլ է տալիս հայտարարել իրենց անկախության մասին Արևմուտքի երկրների քաղաքական և տնտեսական ճնշումներից։ Դա բխում է նրանց ազգային շահերից, մեծացնում է տնտեսական սուբյեկտայնությունը տարածաշրջանային նախագծերում։ Երրորդ՝ Հայաստանը պետք է ավելի ակտիվ լինի ПМЭФ-2025-ում։ Շատ որոշումներ, որոնք ընդունվել են ֆորումներում ավելի վաղ, արդեն բերել են արդյունքներ։ Այսպես, օրինակ՝ ПМЭФ-2023-ի շրջանակներում Ռուսաստանի տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վախրուկովը և Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը ստորագրել են զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման ճանապարհային քարտեզ։ 2024 թվականին գրանցվել է ռուսաստանցիների մոտ 1 մլն այց հանրապետություն, ինչը Հայաստան այցելող բոլոր զբոսաշրջիկների 40 տոկոսն է։ Հայաստանի և Ռուսաստանի միջև լավ զարգացած է ավիահաղորդակցությունը, շաբաթական իրականացվում է շուրջ 100 չվերթ՝ 12 երթուղով։ Փաստաթղթի ընդունմամբ ամրապնդվել է երկու երկրների զբոսաշրջային բիզնեսի համագործակցությունը»: