Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վերջին ամսվա կամ ամիսների ընթացքում մի շարք ապրանքների գներ իջել են, բայց այնպես չէ, որ դա միանշանակ դրական երևույթ է. այսօր՝ հոկտեմբերի 14-ին հրավիրված ասուլիսում նշեց տնտեսագետ, ՀՅԴ փորձագետ Սուրեն Պարսյանը:
«Մի խումբ տնտեսվարողներ, որոնք տարիներ շարունակ գործում են որոշակի ապրանքային շուկայում, միաժամանակ գները բարձրացնում են և միաժամանակ իջեցնում: Միաժամանակ գների իջեցումը ևս խախտում է՝ տնտեսական մրցակցության տեսանկյունից: Նրանք, միաժամանակ գներն իջեցնելով, սահմանափակում կամ խոչընդոտում են նոր տնտեսվարողների ի հայտ գալուն: Եթե գները ցածր են, նոր տնտեսվարողներ չեն կարող մտնել այդ շուկան»,- պարզաբանեց նա:
Գների իջեցումը, տնտեսագետի խոսքով, կարող է լինել ստվերային պայմանավորվածությամբ շուկայում հակամրցակցային պայմաններ ստեղծելու համար, կարող է պայմանավորված լինել դրամի արժևորմամբ (այս տարի այն կազմել է 3 տոկոս), կարող է և պայմանավորված լինել նաև նոր տնտեսվարող սուբյեկտի ի հայտ գալով: «Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը պիտի արձագանքի ոչ միայն միասնական գների բարձրացմանը, այլև գների միասնական իջեցմանը: Սա առողջ երևույթ չէ: Սա դրական կողմից է ներկայացվում, բայց բիզնեսի կամ տնտեսվարողների տեսանկյունից չի կարող դրական լինել»,- նշեց նա:
Որպես օրինակ՝ Պարսյանը նշեց շաքարավազի գնանկումը. այն պահին, երբ հնարավորություն տրվեց շաքարավազ ներկրելու, «Ալեքս Գրիգը» գինն իջեցրեց, և արդյունքում՝ շուկայի մասնակիցների թիվը նվազեց: «Շաքարավազի դեպքում մեծ ծավալներ պիտի ապահովես, օրինակ՝ մի քանի հազար տոննա պիտի ներմուծես, որ կարողանաս իրացում ապահովել: Այստեղ ևս դեր ունի մեծածախ-մանրածախ շուկաների տարանջատումը»,- նշեց նա:
Սպառողի համար, ըստ Պարսյանի, թեպետ ժամանակավորապես հաճելի է գնանկում տեսնելը, սակայն միշտ չէ, որ շահավետ է: «2008թ. ձվի գնի կտրուկ իջեցում եղավ՝ հասավ մինչև 10-15 դրամի: Ի՞նչ տեղի ունեցավ: Ձու արտադրող փոքր և միջին ընկերությունները սնանկացան և շուկայից դուրս եկան, սպառողները ուրախացան՝ ինչ լավ է, էժան ձու ունենք երկու-երեք ամիս: Իսկ հիմա 70-80 դրամ է դարձել: Հիմա ո՞րն է լավ. 10-15 դրամ՝ երկու-երեք ամի՞ս, թե՞ ընդհանրապես՝ 50-60 դրամ»,- ասաց նա: