կարևոր
2473 դիտում, 3 օր առաջ - 2025-06-06 14:21
Հասարակություն

Գևորգ Պապոյանը Վրաստանի գործընկերոջ հետ նույն սենյակում չի մնա. ինչ է տեղի ունեցել

Գևորգ Պապոյանը Վրաստանի գործընկերոջ հետ նույն սենյակում չի մնա. ինչ է տեղի ունեցել

Վրաստանի գյուղատնտեսության նախարարն այսօր պետք է Հայաստանում լիներ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հետ կոնյակով բեռնված բեռնատարների հարցը քննարկելու համար: Այցը, սակայն, տեղի չի ունեցել, նախարարությունից տեղեկացնում են՝ վրացական կողմից երեկ անձամբ Պապոյանի հետ են կապվել, ներողություն են խնդրել ու ասել՝ ծանրաբեռնված են, փոխանցում է Ազատությունը:

Նախօրեին էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն աշխատանքային օրվա վերջում՝ Աժ-ում հայտարարեց, որ 50 օր վրացական մաքսակետում մնացած հայկական կոնյակ տեղափոխող 52 մեքենա վրացական սահմանը հատելու ու Ռուսաստան մտնելու թույլտվություն է ստացել, բայց դեռ 72 բեռնատար շարունակում է մնալ Վրաստանում:

Հիշեցնենք՝ ավելի քան մեկ ամիս է՝ Վրաստանի տարածքով երրորդ երկրներ տարանցիկ ապրանքներ տեղափոխող հայաստանյան տրանսպորտային միջոցները կանգնեցվում են` Առևտրի համաշխարհային կազմակերպության և տարանցիկ փոխադրումների միջազգային կանոնակարգերի ակնհայտ խախտմամբ՝ վերահասցեագրվելով դեպի Գեզի տերմինալ։ Այստեղ կոտրվում են մաքսային կնիքները՝ առանց որևէ հիմնավորման, վերցվում են նմուշներ՝ առանց համապատասխան փաստաթղթերի, իսկ դրանց լաբորատոր պատասխանների օրերով ուշացումների վերաբերյալ չի տրամադրվում որևէ բացատրություն։

Նշենք՝ Գևորգ Պապոյանը հայտնել էր, որ հունիսի 6-ին Վրաստանի գյուղատնտեսության նախարարը պետք է Հայաստան գար՝ խնդրի լուծման նախնական փաթեթով և ինքը հույս ունի, որ լուծում կգտնեն։ Նույնիսկ հայտնել է, որ հակված է այդ օրը տարբեր ֆորմատներով հանդիպումներ կազմակերպել և  սենյակից դուրս չգալ, մինչև խնդիրը չլուծվի։ Բացի այդ Պապոյանը նշել էր, որ ՀՀ կառավարությունը հիմա աջակցության ծրագրեր է մշակում կոնյակագործների համար, որոնք պետք է սեպտեմբեր–հոկտեմբերին ապահովեն խաղողի անխափան մթերումները:

Ավելի վաղ Yerkir.am-ի խմբագիր Վահե Սարգսյանը փաստել էր, որ խնդիրը քաղաքական է և կապված է այն խնդրի հետ, որ Վրաստանը դեմ է դուրս գալիս Արևմուտքի քայքայիչ ծրագրերին, փակում է Վրաստանի պետությանը, պետականությանը, ազգային ավանդույթների ու ինքնության համար սպառնալիք հանդիսացող, կասկածելի գումարներով գործող ՀԿ սեկտորը։ Դիտարկամանն առավել մանրամասն կարող եք ծանոթանալ՝ այստեղ։