Փոխարժեքներ
23 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Ռուսաստանը անկեղծորեն հաջողություն է մաղթում Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության պայմանագրի կնքման գործում և պատրաստ է շարունակել կողմերին տրամադրել ամեն հնարավոր օգնություն նման փաստաթղթի մշակման և ստորագրման գործում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, գրում է ТАСС-ը։
«Անհրաժեշտ է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրել, և մենք անկեղծորեն մաղթում ենք նրանց հաջողություններ այս գործում։ Ակնհայտ է, որ պայմանագիրը հնարավոր դարձավ Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի մի քանի եռակողմ գագաթնաժողովների շնորհիվ։ Մենք պատրաստ ենք շարունակել օգնություն ցուցաբերել, եթե երկու կողմերն էլ հետաքրքրված են դրանով», - նշել է նա։
Արտաքին գործերի նախարարության ղեկավարը ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը անփոխարինելի պայման է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության գործնական իրականացման համար, որն այժմ մշակվում է Հայաստանի կողմից՝ «իր տարածքը և լոգիստիկ հնարավորությունները մեծ մայրցամաքային գործընթացներում ինտեգրելու» նպատակով։ Այս առումով նախարարը կողմ է արտահայտվել «բոլոր ենթակառուցվածքային նախագծերի մշակմանը, որպեսզի, ինչպես ասում են չինացի ընկերները, ծաղկեն հազարավոր և միլիոնավոր ծաղիկներ», սակայն այս ծրագրերը իրականացնելու համար, ըստ նրա, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրից բացի, «իհարկե, անհրաժեշտ է նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորում»։
«Հակամարտությունների հաղթահարումը և այդ հակամարտությունների հետևանքով սահմանված տրանսպորտային ու տնտեսական կապերի վրա դրված արգելքների վերացումը զգալիորեն կբարձրացնի մայրցամաքի այս հատվածի և մեր ամբողջ մայրցամաքի մրցունակությունը», - ընդգծել է Լավրովը։