կարևոր
3646 դիտում, 9 ամիս առաջ - 2023-12-30 13:01
Քաղաքական

ՌԴ ԱԳՆ-ն պատասխանել է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման վերաբերյալ հարցին

ՌԴ ԱԳՆ-ն պատասխանել է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման վերաբերյալ հարցին

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման ժամկետի և վայրի որոշումը հենց այդ պետությունների իրավասությունն է։ Այս մասին РИА Новости-ին ասել է Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

Պատասխանելով այն հարցին, թե երբ կարող է խաղաղության պայմանագիր կնքվել Բաքվի և Երևանի միջև և արդյոք դա կարող է տեղի ունենալ Մոսկվայում, նա նշել է․

«Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև երկար սպասված խաղաղության պայմանագրի ստորագրման ամսաթիվը և վայրը որոշելը հենց այդ պետությունների իրավասությունն է»։

«Ոչ ոք իրավունք չունի նրանց փոխարեն որոշել, թե դա երբ տեղի կունենա»,- նշել է Գալուզինը` հավելելով, որ ժամկետների մասին հարցը պետք է ուղղել Բաքվի և Երևանի գործընկերներին:

Միևնույն ժամանակ, ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալը հիշեցրել է, որ «իհարկե, մենք չենք կարող անտարբեր նայել, թե ինչ է կատարվում Հարավային Կովկասում»։

«Պատմականորեն Ռուսաստանը կովկասյան պետություններից մեկն է և, առավել ևս, տարածաշրջանում և աշխարհում միակ երկիրն է, որը դաշնակցային հարաբերություններ է պահպանում և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ»,- նշել է նա։

Դիվանագետի խոսքով՝ «մենք ելնում ենք նրանից, որ Հարավային Կովկասի ճակատագիրը պետք է որոշեն նրանք, ում համար այն ընդհանուր տուն է»։ «Դրսից ոչ ոք Անդրկովկասում կայուն խաղաղության և կայունության ուղի չի բացելու»,- հավելել է Գալուզինը` նշելով, որ «հրաշալի» արևմտյան օգնության վրա հույս դնելը պատրանքային և վտանգավոր է»: