Փոխարժեքներ
23 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
«Մանթաշյանց» գործարարների ակումբի նախագահ Վահրամ Միրաքյանը գրում է․
«Ծառայու՞մ ենք բոլորս միասին, թե՞ ոչ՝ դա տնտեսական հարց չէ, ինչպես փորձում են ներկայացնել (իբր ուղղակի ֆորմալացնում ենք մարդկանց չծառայելու դիմաց վճարած գումարները, որ գոնե բյուջեն լցվի), դա քաղաքական հարց էլ չէ։ Ծառայու՞մ ենք բոլորս, թե ոչ՝ այդ հարցը գաղափարական է, և այն վերաբերում է նրան, թե ուզում ենք պետություն ունենալ, թե ոչ։
Ծառայում ենք բոլորս, թե ոչ հարցը գաղափարական է, քանի որ դրա պատասխանի արդյունքում մենք կհասկանանք՝ պատրա՞ստ ենք բոլորս ներդրում անել պետություն ունենալու հարցում, պատրա՞ստ ենք գին վճարել պետություն ունենալու համար։
Հա, գիտեմ՝ շատերը պատրաստ չեն, դրա համար էլ շատերը չեն ծառայել ու չեն ծառայելու։ Բայց պետությունը պետք է պայքարի այդ վարքի դեմ, ոչ թե ֆորմալացնի, ընդունի, հաշտվի։ Մյուս կողմից էլ՝ պետությունը ինչպես պետք է պայքարի չծառայելու դեմ, երբ քաղաքական գործիչների 70%-ը չեն ծառայել, չգիտեն՝ բանակն ինչ է, թե ընդդիմության, թե իշխանության կողմում։
Ես վախենում եմ այն քաղաքական գաղափարախոսությունից, որտեղ չծառայելու դեմ պայքարում են՝ չծառայելը օրինականացնելով։ Նույն տրամաբանությամբ՝ չենք կարող թմրանյութերի դեմ պայքարել՝ մեկա սև շրջանառություն կա, եկեք օրինականացնենք։ Չենք կարող պոռնկության դեմ պայքարել՝ եկեք օրինականացնենք, հարկեր կմուծեն գոնե։ Չենք կարող մարդասպանությունների դեմ պայքարել՝ եկեք գումար սահմանենք մարդասպանության դիմաց և այլն։
Խնդիրը չի լուծվում՝ աչքերը փակելով։ Ինչքան էլ պինդ փակենք մեր աչքերը, իրականությունից չենք փախչելու, ուղղակի իրականության հարվածին ենք անպատրաստ լինելու։
Ծառայելու՞ ենք բոլորս բանակում, թե՞ ոչ՝ այդ հարցը գաղափարական է, և այն վերաբերում է նրան, թե արդյոք պատկերացնում ենք, թե ինչ է նշանակում պետություն ունենալ մեր տարածաշրջանում, թե ոչ։ Ուզու՞մ ենք պետություն ունենալ, թե՞ ոչ։
Եթե բանակում չեն ծառայում, ուրեմն պետք է փոխել բանակն ու մարդկանց, ոչ թե գնալ հեշտ ճանապարհով»։
Հիշեցնենք՝ մայիսի 22-ին կառավարության նիստում քննարկվել է Ազգային Ժողովի ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի նախագիծը, որով առաջարկվում է սահմանել 24 ամսից պակաս ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու հնարավորություն։ Մեկ ամիս ժամկետով ծառայության անցնելու դեպքում պետք է պետբյուջե վճարել 20 միլիոն դրամ, վեց ամսվա դեպքում՝ 5 միլիոն դրամ։ Նախագիծը ներկայացնող պաշտպանության նախարարը ներկայացրել է նախարարության առաջարկը, կրճատ ժամկետով ծառայությունները սահմանել մեկ ամսվա դեպքում 24 միլիոն դրամ և չորս ամսվա դեպքում 18 միլիոն դրամ, իսկ պարտադիր զինվորական ծառայության անցնելու առավելագույն սահմանային տարիքը նախատեսել 32 տարեկանը։