կարևոր
961 դիտում, 3 ժամ առաջ - 2025-04-28 20:50
Աշխարհ Քաղաքական

Քաշմիրում սրված իրավիճակը խաթարում է տարածաշրջանի տարանցիկ գրավչությունը և թուլացնում Հնդկաստանի դիրքերը եվրասիական լոգիստիկ ցանցերում․ փորձագետ

Քաշմիրում սրված իրավիճակը խաթարում է տարածաշրջանի տարանցիկ գրավչությունը և թուլացնում Հնդկաստանի դիրքերը եվրասիական լոգիստիկ ցանցերում․ փորձագետ

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը գրել է․

«2025 թ. ապրիլի 22-ին, «Քաշմիրյան դիմադրության» զինյալների կողմից 26 հնդիկ զբոսաշրջիկների սպանությունից հետո, Հնդկաստանի և Պակիստանի միջև լարվածությունը կտրուկ աճել է։

Ահա մի քանի նախնական թեզեր.

1. Հատկապես վտանգավոր է միջուկային գործոնը. երկու պետություններն էլ առաջնորդվում են միջուկային զենքի սահմանափակ օգտագործման դոկտրիններով։

Հնդկաստանը աստիճանաբար հեռանում է «առաջին հարված չհասցնելու» քաղաքականությունից, ինչը նվազեցնում է ռազմավարական կանխատեսելիությունը։

2. Արյունալի ահաբեկչության ֆոնին Նյու Դելիի կողմից հայտարարվել է Ինդոս գետի ջրային ռեսուրսների համատեղ օգտագործումը կարգավորող համաձայնագրի գործողության դադարեցումը։ 1960 թ. ի վեր այս համաձայնագիրը համարվում էր միջազգային ռեսուրսների կառավարման օրինակելի մոդել։ Այն խզելու որոշումը առաջին անգամ է արձանագրվում պատմության մեջ։ Պակիստանի համար հետևանքները կարող են աղետալի լինել․ երկրի գյուղատնտեսության մոտ 80% -ը կախված է Ինդոս գետի ավազանից, ինչը լրջորեն վտանգում է պարենային անվտանգությունը և մեծացնում մարդասիրական ճգնաժամի ռիսկերը։

3. Միևնույն ժամանակ, Թուրքիան ակտիվորեն ամրապնդում է Պակիստանի հետ ռազմաքաղաքական համագործակցությունը իր եվրասիական ռազմավարության շրջանակներում։ Անկարան ակտիվացնում է ռազմական և դիվանագիտական աջակցությունը՝ ամրապնդելով Իսլամաբադի դիրքերը միջազգային ասպարեզում։

Չինաստանը՝ Պակիստանի ավանդական դաշնակիցը, լարվածության սրման պայմաններում կարող է ուժեղացնել ճնշումը Հնդկաստանի վրա Լադախի ուղղությամբ, ինչը լրացուցիչ ապակայունացնող ազդեցություն կունենա տարածաշրջանի վրա։

4. Անկայությունը սպառնում է նաև «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային նախագծին։

Քաշմիրում սրված իրավիճակը, Ինդոսի ջրային ճգնաժամը, ինչպես նաև Թուրքիայի և Չինաստանի ակտիվությունը Պակիստանի շուրջ, խաթարում են տարածաշրջանի տարանցիկ գրավչությունը և թուլացնում Հնդկաստանի դիրքերը եվրասիական լոգիստիկ ցանցերում։ Իր հերթին, Բանդար-Աբբաս նավահանգստում տեղի ունեցած պայթյունը, որը «Հյուսիս-Հարավ» նախագծի կարևոր հանգույցներից է, էլ ավելի խորացնում է իրավիճակը»։