կարևոր
3556 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-08 16:27
Քաղաքական

Կլինեն տեղայնացված, պրոքսի և հիբրիդային պատերազմներ

Կլինեն տեղայնացված, պրոքսի և հիբրիդային պատերազմներ

2022թ.-ի աշխարհաքաղաքական զարգացումների շուրջ Radar Armenia-ն զրուցել է Լիբանանի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր, միջազգայնագետ Շահան Գանտահարյանի հետ։

-Հաշվի առնելով աշխարհաքաղաքական ներկայիս մարտահրավերները՝ ինչպիսի՞ տարի էր 2022-ը։

-2022-ը աշխարհում հատկանշվեց Ուկրաինայի պատերազմով։ Սա ՌԴ-Ուկրաինա պատերազմ էր՝ տեսքով, ըստ էության, սակայն, Արևմուտք-ՌԴ պրոքսի պատերազմ՝ ուկրաինական տարածքների վրա։ Այս պատերազմից բխած ծանրագույն հետևանքներն ազդեցին ամբողջ աշխարհի վրա, քանի որ սա աշխարհամարտի 21-րդ դարի տարբերակ է, որտեղ միջազգային հանրությունը պատերազմում է ՌԴ-ի դեմ։ Աշխարհը բաժանված էր ՌԴ-ի դեմ տնտեսական պատժամիջոցների կողմնակիցների և չմիացողների միջև։ Իհարկե, կան ածանցյալ խնդիրներ, բայց ամենահատկանշականը պատերազմն է։

-Միջազգային հարաբերությունների տեսանկյունից ի՞նչ ակնկալիքներ ունեք 2023-ից։ Աշխարհը խաղաղությա՞ն, թե՞ հակամարտությունների խորացման ճանապարհով կընթանա։

-Կլինեն տեղայնացված, պրոքսի և հիբրիդային պատերազմներ․ սա նոր աշխարհամարտի ձևաչափն է, որն արդեն ընթացքի մեջ է։ Հիբրիդայինի դեպքերում մեծ բաժին կտրամադրվի տնտեսականին՝ մրցակցությունների և պատժամիջոցների սուր բնույթներով։ Աշխարհը կգնա որոշ պետությունների մեկուսացումների, այլոց ապամեկուսացումների, շրջափակումների և ապաշրջափակումների ընթացքներով։ Չի կարելի միանշանակ խաղաղության կամ պատերազմի մասին կանխատեսել․ կլինեն համախառն իրավիճակներ, բևեռների բախման կետեր, որոշ կանգառներ՝ շահերի համատեղման երևույթներ։

-2023-ին նոր աշխարհակարգ կսահմանվի՞, թե՞ եղածը կվերափոխվի ու կնորոգվի։

-Բազմաբևեռայնությունը վերափոխվում է գերբևեռայնության, ինչը տարբեր է միաբևեռությունից։ Կան տարբեր բևեռներ, և կա գերբևեռ, որը աշխարհագրական տարբեր միջավայրերում ազդեցիկ գործոն է և կիրառում է պրոքսի պատերազմներով վերահսկելի քաոսներ ստեղծելու վարքագիծը։ Հավաքական Արևմուտքը ևս օգտագործվող տերմինաբանություն է, որը կառավարվում է գերբևեռի կողմից։ Չինական բևեռը մինչ այժմ տնտեսական է և չի ուզում աշխույժ ներգրավվել ռազմաքաղաքական գործընթացներին։ Իրավիճակը կփոխվի, երբ տնտեսական այս բևեռը կորոշի մուտք գործել ռազմաքաղաքական աշխարհաքաղաքականության հարթություն, և դա էապես կազդի աշխարհակարգի վերաձևավորմանը։

-Հնարավորություններ տեսնու՞մ եք, որ 2023-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կկնքվի, և այս իմաստով հարավային կովկասում իրադարձությունները մտահոգիչ զարգացում կստանա՞ն, թե՞ ընդհակառակը։

-Խնդիրը զուտ կախյալ չէ հակամարտության կողմերից։ Տարածաշրջանը, առավել ևս՝ Հարավային Կովկասը, Սյունիքը հայտնվել են աշխարհաքաղաքականության օրակարգի կիզակետերից մեկում։ Սյունիքի օրինակը կարող է պարզաբանել իրավիճակը։ Թուրք-ադրբեջանական դաշինքը փայփայում է «զանգեզուրյան միջանցքի» գաղափարը և շտապում այն բացել։ Իրանը կտրուկ դեմ է և վճռականություն է հայտնում հայաստանյան իր սահմանի կարգավիճակի պահպանման առումով։ Վաշինգտոնը ռուսական էներգիայի շրջափակման քաղաքականություն է վարում և այլընտրանքներ որոնում։ Վիեննայի բանակցությունները դրական ազդակներ են հաղորդում, և փոխվում է ԱՄՆ-Իրան հարաբերությունների լարվածության չափը։ Իրանի ապաշրջափակումը անցնում է Սյունիքով։ Այս բոլոր հանգամանքները մտածել են տալիս, որ խաղաղության օրակարգի իրացումը բարդանում է։ Դեռևս չկա աշխարհաքաղաքական կոնսենսուս։