կարևոր
2434 դիտում, 1 շաբաթ առաջ - 2025-04-09 14:31
Իրավական

Շենգավիթի դատարանում մահ է գրանցվել․ փաստաբանը մանրամասներ է ներկայացնում

Երեկ Yerkir.am-ն անդրադարձել էր դատական գործընթացով անցնող Նարեկ Սարգսյանի փաստաբան Ժաննա Ծառուկյանի գրառմանը, որտեղ փաստաբանը ներկայացնում էր, թե ինչպես է դատական նիստի ժամանակ, անհայտ ինքնությամբ մի քաղաքացի  հայտարարել, որ սպանությունն ինքն է կատարել և դրանից հետո դիմել է փախուստի։ Ըստ փաստաբանի՝ կարգադրիչները որևէ քայլ չեն ձեռնարկել քաղաքացուն կանգնեցնելու համար։

Իսկ ավելի ուշ ֆեյսբուքյան էջում հրապարակած տեսանյութում Ժաննա Ծառուկյանը հայտնում է,  որ Շենգավիթի դատարանում կարգադրիչի մահ է գրանցվել՝ մանրամասնելով․
 

«Այսօր տեղի է ունեցել Նարեկ Սարգսյանի գործով դատական նիստը, որի ընթացքում մի քաղաքացի  հայտարարեց, որ սպանությունը կատարել է ինքը․  արդեն երեք տարի շարունակ մենք պնդում ենք, որ Նարեկ Սարգսյանն անմեղ է, չգիտեմ որքանո՞վ է այդ անհայտ քաղաքացու  հայտարարությունն արժանահավատ, բայց բնականաբար պետք է ստուգվի,  միայն  նրա համար, որ երեք տարի շարունակ պաշտպանական կողմը պարբերաբար պնդում էր, որ Նարեկ Սարգսյանի վերաբերյալ նյութերը նրա անմեղությունը հիմնավորելու մասին են․․․  Հարգելիներս, այս պահին մենք գտնվում ենք ՆԳՆ Երևան քաղաքի վարչությունում, ներկայացրել ենք հաղորդում»,-ասում է Ժաննա Ծառուկյանը։
 

Այսօր առավոտյան փաստաբան Ժաննա Ծառուկյանը  գրառում էր արել՝ նշելով․ «Երեկվանից բոլոր օպերատիվ աշխատակիցները պնդում են, հարցնում են, որ Նարեկ Սարգսյանն արդյո՞ք ունի ցուցմունք որտեղ իբրև իր մեղքն է խոստովանել։

 Հերքում

Նարեկ Սարգսյանը չունի տրված ցուցմունքներ

Այսպիսի լուրերով են ձևավորել հանրային կարծիք նրա իբրև 《մեղավորության》 մասին հատկապես իրավաբանական տիրույթում»,-գրել է Ժաննա Ծառուկյանը։
 

Հիշեցնենք, որ տուժողի՝ 35-ամյա Տաթևիկ Աբրահամյանի դին հայտնաբերվել է 2022թ. մայիսի 5-ին՝ Երևանի բնակարաններից մեկում՝ պարանոցի և դեմքի շրջանում բռնության հետքերով։ Վերջինս ոստիկանության Կոտայքի մարզային վարչության նախկին պետ, ոստիկանության գնդապետ Ավետիք Աբրահամյանի դուստրն էր, աշխատում էր ԵՊՀ-ում՝ որպես դասախոս։ Քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել, ապա՝ կալանավորվել է Տաթևիկի ամուսինը՝ Նարեկ Սարգսյանը։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի առաջին մասով՝ սպանության հատկանիշներով։ Նարեկ Սարգսյանը Մրգավետ համայնքի նախկին ղեկավարի որդին է, որն ըստ մեղադրանքի՝ խեղդամահ է արել կնոջը։ Պաշտպանական կողմը շարունակում է պնդել, որ Նարեկ Սարգսյանն առնչություն չունի դեպքին։