Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եթե պատկան մարմինները չթերանային և զոքանչին կացնահարելու, ինչպես նաև նախկին կնոջն ու աներոջը ծանր վնասվածքներ հասցրած Վլադիկ Մարտիրոսյանին ժամանակին ազատազրկման դատապարտեին, հնարավոր է` նման ողբերգություն տեղի չունենար: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց սպանված Կարինե Մանսուրյանի դստեր՝ ծանր վիրավորված Թագուհի Մանսուրյանի փաստաբան Մարինե Ֆարմանյանը:
Նա դեռևս նախորդ տարվանից իրականացնում էր Մանսուրյանի շահերի պաշտպանությունը թե\' քրեական և թե\' քաղաքացիական գործերով:
Նշենք, որ ընտանեկան ծեծկռտուքի դեպքի կապակցությամբ հարուցված քրեական գործը Շենգավիթի դատարանում քննվել է դեռևս նախորդ տարի: Համաձայն մեղադրական եզրակացության՝ Թագուհի Մանսուրյանը 2015թ. փետրվարի 07-ին` ժամը 16:00-ի սահմաններում, իր մոր` Կարինե Մանսուրյանի կողմից, իր ամուսնու` Վլադիկ Մարտիրոսյանի հասցեին վիրավորական արտահայտություններ անելու հարցի շուրջ վիճաբանության մեջ է մտել վերջինիս հետ, որի ընթացքում ծեծի են ենթարկել միմյանց, այն է` Թագուհի Մանսուրյանը խոհանոցային դանակով և ձեռքերով դիտավորությամբ հարվածել է Վ.Մարտիրոսյանին, վերջինիս առողջությանը` աջ նախաբազկի վերին երրորդականին հետին մակերեսի քերծվածքների, կրծքավանդակի ձախ կեսի հետին մակերեսի ծակած-կտրած վերքի, աջ նախաբազկի միջին երրորդականի հետին մակերեսի, աջ բազկի միջին երրորդականի առաջային մակերեսի ձախ սրունքի միջին երրորդականի առաջային մակերեսի արյունազեղումների ձևով պատճառել առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ, իսկ Վլադիկ Մարտիրոսյանը ձեռքերով դիտավորությամբ հարվածներ է հասցրել Թագուհի Մանսուրյանի մարմնի տարբեր մասերին և վերջինիս առողջությանը` ձախ ուսահոդի, զույգ բազուկների, ձախ նախաբազկի, ձախ դաստակի, կրծքավանդակի շրջանների արյունազեղումների, քթի, կրծքավանդակի շրջանների քերծվածքների ձևով պատճառել թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:
Վլադիկ Մարտիրոսյանին էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015թ. փետրվարի 07-ից մինչև 2015թ. ապրիլի 20-ն ընկած ժամանակահատվածում պարբերաբար ծեծի է ենթարկել իր կնոջը` Թագուհի Մանսուրյանին, նրան դիտավորությամբ ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք է պատճառել:
Այս տարվա հունվարի 27-ին, Շենգավիթի վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանը վճռով, Վլադիկ Մարտիրոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքում և դատապարտվել ազատազրկման 6 ամիս ժամկետով, սակայն նրա նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել:
Այս գործով երկու կողմերի պաշտպաններն էլ վճռի վերաբերյալ վերաքննիչ բողոք էին ներկայացրել, սակայն Վերաքննիչը մերժել էր բողոքներն ու անփոփոխ թողել առաջին ատյանի դատավճիռը:
Yerkir.am-ի հետ զրույցում այդ գործի քննության ընթացքում Վլադիկ Մարտիրոսյանի շահերը պաշտպանած Անի Գասպարյանը հայտնեց, որ գործի քննության ընթացքում իր պաշտպանյալն իրեն շատ նորմալ է պահել, նիստերին հանգիստ պահվածք է դրսևորել և իր մտքով երբևէ չի անցել, որ ընտանեկան վեճը կարող էր նման ողբերգության հանգեցնել:
Մանսուրյանների ընտանիքի և Մարտիրոսյանի ընտանեկան վեճի հնարավոր ողբերգական ավարտի մասին կասկած է ունեցել Թագուհի Մանսուրյանի պաշտպան Մարինե Ֆարմանյանը: Նա մեզ հետ զրույցում պատմեց, որ այս ընթացքում Վլադիկի դեմ ոստիկանությունում բազմաթիվ դիմում-բողոքներ են եղել նախկին կնոջ և զոքանչի կողմից: Ավելին` իր վստահորդը՝ Թագուհին, ամուսնու կողմից բազմիցս իրականացված բռնությունների մասին առաջինը հայտնել է հենց պաշտպանին: «Ես իմ ճառում էլ եմ ասել, որ նա պոտենցիալ հանցագործ է, թեև նրա դեմ որևէ անձնական խնդիր կամ թշնամանք չունեմ և չեմ էլ կարող ունենալ, պարզապես ինչ-որ ներքին զգացողություն կար, որ Վլադիկն իրենից լուրջ վտանգ է ներկայացնում»,- ասաց Ֆարմանյանը:
Պաշտպանն իր դժգոհությունը հայտնեց խնամակալության հանձնաժողովի աշխատանիքից, որը, նրա խոսքով, մատների արանքով քննել ու որոշում էր կայացրել երեխայի տեսակցության 5 օր տրամադրել երեխայի հորը՝ Վլադիկին: «Ես ասում էի` սահմանափակեք տեսակցությունները, այսինքն` սկզբում քիչ տվեք, հետո, երբ տեսնեք` իրեն նորմալ է դրսևորում, կշատացնեք, սակայն նրանք 5 օր տվեցին, մինչդեռ նախկին ամուսինները միմյանց հետ նույն հարթակում անգամ 5 րոպե չէին կարողանում շփվել: Ես ասում էի՝ եթե այսպես շարունակվի մենք ողբերգության ենք ականատես լինելու»,- ասաց նա:
Ֆարմանյանը հայտնեց, որ խնամակալության հանձնաժողովի հերթական նիստ գումարելուց և որոշումն անփոփոխ մնալուց հետո դիմել էր դատարան, որն էլ կրճատել էր տեսակցության ժամանակահատվածը, սակայն, ըստ նրա, Վլադիկը չի ենթարկվել դատական որոշմանն ու գնացել է Մանսուրյանների տուն, երբ ցանկացել է:
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` հուլիսի 8-ին Կարինե Մանսուրյանի սպանության, նրա ամուսնուն ու դստերը ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ:
Նախնական քննության տվյալներով` 2016թ. հուլիսի 08-ին՝ ժամը 04-ի սահմաններում, Երևան քաղաքի Սողոմոն Տարոնցի նրբանցքի 7-րդ շենքի աստիճանահարթակում 1985 թ. ծնված Վ.Մարտիրոսյանը վիճաբանել է Երևան քաղաքի բնակիչներ, նախկին կնոջ` Թագուհի Մանսուրյանի և վերջինիս ծնողներ Վաչագան և Կարինե Մանսուրյանների հետ, որի ընթացքում կացնով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրանց մարմնի տարբեր մասերին: Ստացած մարմնական վնասվածքներից 1952 թ. ծնված Կարինե Մանսուրյանը մահացել է, Թագուհի և Վաչագան Մանսուրյանները՝ տարբեր վնասվածքներով տեղափոխվել բժշկական կենտրոն:
Yerkir.am-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնից տեղեկացրեցին, որ վիրավորների վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և վերցվել են արյունանման հետքեր, արյունանման հետքերով կացին, գարեջրի դատարկ շիշ և այլ առարկաներ: Նշված հանցագործությունը կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա Վ.Մարտիրոսյանը ձերբակալվել է: