կարևոր
2275 դիտում, 1 շաբաթ առաջ - 2025-04-08 18:40
Իրավական

Քաղաքացին դատարանում անսպասելի հայտարարել է, որ սպանությունը կատարել է ինքն ու դիմել փախուստի․ Նարեկ Սարգսյանի փաստաբան

«Այս պահին գտնվում եմ Շենգավիթի դատարանում, որտեղ պետք է տեղի ունենար Նարեկ Սարգսյանի գործով հերթական դատական նիստը,  իհարկե այն տեղի է ունեցել, բայց մի փոքր շոկային վիճակում ենք, ուզում ենք հասկանանք՝ ինչ կատարվեց դատական նիստի ժամանակ»,-այս մասին իր ֆեյսբուքյան տեսաուղերձում  ասում է փաստաբան Ժաննա Ծառուկյանը՝ ներկայացնելով իր պաշտպանյալի՝ Նարեկ Սարգսյանին վերագրվող մեղադրանքն ու դատական գործի մանրամասները։ 

«Նարեկ Սարգսյանը Մրգավետ համայնքի նախկին ղեկավար Գագիկ Սարգսյանի որդին է, վերջինիս մեղադրում են իր կնոջն իբրև սպանելու մեջ, բայց չկա գեթ մեկ ապացույց, երեք տարի շարունակ պաշտպանական կողմը հիմնավորում է և ապացուցում է, որ այս ապօրինությունը պետք է դադարի։ Այսօր ապացույցների լրացման ծավալը վերջացնելուն պես, ապացույցների հետազոտման փուլում, ճիշտն ասած, չգիտեմ ով, ոտքի կանգնեց, և մի ակնթարթում հայտարարեց, որ սպանությունը կատարել է ինքը։ Կարգադրիչները որևէ գործողություն չձեռնարկեցին՝ կանգնեցնելու նրան, հիմա նրան ենք ման գալիս»,-ասում է փաստաբանը։

Հիշեցնենք, որ տուժողի՝ 35-ամյա Տաթևիկ Աբրահամյանի դին հայտնաբերվել է 2022թ. մայիսի 5-ին՝ Երևանի բնակարաններից մեկում՝ պարանոցի և դեմքի շրջանում բռնության հետքերով։ Վերջինս ոստիկանության Կոտայքի մարզային վարչության նախկին պետ, ոստիկանության գնդապետ Ավետիք Աբրահամյանի դուստրն էր, աշխատում էր ԵՊՀ-ում՝ որպես դասախոս։ Քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել, ապա՝ կալանավորվել է Տաթևիկի ամուսինը՝ Նարեկ Սարգսյանը։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի առաջին մասով՝ սպանության հատկանիշներով։ Նարեկ Սարգսյանը Մրգավետ համայնքի նախկին ղեկավարի որդին է, որն ըստ մեղադրանքի՝ խեղդամահ է արել կնոջը։

Պաշտպանական կողմը շարունակում է պնդել, որ Նարեկ Սարգսյանն առնչություն չունի դեպքին։