կարևոր
10930 դիտում, 1 օր առաջ - 2025-03-31 13:33
Քաղաքական

Ի՞նչ կորոշի Մարտուն Գրիգորյանը, ո՞վ կարող է ազդել նրա որոշման վրա

Ի՞նչ կորոշի Մարտուն Գրիգորյանը, ո՞վ կարող է ազդել նրա որոշման վրա

«Հրապարակ»-ը գրում է․ Մի ողջ երկիր՝ անհամբերությամբ սպասում է մեկ մարդու որոշման եւ այդ մեկ մարդը Մարտուն Գրիգորյանն է՝ Գյումրիի ընտրողների 15 տոկոսից ավելիի ձայները ստացած ընտրացուցակի առաջնորդը։ 

Հիշեցնենք, որ Մարտուն Գրիգորյանն առաջադրվել է «Մեր քաղաքը» դաշինքով, որը ձեւավորվել է երկու կուսակցության՝ Արթուր Վանեցյանի «Հայրենիք» եւ Երվանդ Թարվերդյանի «Միացյալ Հայաստան» կուսակցությունների դաշինքից։ Նրա ղեկավարած դաշինքը ստանում է 6 մանդատ։ Եւ քանի որ ՔՊ-ն ընդամենը 36 տոկոս ձայն է ստացել եւ ինքնուրույն չի կարող իշխանություն ձեւավորել, իսկ ընդդիմադիր ուժերը՝ միավորվելու դեպքում կարող են Գյումրիում իշխանություն վերցնել, ուստի, կարելի է ասել, ամեն ինչ կախված է մեկ մարդուց՝ Մարտուն Գրիգորյանից, որն ընդհատակ է անցել։ Մենք արդեն գրել ենք, որ մեր լրագրողը նրա շտաբում է, իսկ ինքը չկա եւ հայտնի չէ, թե որտեղ է։

Գյումրիի մեր աղբյուրներն ասում են, որ շատ բարդ է լինելու Վարդան Ղուկասյան-Մարտուն Գրիգորյան միավորումը եւ դա ի սկզբանե էր հայտնի, որովհետեւ նրանց միջեւ «արյան վրեժ» կա։ Երկար տարիների թշնամանքն այնքան է խորացել, որ քաղաքական դաշտում չեն այս երկու անձանց միջեւ հակասությունները, այլ միջանձնային են՝ միջկլանային։ Ընդ որում, եթե Վարդան Ղուկասյանն ավելի շատ է հակված համագործակցության, Մարտուն Գրիգորյանի վիճակն ավելի բարդ է։

Բանն այն է, որ նրա մեծ ազգուտակը, որը մեծ աշխատանք է կատարել նախընտրական փուլում եւ մեծապես նրանց շնորհիվ է նաեւ Մարտուն Գրիգորյանը 6 մանդատ ստանձնել, շատ կտրուկ է տրամադրված։ 

Ինքը՝ Մարտուն Գրիգորյանը գուցե եւ գնար քաղաքական կոմպրոմիսի՝ հանուն Գյումրիում իշխանափոխության եւ ՔՊ-ի պարտության, սակայն ազգուտակը կատեգորիկ է դրել հարցը՝ կամ մենք, կամ՝ Վարդանի հետ համագործակցությունը։ Եւ հիմա խնդիրը ոչ այնքան Մարտուն Գրիգորյանին, որքան նրա ազգուտակին՝ հորը, բարեկամներին, մերձավոր շրջապատին համոզելու մեջ է։

Մեր տեղեկություններով, այս անհաղթահարելի խոչընդոտը հեռացնելու ուղղությամբ մեծ աշխատանք է տանում Արթուր Վանեցյանը, տարբեր անհատներ եւս, բայց խնդիրը բարդ է։ Մանավանդ՝ իշխանությունն էլ ձեռքերը ծալած չի նստել՝ կրակի վրա յուղ է լցնում եւ հրահրում երկու ընդդիմադիրների կոնֆլիկտը։