Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, որ ընդունել է ՀՀԿ-ի առաջարկը եւ անկուսակցական լինելով կառաջադրվի ՀՀԿ ռեյտինգային ցուցակով թիվ 11 ընտրատարածքից: Մարտուն Գրիգորյանի հայտարարությունում, մասնավորապես, ասված է.
Հարգելի շիրակցիներ, գյումրեցիներ, ինչպես գիտեք, միշտ աշխատել եմ բաց, թափանցիկ, հրապարակային, և ապագա խորհրդարանական ընտրությունների հետ կապված իմ և թիմակիցներիս որոշումը, որին երկար եք սպասել, եղել և մնում է ինտրիգային: Մենք կայացրել ենք մեր որոշումը, իսկ մինչ այդ անցել քննարկումների լուրջ, ծանրակշիռ ու երկարատև փուլ: Հայաստանյան քաղաքական դաշտի վերջին շրջանի ամենաանսպասելի զարգացումներից մեկն ինձ համար Գագիկ Ծառուկյանի վերադարձն էր, որն իմ ու թիմակիցներիս համար իրավիճակը նորովի վերլուծելու և գնահատելու լուրջ առիթ էր:
Իմ ու Գագիկ Ծառուկյանի համագործակցության մասին.
2009թ-ից մինչև 2015-ի փետրվարյան հայտնի դեպքերն իրականացրել ենք բազմաթիվ համատեղ ծրագրեր, որոնք, լինելով ժողովրդանպաստ և կառուցողական, միայն ժողովրդի գովասանքին ու երախտագիտությանն են արժանացել:
Մենք փոխլրացրել եք միմյանց աշխատանքն ու հատուցվել ժողովրդի կողմից: Բավական է հիշել 2012թ. խորհրդարանական ընտրությունների արդյունքները. իմ՝ թիվ 034 ընտրատարածքում 8662 ձայն տրվել է ՀՀԿ-ի, 14817ձայն՝ ԲՀԿ-ի օգտին: Վեցամյա համատեղ աշխատանքից չեմ հիշում միմյանց չհասկանալու, առավել ևս, նեղանալու որևէ առիթ: Անկախ քաղաքական ճնշումներից, իմ ու թիմիս նկատմամբ նյութած դավերից ու խարդավանքներից կես քայլ չեմ հեռացել Ծառուկյանից ու նրա թիմից:
Ծառուկյանի նկատմամբ ցուցաբերել եմ առավելագույն հարգանք, անգամ 2015թ-ի փետրվարյան հայտնի դեպքերից հետո մինչև Ծառուկյանի հետ չզրուցեցի ու չքննարկեցի, որոշում չկայացրեցի, ԲՀԿ-ից դուրս եկա Ծառուկյանից հետո:
Գագիկ Ծառուկյանի վերադարձից շատ ավելի անսպասելի էր նրա որոշումը կապված առաջիկա ընտրությունների հետ. ԲՀԿ մարզի ռեյտինգային ցուցակում ընդգրկել ոչ ավելի, ոչ պակաս Գյումրու նախկին քաղաքապետին:
Այժմ իմ անելիքների մասին.
Հասկանալի է, որ մենք չենք կարող անցնել ճանապարհ մի թիմի հետ, որի մաս կազմելով 2009-2012թթ իմ պարտքն եմ համարել պայքարել Գյումրիում ամենաթողության, կեղծ բարեպաշտության, կամայականությունների, «եթե իմ ձեռքի տակ չես, իմ դեմ ես» կործանարար սկզբունքի, թայֆաբազության, անկառավարելի ամբոխի, մեկ դերասանի թատրոնի և այլ անհանդուրժելի երևույթների դեմ: Իմ նախկին կուսակցական թիմը ոգևորված էր և ողջունում էր իմ վճռականությունը, համարձակությունը, մինչև վերջ գնալու պատրաստակամությունը: 2012թ ԲՀԿ թիմը տոնեց այդքան երկար սպասված ու շատ թիմակիցների կարծիքով անիրականանալի հաղթանակը և գյումրեցիներին պարգևեց հոգեբանորեն մաքրված քաղաք: Հինգ տարիների հաշտ ու համերաշխ հարաբերությունները, խաղաղ մթնոլորտը չտուժեցին քաղաքական ու կուսակցական թեթև ինտրիգներից, քաղաքական պայքարը մնաց հիմնականում կոռեկտության և փոխադարձ հարգանքի սահմաններում, իշխանությունում մնացած մարդկանցից որևէ մեկն արյուն չհեղեց: Ու հիմա «Ծառուկյան» դաշինքը, նման առաջադրում անելով, ցույց է տալիս մեզ և գյումրեցիներին, որ այս պայքարն անտեղի, անարժեք մի բան է եղել, որ հանուն քաղաքական մանր շահերի կարելի է գնալ գյումրեցիներիս համար անհասկանալի քայլերի:
Պարզից էլ պարզ է, որ չեմ կարող լինել մի թիմում, որտեղ կա Գյումրու նախկին քաղաքապետը: Ես դա չարեցի 2009թ-ին՝ իշխանական կոալիցիայի անդամ կուսակցություններից ընտրելով Բարգավաճը և ոչ Հանրապետականը, որի մարզային խորհրդի նախագահն էր նա:
Հարգելի գյումրեցիներ, շիրակցիներ, ես ընդունում եմ Հայաստանի Հանրապետական կուսակցության առաջարկը և ոչ կուսակցականի կարգավիճակով կընդգրկվեմ ՀՀԿ-ի Շիրակի մարզի ռեյտինգային ցուցակում: Սոցիալապես ամենածանր պայմաններում գտնվող Շիրակի մարզից պատգամավոր ընտրվելն ինքնանպատակ չէ: Իմ գործունեության տասնամյա փորձն ապացուցում է, որ քաղաքական ճանապարհ պետք է անցնել այնպիսի ուժի հետ, որի հնարավորություններն ու միջոցները կարողանաս ծառայեցնել մարզին ու քաղաքին: