Փոխարժեքներ
30 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.59 |
EUR | ⚊ | € 421.7 |
RUB | ⚊ | ₽ 4.6712 |
GBP | ⚊ | £ 506.56 |
GEL | ⚊ | ₾ 141.37 |
«Ինձ թվում է ամեն ինչ արդեն այլ տեղ որոշվել է, պարզ էր, որ այսպիսի բան է լինելու։ Առաջին դեպքը չէ, մենք այսպիսի դեպքեր ունենք Վարդենիսում, Վանաձորում, բայց նախկինում ընտրություններից առաջ էր լինում, հիմա մարտավարություն է փոխվել։ Պարզ է, որ խիստ ցայտնոտի մեջ են, ուզում են իրենց վախերը փարատել»։ Այս մասին այսօր՝ մարտի 27-ին, Հակակոռուպցիոն կոմիտեի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Սերգեյ Հարությունյանը՝ անդրադառնալով Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի հոր և որդու ձերբակալմանը։
«Կորոշվի 24 ժամվա ընթացքում, կարծում եմ՝ կտանեն դատարան կալանքի։ Ուզում են անհավասար պայմաններ ստեղծել դեբատների ժամանակ, և եթե հաջողվի ու թեկնածուներից մեկի ընտանիքի անդամը կալանավորվի, պարզ է չէ՞, որ անհավասար պայմաններ են ստեղծվում, լարված վիճակ է առաջանում։ Հերթական քաղաքական, շինծու գործերից է, ու սա միակը չէ, նմանատիպ գործ կա «Մայր Հայաստանի» հետ կապված։ Նրանք Մարտուն Գրիգորյանին մեղադրում են իբրև թե բարեգործությամբ զբաղվելու մեջ. հղում են կատարում այն տեսանյութին, որքան ես հասկանում եմ, որտեղ ինչ–որ փողոցի հարթեցման գործողությունների մասին խոսակցություն կա։ Սա ցայտնոտի դրսևորումներից մեկն է ընտրություններից երկու օր առաջ։ Այստեղ իրավաբանություն չկա, ցուցումներ կան»,–ասաց փաստաբանը։
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել են քրեական վարույթներ ընտրակաշառք տալու, ստանալու, ինչպես նաև ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործությունների վերաբերյալ ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանությունից և Ազգային անվտանգության ծառայությունից ստացված հաղորդումների հիման վրա:
Կոմիտեից մանրամասնում են, որ ստացված տվյալների համաձայն՝ ընտրողին առաջարկվել է ընտրակաշառք՝ Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններում առաջադրված կուսակցության օգտին քվեարկելու պայմանով: Տվյալներ են ստացվել նաև նույն համայնքի ավագանու ընտրություններում առաջադրված կուսակցության անդամի, ինչպես նաև լիազոր ներկայացուցչի կողմից բարեգործության անվան տակ ընտրողներին որպես ապրանք վառելափայտ տալու, փողոցների խճապատման աշխատանքներ կատարելու, տարազների և այլ գույքի ձեռքբերման համար գումար խոստանալու մասին: