կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-12 11:29
Հասարակություն

ԱՕԿՍ-ի շենքի հետ կապված աղմուկը հնարովի է

ԱՕԿՍ-ի շենքի հետ կապված աղմուկը հնարովի է

Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը նույնպես անդրադարձել է ԱՕԿՍ-ի շենքի հետ կապված խնդրին:

 

ԱՕԿՍ-ի շենքի շուրջ ստեղծված աժիոտաժը, ի պաշտպանություն շենքի բողոքի ցույցեր կազմակերպելը Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն անհեթեթ է համարում. «Բազմիցս ասել ենք, որ ԱՕԿՍ-ի շենքին որևէ վտանգ չի սպառնում, բացարձակ անհիմն է այս համատեքստում բարձրացված աղմուկը: Իրականությունը հետևյալն է՝ այս հատվածում կա մի երրորդ կողմ, որն, ըստ էության, շահադիտական ինչ-ինչ խնդիրներ ունի կառուցապատողի հետ, որոնց հասնելու համար աղմուկ է բարձրացնում և չի էլ թաքցնում այդ մասին»:

 

«Անդրադառնալով այս հատվածում կառուցվող հյուրանոցի նախագծին` շեշտենք, որ այստեղ /ինչպես նաև փոքր-ինչ վերև գտնվող «Մուլտի Գրուպ» ընկերության կողմից կառուցվող հյուրանոցի դեպքում/ քաղաքաշինական բոլոր նորմերը պահպանվում են, և այս առումով Երևանի քաղաքապետարանն ու մշակույթի նախարարությունը իրենց տեսակետները՝ համապատասխան հիմնավորումներով բազմիցս արտահայտել են: Խոսվում է, թե հյուրանոցի կառուցումը կխաթարի քաղաքի այս հատվածի երթևեկությունը, ինչը նույնպես իրականությանը չի համապատասխանում, քանի որ տարածքում, մասամբ նաև՝ կառուցապատողի հաշվին կառուցվում է նոր փողոց՝ Հին երևանցու փողոցի շարունակությունը հանդիսացող Լալայանց փողոցը, որը լիարժեք կերպով կապահովի է նաև այդ խնդրի լուծումը:

 

Ինչ վերաբերում է «Նարեկ Սարգսյան» արվեստանոցի կողմից հյուրանոցի նախագծի մշակմանը, ապա շեշտենք, որ այն Հյուսիսային պողոտայի կառուցապատման նախագծերի շրջանակում է եղել: Վերջինս մշակվել է դեռևս 2006 թվականին, երբ Նարեկ Սարգսյանը որևէ պետական պաշտոն չէր զբաղեցնում / ի դեպ, նա ստեղծագործական աշխատանքով զբաղվելու լիարժեք ազատություն ունի/:

 

Նկատենք որ, հյուրանոցի կառուցման ձգձգումները կապված են եղել իրացման խնդիրների հետ, որի ավարտից հետո է շինարարություն ծավալվել: Իսկ այս համատեքստում կոռուպցիոն գործարք տեսնողները համանման մեղադրանքներ կարող են ներկայացնել նախորդ բոլոր գլխավոր ճարտարապետներին, մասնավորապես,. Ն. Բունիաթյանին «Երևան» հյուրանոցը նախագծելու, Մարկ Գրիգորյաին «Արմենիա» հյուրանոցը, Պատկերասրահի և Ազգային ժողովի շենքերը, ՀՀ նախագահի նստավայրը, բազմաթիվ բնակելի շենքեր նախագծելու, կամ՝ Գ. Աղաբաբյանին՝ մի շարք շուկաների շենքերի, բնակելի համալիրների, Ջիմ Թորոսյանին՝ Երևանի քաղաքապետարանի, «Կասկադ» համալիրի շենքերի նախագծման համար: Ցանկը կարելի է շարունակել…»,- ասվում է Երեւանի գլխավոր ճարտարապետի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ: