կարևոր
907 դիտում, 3 ժամ առաջ - 2025-03-10 12:52
Աշխարհ

Մենք թույլ չենք տա, որ երկիրը ներքաշվի քաղաքացիական պատերազմի մեջ․ Ահմեդ ալ-Շարաա

Մենք թույլ չենք տա, որ երկիրը ներքաշվի քաղաքացիական պատերազմի մեջ․ Ահմեդ ալ-Շարաա

Սիրիայի նոր իշխանությունները թույլ չեն տա արտաքին ուժերին կամ տեղական կողմերին երկիրը ներքաշել քաղաքացիական պատերազմի մեջ։ Այս մասին հայտարարել է անցումային շրջանի Արաբական Հանրապետության նախագահ Ահմեդ ալ-Շարաան՝ մեկնաբանելով երկրի արևմուտքում իրավիճակի վատթարացումը։

 

«Այսօր մենք բախվում ենք նոր վտանգի, որը նախկին ռեժիմի մնացորդների և նրանց թիկունքում գտնվող արտաքին ուժերի փորձն է՝ հրահրել նոր տարաձայնություններ և ներքաշել մեր երկիրը քաղաքացիական պատերազմի մեջ՝ նպատակ ունենալով պառակտել այն և ոչնչացնել նրա միասնությունն ու կայունությունը», - ասել է ալ-Շարաան։

Նրա խոսքով՝ Սիրիան կմնա անդրդվելի, և իրենք թույլ չեն տա, որ արտաքին ուժեր կամ տեղացի խմբեր ներքաշեն նրան քաոսի կամ քաղաքացիական պատերազմի մեջ։

Հիշեցնենք՝ մարտի 6-ին Լաթաքիա, Տարտուս և Հոմս նահանգներում բախումներ են սկսվել Սիրիայի նոր իշխանություններին ենթակա անվտանգության ուժերի և նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի կողմնակիցների միջև։ Ամենածանր մարտերը տեղի են ունեցել Ջեբլա քաղաքում, որտեղ ապրում են ալավիները՝ կրոնական փոքրամասնություն, որին պատկանում է Ասադների ընտանիքը։ Իշխանությունները բանակի ստորաբաժանումներ և զրահատեխնիկա են ուղարկել վերոհիշյալ նահանգներ, իսկ հիմնական քաղաքներում պարետային ժամ է մտցվել։ Մարտի 7-ին Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր ափամերձ շրջանների նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու մասին: Մարտի 8-ին Սիրիայի անցումային կառավարությունը լրացուցիչ բանակային ուժեր է ուղարկել ափամերձ շրջաններ՝ այնտեղ անվտանգությունը վերականգնելու և նախկին նախագահին աջակցող զինված անձանց կողմից դիմադրությունը ճնշելու համար: Մարտի 9-ին մի շարք շրջաններում բախումները վերսկսվել են։ 

Ըստ վերջին տվյալների՝ Սիրիայի արևմուտքում իրավիճակի սրման սկզբից սպանվել է նախկին նախագահի 250 զինված կողմնակից, իսկ նոր իշխանությունների օրոք ուժայինները կորցրել են 231 մարտիկի։ Քաղաքացիների շրջանում զոհերի թիվը գերազանցել է 800-ը։ Զոհերի մեծ մասը պատկանում է ալավիական համայնքին, որը կազմում է Սիրիայի բնակչության 12%-ը։