կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-05 16:43
Քաղաքական

Հայաստանը չպետք է ներքաշվի հակաիրանական որևէ գործողության մեջ, քանի որ հարավային մեր սահմանը միակն է, որն անխափան է գործում․ իրանագետ

Հայաստանը չպետք է ներքաշվի հակաիրանական որևէ գործողության մեջ, քանի որ հարավային մեր սահմանը միակն է, որն անխափան է գործում․ իրանագետ

Իրանը պատրաստ է աջակցել Հայաստանին նոր՝ Տաթևով, ճանապարհի կառուցման հարցում՝ իրանական լրատվամիջոցներին ասել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարի տեղակալ և տրանսպորտային ենթակառուցվածքների շինարարության և զարգացման ընկերության գործադիր տնօրեն Խեյրոլլահ Խադեմին, որը Հայաստանում է՝ ծանոթանալու իրանական բեռնատարների երթևեկությունը խոչընդոտելուց հետո այլընտրանքային ճանապարհի կառուցման աշխատանքներին։

Նա նշել է, որ պատրաստ են Հայաստանի հետ համագործակցել նաև Հյուսիս-Հարավ ճանապարհի՝ անավարտ հատվածը կառուցելու հարցում։

Այս ամենի համար Իրանից ինժեներատեխնիկական պատվիրակություն է ժամանել Հայաստան՝ նրա գլխավորությամբ։

Իրանում ՀՀ արտգործնախարարի հետ հանդիպմանը Իրանի արտաքին գործերի նախարար  Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն ասել էր, որ Իրան-Հայաստան տարանցիկ ճանապարհներն արագ վերականգնվելու են։

Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարի տեղակալի այցը Հայաստան իրանագետ Գարիկ Միսակյանին հիմք է տալիս ենթադրելու, որ հայ-իրանական հարաբերություններում կան զարգացման միտումներ՝ հիմնված այն հանգամանքի վրա, որ դա անհրաժեշտ է երկու պետությունների անվտանգային շահն ապահովելու համար։

«Եթե մինչև Արցախյան պատերազմ ժամանակահատվածում հայ-իրանական հարաբերություններում կային խնդիրներ՝ կապված Իսրայելում ՀՀ դեսպանատուն բացելու և գործեղ իշխանությունների՝ մի շարք այլ հայտարարությունների հետ, ապա դրանից հետո ժամանակահատվածում, նաև այն հանգամանքից ելնելով, որ և՛ Հայաստանի Հանրապետությունը, և՛ Իրանի Հանրապետությունը հասկացան հայ-իրանական հարաբերությունների աշխարհաքաղաքական կարևորությունը, արդեն այդ հարաբերությունները որոշակի առումով զարգացման փուլում են գտնվում՝ գոնե հայտարարությունների և որոշ գործողությունների մակարդակում․ Իրանը ցանկություն է հայտնել ներգրավվել Տաթևի ճանապարհահատվածի շինարարության մեջ, ինչպես նաև Հյուսիս-Հարավի ոլորտում։ Բազմաթիվ են Իրանում հայտարարությունները Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալ, նաև Հայաստանում կա այդ տրամադրվածությունը»,-Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց իրանագետը։

Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատար Քյումարս Հեյդարին ասել էր, որ եթե թուրքերն ու ադրբեջանցիները՝ դաշնակցելով բրիտանացիների և հրեաների հետ, կտրեն Իրանի և Հայաստանի միջև սահմանը, Իրանը չի հարցնի Հայաստանի կարծիքը և ինքը զորք կմտցնի Հայաստան, որպեսզի թույլ չտա թուրքերին և ադրբեջանցիներին կտրել Հայաստանը Իրանից․ Գարիկ Միսակյանն ասաց, որ այս հայտարարությունը եղել է ոչ պաշտոնական, և ինքը չի կարծում, որ դա բավական լուրջ հայտարարություն է, քանի որ Հայաստանի տարածքում զինած ներկայության համար նաև անհրաժեշտ է լինելու Հայաստանի թույլտվությունը։

«Իրանի հայտարարությունները հինականում վերաբերում են միջազգայնորեն ճանաչված տարածքների անփոփոխությանը, այսինքն, դա կոնկրետ կարելի է մեկնաբանել, որ վերաբերում է նաև Սյունիքի հատվածին և Սյունիքի մարզից որոշակի հատվածի անցմանը այլ պետությունների կամ ուժի վերհսկողության տակ, ինչին Իրանը խոստանում է պատասխանել նաև Հայաստանի հետ համաձայնեցված և համագործակցելով»,-ասաց Գարիկ Միսակյանը։

Նա ընդգծեց, որ սկսած 1991 թ-ից՝ ՀՀ Երրորդ Հանրապետության պատմության ընթացքում, Հայաստանը երբեք չի ներքաշվել հակաիրանական որևէ գործողության մեջ, և չպետք է ներքաշվի, և չի կարող ներքաշվել, և Հայաստանի շահից էլ չի բխում ներքաշվելը, քանի որ հարավային մեր սահմանը կարելի է ասել միակն է, որն անխափան է գործում։

Իրան-Թուրքիա կոշտ հռետորաբանությունը և միմյանց սահմանների մոտ զորավարժությունները, իրանագետի համոզմամբ, զինված բախման դժվար թե հանգեցնի․ նա նույնիսկ տեղային զինված բախում չի կանխատեսում, քանի որ կողմերից որևէ մեկը չի ցանկանա գնալ ռազմական բախման, որովհետև հասկանում են, որ երկուսն էլ բավական հզոր ռազմական ուժ ունեցող պետություններ են, և այդ բախումը հանգեցնելու է շատ ծանր հետևանքների։

«Պատերազմի հավանականությունը քիչ է, իսկ, ա՛յ, քարոզչական պատերազմը թեժ փուլով ներկա պահին ընթանում է»,-ասաց իրանագետը։

Զորավարժությունները ուժի ցուցադրություն են, Իրանի կողմից դրանք իրականացվեցին նաև նոր տեխնիկա ցուցադրելով, ասաց Գարիկ Միսակյանը։ Իրանը նաև ընդհանուր տարածաշրջանային պետություններին՝ այդ թվում Թուրքիային և Ադրբեջանին, ձգտում է ասել, որ պատրաստ է ցանկացած զարգացման։ Զորավարժությունների անցկացումը, իրանագետի գնահատմամբ, հատկապես Իրանի դեպքում, բնավ չի նշանակում, որ Իրանում կա պատերազմի ցանկություն, ընդհակառակը, դա նշանակում է, որ եթե նույնիսկ որևէ մեկը ցանկություն ունի Իրանի դեմ պատերազմել, իրանական կողմը մտադիր է չեզոքացնել այդ ցանկությունը ուժի ցուցադրմամբ։

Աննա Բալյան