Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մելինե Անումյան
Թուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու
Որոշ թուրք պատմաբանների կողմից շրջանառության մեջ է դրվել մի թեզ, թե իբր իթթիհադական եռապետության դեմքերից մեկը՝ Հայոց ցեղասպանության տարիներին Օսմանյան կայսրության ռազմածովային նախարար Ահմեդ Ջեմալ փաշան, ի տարբերություն մյուս երիտթուրք առաջնորդների, ավելի հանդուրժող է եղել հայերի նկատմամբ, դեմ է եղել նրանց տեղահանությանն ու կոտորածներին և կողմ է եղել առավել մեղմ քաղաքականության։
Այսպես՝ Ամասիայի համալսարանի թուրք պրոֆեսորներից դոկտոր Գիրայալփ Քարաքուշը 2023 թ․ հոկտեմբերին հրապարակված հոդվածում շեշտում է, թե Ջեմալը, ի տարբերություն արաբների հանդեպ ցուցաբերած կոշտ դիրքորոշման, «նույն խստությամբ չի մոտեցել հայերին»[1]։ Վերոհիշյալ թուրք պրոֆեսորը նույն հոդվածում վկայակոչում է պանթուրքիստական հայացքներով հայտնի թուրք արձակագիր Հալիդե Էդիփ Ադըվարին։ Ըստ Գիրայալփ Քարաքուշի, Հալիդե Էդիփի վկայության համաձայն, «հայ կանայք իրենց վզին կրել են Ջեմալ փաշայի դիմանկարով զարդեր և շատ են սիրել նրան»։ Նույն թուրք գիտնականը փորձում է համոզել, թե Ջեմալ փաշայի քաղաքականությունը «խարսխված չի եղել բնաջնջման վրա»։ Եւ որպես այդ թեզը իբրև թե «հիմնավորող ապացույց էլ» բերում է Թուրքական պատմագիտական ընկերակցության (Türk Tarih Kurumu) Հայկական բաժնի նախկին ղեկավար, պրոֆեսոր Հիքմեթ Օզդեմիրի շրջանառած այն փաստարկը, թե Ջեմալ փաշան, Առաջին աշխարհամարտի տարիներին լինելով Չորրորդ բանակի գլխավոր հրամանատարը, մեծ ջանքեր է գործադրել Սիրիայի անապատներում հայ կանանց և երեխաներին փրկելու և նրանց հումանիտար օգնություն ցուցաբերելու ուղղությամբ[2]։
Իսկ Անկարայում գործող Հաջեթթեփե համալսարանում 2014 թ․ «Լիբանանի հայերը (1914-1939 թթ․)» վերնագրով դոկտորական թեզ պաշտպանած Հալիլ Օզշավլըն իր ատենախոսության մեջ գրում է, թե իբր Ջեմալը պատրաստ էր ձեռքից եկածն անել «հայ աքսորյալներին պաշտպանելու և նրանց այդ աղետից նվազագույն վնասներով փրկելու համար»[3]։ Ըստ Հալիլ Օզշավլըի՝ «Ջեմալի տեսակետով՝ ամեն հայ, որպես անհատ, Օսմանյան պետության քաղաքացին էր»։ Նա նաև ընդգծում է, թե 1916 թ․ մարտին Դամասկոսում Գերմանիայի հյուպատոսի հետ հանդիպման ժամանակ Ջեմալ փաշան հայտնել է, թե մտադիր է որբատներ բացել հայ երեխաների համար։ Հալիլ Օզշավլըն շեշտում է, թե «հայերին փրկելու ուղղությամբ Ջեմալի գործադրած ջանքերը» վրդովեցրել են երիտթուրքական առաջնորդներից Բեհաեդդին Շաքիրին և այլ իթթիհադականների»։ Նա նշում է, որ Ջեմալ փաշան օսմանյան կառավարությունից պահանջել է պետության հաշվին մի որբատուն բացել՝ հայ երեխաների կարիքները հոգալու նպատակով, և որ 376 հայ մանուկի օթևանը դարձած այդ մանկատան, ինչպես նաև՝ Հալեպում հիմնված մեկ այլ որբանոցի ծախսերը հոգացվել են բանակի բյուջեի հաշվին։ Հալիլ Օզշավլըն նաև հայտնում է, որ այդ որբատների սաներն ու դաստիարակները, «Ջեմալ փաշայի պատկերով թաշկինակներ են ասեղնագործել՝ ի նշան երախտիքի»[4]։
Ադըյամանի համալսարանի դասախոսներից դոցենտ, դոկտոր Նեւզաթ Արթուչը «1915 թ․ աքսորի ու վերաբնակեցման օրենքը և Ջեմալ փաշան» վերնագրով հոդվածում գրում է, թե իբր «2000-ականների սկզբներին, երբ ինքը դոկտորական ուսումնասիրություն կատարելու համար հետազոտում էր Վարչապետարանի օսմանյան արխիվները, բազմաթիվ փաստաթղթերի է հանդիպել, որոնք ներկայացնում են Ջեմալ փաշայի՝ հայ քարավանների նկատմամբ մարդկային վերաբերմունքը»[5]։ Նույն հոդվածում նա վկայակոչում է թուրք պատմաբան Ռամազան Չալըքին, որը «Ջեմալ փաշան ըստ գերմանական աղբյուրների» վերնագրով ուսումնասիրության մեջ հաղորդում է, թե Ջեմալը «ամեն տեսակի միջոցներ է ձեռնարկել Սիրիա աքսորված հայերի կյանքը երաշխիքի տակ վերցնելու համար, տեղահանված հայերին վերաբնակեցրել է Բեյրութում, Հալեպում և Երուսաղեմում, նրանց ապահովել է սննդով»։ Ռամազան Չալըքը նաև հայտնում է, որ «Ջեմալը շուրջ 20 հազար աքսորյալ հայ կանանց և աղջիկների ապահովել է աշխատանքով, իսկ որբ մնացած մոտ 4000 հայ մանուկի էլ՝ տեղավորել Այնթուրայի, Դամասկոսի և Հալեպի նորաբաց որբատներում, մանկատներ, որոնք Ջեմալ փաշայի հովանու տակ էին գտնվում»[6]։
Նեւզաթ Արթուչը վերոնշյալ հոդվածում շեշտում է, որ «ATASE» անվամբ հայտնի Գլխավոր շտաբի արխիվում պահվող փաստաթղթերի համաձայն՝ Ջեմալ փաշան հայ աքսորյալների «կյանքը փրկելու և նրանց համար կենսական պայմաններ ապահովելու նպատակով» բացել է հիվանդանոցներ ու սանատորիաներ։ Նույն հեղինակը վկայակոչում է նաև թուրք պատմաբան Ահմեդ Թեթիքի հոդվածը, որում վերջինս հայտնում է, թե Ջեմալը մեծ ջանքեր է գործադրել տեղահանված հայերի շրջանում տիֆի նման համաճարակների տարածումը կանխելու ուղղությամբ[7]։
Արթուչն, անդրադառնալով Տեղահանության մասին օրենքի նկատմամբ Ջեմալ փաշայի՝ մյուս երիտթուրք առաջնորդներից մի փոքր տարբերվող դիրքորոշմանը, նշում է, որ Ջեմալը «դեմ է հանդես եկել հայերի՝ Միջագետքի անապատներ աքսորվելուն, քանի որ կարծել է, որ այդ շրջան ուղարկված հայերը մեծ դժվարությունների էին հանդիպելու․ այդ վայրերն արդեն իսկ խառը վիճակում էին գտնվում, և դա կարող էր բացասաբար անդրադառնալ հայ քարավանների վրա։ Ի սկզբանե Ջեմալ փաշան հարմար է համարել, որ հայերը Միջագետքի փոխարեն վերաբնակեցվեն Կոնիայում, Անկարայում և Կաստամոնուում։ Սակայն նրա այդ առաջարկը չի ընդունվել մյուս իթթիհադական առաջնորդների կողմից։ Այնուամենայնիվ, Ջեմալը չի հանձնվել և հետագայում կարողացել է ապահովել, որ հայերը տեղափոխվեն Սիրիայի և Բեյրութի վիլայեթներ, որտեղ ավելի լավ կենսական պայմաններ կային»[8]։ Դարձյալ նույն հեղինակի համաձայն՝ Ջեմալի այդ դիրքորոշումը հարուցել է Բեհաեդդին Շաքիրի դժգոհությունը, և վերջինս բողոքել է Էնվերին։ Այնուամենայնիվ Ջեմալը կարողացել է իր առաջարկն ընդունել տալ, և իր իսկ համառ պահանջով հայերին սկսել են Սիրիա աքսորել՝ Միջագետքի անապատների փոխարեն[9]։
Այսպիսով՝ հայերի հանդեպ Ջեմալ փաշայի դիրքորոշման մասին թուրք պատմաբանների փաստարկները հետևյալն են․
1. Թուրք պատմաբանների համաձայն՝ Ջեմալ փաշան տեղյակ չի եղել հայերին տեղահանելու որոշման մասին․ դրա մասին տեղեկացվել է միայն 1915 թ․ հոկտեմբեր ամսին։
Թուրք պատմաբանները պնդում են, թե իբր Ջեմալ փաշային բավականին ուշ են հայտնել օսմանյան կառավարության կողմից պաշտոնապես 1915 թ․ մայիսի 27-ին ընդունված «Աքսորի և վերաբնակեցման ժամանակավոր օրենքի» մասին։ Որպես հիմնավորում էլ բերում են այն «փաստարկը», որ Ջեմալը Տեղահանության մասին ժամանակավոր օրենքի ընդունման պահին չի գտնվել Ստամբուլում։
Իմ կարծիքով՝ այդ փաստարկը խիստ անհիմն է և անհեթեթ․ նախ «Աքսորի և վերաբնակեցման օրենքը» ներկայացվել էր օսմանյան կառավարության բոլոր անդամների, այդ թվում՝ Ռազմածովային նախարար Ջեմալի վավերացմանը[10]։ Բացի այդ, ինչպես հայտնի է, «Տեղահանության մասին» ժամանակավոր օրենքը 1915 թ․ հունիսի 1-ին հրապարակվել էր տվյալ ժամանակաշրջանի պաշտոնաթերթ «Takvim-i Vekayi» պարբերականում։ Այսինքն՝ առնվազն միամտություն կլինի համարել, որ Ջեմալն այդ մասին տեղեկացվել է մի քանի ամիս անց միայն։
2․ Որոշ թուրք պատմաբաններ ենթադրում են նաև, թե Ջեմալը ձգտել է ապահովել աքսորյալ հայերի կյանքի անվտանգությունը։
Թեև տեղեկություններ կան, որ Ջեմալ փաշան, ինչ-ինչ պատճառներից ելնելով, փրկել է որոշ հայերի կյանքը, սակայն այդ դեպքերը կրել են ոչ թե համատարած, այլ՝ մասնակի բնույթ։ Եթե Ջեմալն իրապես ցանկանար ապահովել հայերի անվտանգությունը իր անմիջական հրամանատարության տակ գտնվող բանակի հսկողության տարածքում, այսինքն՝ Սիրիայում, ապա հնարավոր չէր լինի Դեր Զորի անապատում հայության մեծ ջարդը, որը 1916 թ․ իրագործվեց Զոր սանջակի (մարզի) կառավարիչ Զեքի բեյի կողմից կազմավորված հրոսակախմբերի կողմից[11]։ Ինչպես հայտնի է, Ջեմալ փաշան 1914 թ․ դեկտեմբերից մինչև 1917 թ․ դեկտեմբեր, ուղիղ 3 տարի ի պաշտոնե մնացել է Սիրիայում։ Այսինքն՝ Ջեմալի կողմից հայերին «փրկելու» դեպքեր եթե գրանցվել էլ են, ապա դրանք եղել են եզակի։
3․ Ըստ թուրք պատմաբանների՝ Ջեմալ փաշան իբրև թե «մեծ բծախնդրությամբ է մոտեցել» իր հրամանատարության տակ գտնվող օսմանյան 4-րդ բանակի հսկողության շրջանում հայերի տեղահանությունն «ապահով կերպով» իրականացնելու գործին և մեծ ջանքեր է գործադրել, որպեսզի կանխվեն համաճարակային հիվանդությունները։
Իմ կարծիքով՝ այդ բծախնդրությունը պայմանավորված էր Ջեմալի այն մտահոգությամբ, որ նման հիվանդությունները չդառնան համատարած և չտարածվեն նաև տեղի բնակչության ու, հատկապես, բանակի շրջանում։ Մանավանդ, որ իր հրամանատարության տակ գտնվող բանակը կռվում էր կարևոր ռազմաճակատներում, և էպիդեմիկ հիվանդությունների տարածումը կարող էր իրապես մեծ վտանգի առաջ կանգնեցնել օսմանյան բանակին և նպաստել աշխարհամարտում Օսմանյան պետության պարտությանը։
Ըստ իս՝ Ջեմալի նույն մտահոգությամբ էր պայմանավորված նաև այն փաստը, որ նա ի սկզբանե առաջարկել էր հայերին աքսորել ոչ թե ռազմաճակատներին մոտ գտնվող տարածքներ, այլ՝ Օսմանյան պետության ներքին շրջաններ, մասնավորապես՝ Կոնիա, Անկարա և Կաստամոնու։
4․ Եվ վերջին պնդումը․ թուրք պատմաբանները, որպես Ջեմալի «հայասիրության արտահայտություն», բերում են այն փաստարկը, թե նրա ջանքերով բացվել են մի շարք մանկատներ և արհեստանոցներ, որտեղ հայ մանուկներն ու պատանիները կարողացել են դաստիարակվել և պատրաստվել կյանք մուտք գործելուն։
Այս փաստարկը շեշտադրող թուրք պատմաբաններին հարկ է հիշեցնել, որ ցեղասպանություն է համարվում ոչ միայն ֆիզիկական բնաջնջումը, այլ նաև՝ տվյալ էթնիկ խմբի ներկայացուցիչների փոխանցումը մեկ այլ էթնիկ խումբ։ Գաղտնիք չէ, թե ինչու էին հատկապես Սիրիայում և Լիբանանում բացվել հայ երեխաների համար նախատեսված մանկատները։ Հենց այս վայրերում պետք էր վերջնականապես կտրել հայության արմատները, որոնք կարող էին ծիլ տալ նոր սերնդի միջոցով։ Ինչպես դա ավելի վաղ ընդգծել է նաև թուրք ցեղասպանագետ Թաներ Աքչամը, հայ երեխաների վերադաստիարակումը՝ ըստ թուրք-իսլամական օրենքների, նույն ցեղասպանությունն է, սակայն՝ ոչ ֆիզիկապես վերացնելու ճանապարհով[12]։
Հայոց ցեղասպանության պատմությանը հայտնի են նման մի շարք որբանոցներ, որտեղ հայ մանուկներին զրկել են նախ՝ հայկական անունից, ապա՝ կրոնից, նրանց մոռացրել մայրենի լեզուն ու հայրենիքը և դաստիարակել որպես թուրք ու մուսուլման։ Այդ մեթոդը օսմանցիներն սկսել էին կիրառել շատ ավելի վաղ, երբ դևշիրմեի՝ մանկահավաքի ճանապարհով կազմավորվում էր ենիչերիական զորքը։ Հանրահայտ է նաև Քյազըմ Կարաբեքիրի կողմից ստեղծված «Gürbüzler Ordusu»-ն՝ «Ամրակազմ պատանիների բանակը», որի նպատակը նույնպես հայ մանուկների թուրքացումը և իսլամացումն էր, նրանց թուրք պետության համար նվիրյալ քաղաքացի դարձնելու, սեփական ազգությունը լիովին մոռացնելու քաղաքականությունը։
Ամփոփելով՝ կարելի է արձանագրել, որ Ջեմալ փաշայի՝ հայության հանդեպ դիրքորոշումն ու քաղաքականությունը թեև առաջին հայացքից և ձևականորեն կարող է տարբեր թվալ մյուս ցեղասպան իթթիհադականների մոտեցումից, սակայն, ըստ էության, այն գրեթե նույնն է, քանի որ լիովին միանման է նպատակը՝ այն է՝ հայերի, որպես ազգի, իսպառ վերացում։
Ինչպես իրավամբ նկատում է այս թեմայով ուսումնասիրության հեղինակ Ումիթ Քուրթը[13], «Ջեմալի դիրքորոշումը մյուս երիտթուրքերից տարբերվում էր միայն մեթոդի առումով»։ Այսինքն՝ նա ևս հայերի բնաջնջման կողմնակիցներից էր, սակայն առավելապես ձուլման՝ ասիմիլյացիայի միջոցով։
Բացի այդ, ըստ իս, Ջեմալ փաշայի նման Հայոց ցեղասպանության հիմնական հեղինակների՝ այլ լույսի ներքո ներկայացնելը հղի է նաև այլ վտանգներով, քանի որ կարող է այսպես կոչված «հայասեր թուրքի» կերպարը հայասպան թուրքի հանդեպ գերիշխող դարձնել հայ հասարակության կամ հայության շրջանում, այն էլ՝ անհիմն կերպով։ Այս մեր եզրակացության համար կարող է հիմնավորում ծառայել թեկուզ այն փաստը, որն առնչվում է Ջեմալի թոռան՝ 2014 թ․ Հայաստան այցելության հետ։ Այդ այցը հայ հանրության որոշ ներկայացուցիչների շրջանում այնպիսի համակրական վերաբերմունք էր ձևավորել, որ կարծես թե մոռացել էին, որ խոսքը գնում էր մեծագույն հայասպաններից մեկի թոռան մասին․․․
[1]https://bizimtv.com.tr/yazarlar/dr-girayalp-karakus/cemal-pasa-ermenileri-korudu-araplari-modernlestirmek-istedi-1476 (վերջին դիտում՝ 19․12․2023 թ․)։
[2] Նույն տեղում։
[3]https://openaccess.hacettepe.edu.tr/xmlui/bitstream/handle/11655/1393/4abae24c-0550-41a0-9abb-92cb6e43bbdf.pdf?sequence=1&isAllowed=n (վերջին դիտում՝ 19․12․2023 թ․)։
[4] Նույն տեղում
[5] Nevzat Artuç, Sevk ve İskân Kanunu ve Cemal Paşa, Yeni Türkiye, 60/2014.
[6] Նույն տեղում։
[7] Նույն տեղում։
[8] Նույն տեղում։
[9] Նույն տեղում։
[10] Այդ մասին ավելի մանրամասն տես՝ Арсен Авакян, Геноцид 1915 г. Механизмы принятия и исполнения решений | Изд-во. “Гитутюн”, Ереван, 1999.
[11] Դեր Զորի սանջակի (մարզի) կառավարիչ Զեքի բեյը կազմակերպել էր մի կերպ այստեղ հասած հայության մնացորդացի կոտորածը, որի պատճառով 1920 թ․ ապրիլի 28-ին Ստամբուլի ռազմական արտակարգ ատյանը նրան հեռակա կարգով դատապարտել էր մահվան։ Տես՝ Deyr-i Zor Davası Karar Sureti, Cezâ-yı İ’dâm, Alemdar Gazetesi, 30 Nisan, 1920.
[12] Թաներ Աքչամ, Հայերի բռնի իսլամացումը․ լռություն, ժխտում եւ ուծացում, Երևան, 2016։
[13] Ümit Kurt, Bir fail, bir kurtarıcı ve bir muamma: Cemal Paşa, Araplar ve Ermeniler, Toplum ve Bilim, 157, 2021․