կարևոր
55 դիտում, 1 ամիս առաջ - 2025-02-27 13:02
Քաղաքական

«Դրօշակ»-ի Առաջնորդող. Նոր բաժանարարի առջև

«Դրօշակ»-ի Առաջնորդող. Նոր բաժանարարի առջև

2025 թ. հունվարի 24-ին շվեյցարահայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասում է. «Մենք Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, պետք է հասկանանք, լավ՝ ինչ է տեղի ունեցել և ինչու է տեղի ունեցել, և ինչպես ենք մենք դա ընկալել, ում միջոցով ենք ընկալել, ոնց է, որ 1939 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել, և ոնց է որ 1950-ին Հայոց ցեղասպանության օրակարգ հայտնվել է: Սա մենք պե՞տք է հասկանանք, թե՞ չպետք է հասկանանք»։ Խոսքի մյուս հատվածների հետ կապելով ակնհայտ է դառնում Փաշինյանի ակնարկը՝ օտարն է այս հարցը մեզ պարտադրել իր քաղաքական հաշվարկներից ելնելով։ Որ Նիկոլ Փաշինյանը մեծ մանիպուլյատոր է, ոչ մեկի համար այլևս գաղտնիք չէ, բայց շարունակում է հայ հասարակության զարմանքը հարուցել այն, թե այս մարդը որքան է սրբապիղծ և ինչպես կարող է խաղ անել ազգի ամենանվիրական զգացումների ու արժեքների հետ։ Իհարկե, այս անարգանքին հետևեց Սփյուռքի ու Հայաստանի լայն արձագանքը և կարճ ժամանակ անց խոսքերի հեղինակը փորձեց արդարանալ, որ բոլորովին այն չէր նկատի ունեցել, ինչ որ մարդիկ հասկացել էին։

Փաշինյանի պարզունակ և ցնորամիտ թվացող մտքերը իրականում խորքային իմաստ ունեն, և տարբեր ժամանակներում ասվածը տրամաբանական մեկ շղթայի մեջ դիտարկելով՝ ակնհայտ է դառնում դրանց քաղաքական գաղափարական նպատակադրվածությունը։ Կոնկրետ պարագայում Փաշինյանի ակնարկն ուղղված է Ռուսաստանի կողմը, որն, ըստ իրեն, Ցեղասպանության օրակարգը «փաթաթել է հայ ժողովրդի վզին»՝ Թուրքիայի նկատմամբ որդեգրած քաղաքականությունից ելնելով։ Պետք է խոստովանենք, որ մոլի հակառուս Նիկոլին հաջողվեց անցնող տարիների ընթացքում հայ ժողովրդի մի զգալի հատվածի դարձնելու հակառուս՝ Ռուսաստանին մեղադրելով մեր բոլոր դժբախտությունների՝ այդ թվում և հենց Նիկոլի ձախողումների ու դավաճանությունների համար։

2024 թվականի մարտի 12-ի ասուլիսում նա ասում է, թե Ղարաբաղի հարց վաղուց չի եղել, այն լուծված է եղել 2013, 2016 թվականներին, Ղարաբաղն առիթ է եղել, որպեսզի լուծեն Հայաստանի հարցը, և ով այդ հարցում շահագրգռված է եղել, նա շահագրգռված է եղել նաև, որպեսզի պատերազմ լինի, Արցախի ժողովուրդն արտագաղթի Հայաստան, որովհետև այստեղ իրենց ռեուրսները բավարար չէին հեղաշրջում անելու համար։ Հետևաբար, արցախցիներն այստեղ անհրաժեշտ են եղել, որպես հավելյալ ռեսուրս Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու նպատակով։ Ահա այսպես, թե չէ ի՜նչ Արցախ, ի՜նչ արցախահայության ճակատագիր, Նիկոլն ուզում էր ի վերջո անկախացնել Հայաստանը, իսկ Ռուսաստանը ձգտում էր նոր հեղաշրջմամբ վերջնականապես մեր երկիրն իրեն ենթարկել:

Մենք խոսքն ուղղակի չենք մեջ բերել, սակայն իմաստը ստույգ է, և հետաքրքրվողը կարող է թարմացնել հիշողությունը՝ դիտելով տեսանյութը։ Իհարկե, կրկին մեղավորը ռուսներն են, իսկ պատերազմ հայտարարողի, ցեղասպանական գործողություններին մասնակից և աջակից Թուրքիայի, Իսրայելի Պակիստանի մասին ոչ մի խոսք, և ոչ միայն այս անգամ, այլև առհասարակ։

Նույն քաղաքական նպատակին է ծառայում նաև վերջին շրջանում Փաշինյանի հրամցրած այն միտքը, թե 44-օրյա պարտության միջով անցնելով՝ մենք ձեռք ենք բերել անկախ ինքնիշխան պետություն ունենալու հնարավորություն։ Ոչ ոք թող չմտածի, թե այս աշխարհացունց մտքերն այժմ են հայտնվել Հայաստանի ղեկավարի գլխում։ Նա դրանցով ներարկված է եղել իշխանության գալուց շատ ավելի վաղ, պայքարել է դրանց համար հրապարակներում ու խորհրդարանում և դրանք կյանքի կոչելու հնարավորություն է ստացել իշխանության գալով։

Հիշենք նաև խորհրդարանում հնչեցրած այն միտքը, թե՝ պետք է 2018-ին ասեի, որ ԼՂ-ն պետք է լինի Ադրբեջանի կազմում, իմ ձախողումն է, որ չեմ ասել։ Նիկոլ Փաշինյանի գլխում ամրացած տարիների համոզումն է եղել, թե Արցախն ընդամենը խայծ է, որով ռուսները մեզ պահում են իրենցից կպած, և եթե ազատվենք դրանից, ազատորեն կարող ենք պոկվել նրանցից և 180 աստիճան փոխել պետության կողմնորոշումը։

Այլ առիթներով Փաշինյանը քննադատում է 200 տարվա այդ կողմնորոշումը՝ համարելով այն սխալ, կարծես եթե դրա փոխարեն հավատարմություն հայտնեինք թուրքերին, ոչ ցեղասպանություն կլիներ, և ոչ էլ այսպիսի պատմական ճակատագիր։ Իսկ մտածե՞լ է Փաշինյանը, թե ինչու արևմտահայության հետ պատահեց այն, ինչ որ պատահեց, երբ հայության այդ հատվածը հավատարմորեն ծառայում էր իր պետությանը, ծաղկեցնում էր այն տնտեսապես, ֆինանսապես, մշակույթով և այլ կերպ։ Ինչու ցեղասպանություն կազմակերպվեց այն ժամանակ, երբ, ըստ էության, ողջ մարտունակ տղամարդ բնակչությանը, Առաջին աշխարհամարտի ժամանակ արևմտահայությունն ուղարկեց թուրքական ճակատ։ Փաշինյանական տրամաբանությունը հակառակ գաղափարախոսությամբ է մշակված, և շատ հստակորեն ծրագրավորված է Հայաստանը Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների դաշտից դուրս բերելու և մտցնելու ադրբեջանաթուրքական ազդեցության շրջագիծ։ Հենց դրան էլ հարմարեցնում է Հայաստանի ղեկավարը երկրի ոչ միայն քաղաքականությունը, այլև պատմությունը, պատմական հիշողությունը, արժեքային համակարգը։ Գաղափարական խնդիրն այստեղ դառնում է ամենակարևորը, որովհետև, եթե ամերիկացի Բոլթոնի ակնարկած պատմաքաղաքական մտակաղապարի փոփոխությունը չլինի, անհնար է հայ ժողովրդին արևմտյան փարոսով տանելը դեպի թուրքական հպատակություն։

Այս նպատակին է ծառայում Նիկոլի մոգոնած (կամ որդեգրած) իրական Հայաստանի, այսպես կոչված, գաղափարախոսությունը։ Եվ առանց նպատակը ծամծմելու «հայկական ժողովրդավարության հայրը, բացահայտ ու հանգիստ արտաբերում, է թե. «Մեր պետական-հանրային կյանքի բոլոր ոլորտներում այս գաղափարախոսությունը պետք է որդեգրվի»։ Այլ խոսքով, նպատակն է բոլշևիկներից հետո Հայաստանը դարձնել երկրորդ կուսակցապետությունը՝ պարտոկրատիան, հաստատելով իշխող ուժի գաղափարական մենաշնորհը։ Հայրենիք-պետության տվյալ մեկնաբանությունն այլ բան չի նշանակում, քան ներկայիս Հայաստանից զատել նրա պատմությունն ու պատմական հարցերը, զատել Սփյուռքն ու այն ամենը, ինչը չի տեղավորվում ՀՀ ներկայիս սահմանների մեջ, հրաժարվել պետության ազգային բովանդակությունից և դարձնել այն մի տարածք, ուր հայ մարդը կունենա միայն ուտելու և բազմանալու իրավունք։ Սույն գաղափարախոսության հիմքում էլ «որտեղ հաց՝ այնտեղ կաց» սկզբունքն է, որի դրական իմաստը, փաստորեն, ոչ ոք չէր հասկացել մինչև Նիկոլ Փաշինյան։

Փաշինյանը Հայաստանն իր ծրագրած (իրեն թելադրված) հունի մեջ կարող է դնել, երբ կհաղթի նոր ընտրություններում և նոր մանդատը ներկայացնելով, որպես իր ծրագրի նկատմամբ վստահության քվե՝ կիրականացնի այն։ Իսկ աշխարհաքաղաքական իրավիճակի արմատական փոփոխությունն աշխարհի վրա փլուզում է գլոբալիստական, վերազգային գաղափարախոսությունը և այն դավանող ուժերին, որոնք և սատարել են Հայաստանի իշխանությանը։ Ամերիկյան թիկունքի կորուստը մի կողմից որոշակիորեն որբացրեց հայ գլոբալիստներին, իսկ մյուս կողմից ստիպեց նրանց, որ առավել ամուր փարվեն նրանց, ում իրենք դեռ պետք են։ Իսկ պետք են համապատասխան ծրագրերը կենսագործելու համար, այլապես գլոբալիստական Եվրոպան այսօր ինքն է պառակտման շեմին։ Եվրամիությանը միանալու Հայաստանի խորհրդարանի որոշման կարիքը բոլորովին չկար, նույնիսկ այդ ճանապարհով գնալու համար։ Բայց նման որոշումն անհրաժեշտ էր հովանավորներին վստահեցնելու նպատակով, որ Հայաստանի իշխանությունն անշեղորեն շարունակում է Ռուսաստանից կտրվելու և նոր ուղիով գնալու իր կուրսը։ Կպահպանվի՞ արդյոք Եվրամիությունը և պահպանվելու դեպքում արդյո՞ք իր գործող էլիտաների հետ չի՞ փոխվելու գաղափարական արժեհամակարգով։ Ըստ էության, հռչակված այս նոր քաղաքականության «հայ հեղկոմի» համար հնարավոր փոփոխությունը շատ էլ էական չէ, որովհետև նրա հովանավորներն ու Եվրամիությունը միշտ չէ, որ նույնանում են։ Մյուս կողմից՝ այս դեռ փայլփլացող խայծը հարկավոր է գալիք ընտրություններում ժողովրդին իր ետևից տանելու համար։
Ռուսաստանից ավելի ու ավելի հստակորեն զգուշացնում են, որ Հայաստանը կարող է կորցնել այն ամենը, ինչ որ ստանում է այս դաշինքից, որը նշանակում է փոխադարձ առևտուր, գազ, էլեկտրաէներգիա, ամենամյա կայուն տրանսֆերտներ և այլն։ Միևնույն ժամանակ այսօրվա վիճակով ոչ մի խոստում չկա, որ այդ կորցրածից որևէ բան Արևմուտքը պատրաստ է լրացնել։

Ինչո՞ւ է Հայաստանի իշխանությունը շտապում կտրել այն ճյուղը, որին նստած է, երբ կողքին այլ ճյուղ չկա, որից կարող է կառչել։ Գուցե նա չի՞ կարող այլ բան անել, որոշակի «ծանրակշիռ փաստարկների» առկայությամբ։ Եվ գուցե Հայաստանի կորուստների հաշվին այս իշխանությունը կստանա՞ երաշխիք մնալու իր աթոռին։ Գուցե կա ա՞յլ բացատրություն։ Իշխանությունն այս օրերին կատաղորեն հակադարձում է Արցախի, արցախցիների դատի, անգամ Բաքվում հաշվեհարդարի ենթարկվող հայ ռազմաքաղաքական էլիտայի օգտին ձայն բարձրացնողներին։ Իշխանությունը, թքելով օրինականության վրա, պատրաստվում է տեղական ընտրություններում ամեն ճանապարհով հաղթանակ ապահովել իր թիմակիցների համար։ Այս փաստերը ևս նույն սցենարին են մաս կազմում՝ արտաքին աջակցությամբ և ներքին լծակներով համապետական առաջիկա ընտրություններում ապահովել սեփական վերարտադրությունը։ Ինքնապահպանման սրված բնազդի թելադրանքով ամեն ինչ սկսում է դրսևորվել բաց և կոպիտ ձևով։

Այնինչ, հանրային դաշտում ինչ որ մարդիկ սահմանել են նոր բաժանարար, ըստ հետևյալ հարցադրման՝ հա՞յ ես, թե՞ Նիկոլական։ Ներքին բաժանարարները միշտ էլ վտանգավոր են, բայց և ճիշտ է, որ գնալով իրարից օտարվում են հայ և նիկոլ երևույթները։ Մեկի հաղթանակը կլինի մյուսի անկումը, իսկ տարանջատումն անխուսափելի է։

Դրօշակ-թիվ-2-2025-թ