կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-11-23 21:25
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Յուրաքանչյուր զիջում պահանջում է նոր զիջում՝ անկուշտ է թշնամին․ Հակոբ Բագրատունյան

Դժբախտաբար, Արցախը պարտություն չէր՝ Արցախը հանձնում էր, և եթե Արցախի ազատագրումը Հայ դատի համընդհանուր պայքարի կարևոր հանգրվանն էր և մեր հայացքն ուղղվել էր Արևմտահայաստանի բռնագրավված հողերի ազատագրմանը, հանկարծ եկավ այդ հարվածը՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Լիբանանի Խորհրդարանում հայկական պատգամավորական խմբի ղեկավար, ՀՅԴ Լիբանանի ԿԿ ներկայացուցիչ Հակոբ Բագրատունյանը։

Նա չի բացառում կորուստների վերականգնումը՝ բերելով Ցեղասպանությունից ընդամենը 3 տարի հետո՝  1918թ-ին, Հայաստանի անկախությունը հռչակման օրինակը։ Բայյց սրա համար, առնվազն, պետք է ունենալ անկախ և ազատ ապրելու կամք։

«1918 թ-ին երբ Երևանը գրեթե գաղթականներով ողողված քաղաք էր՝ Սարդարապատով, Բաշ Ապարանով, Ղարաքիլիսայով վերականգնվեց 6-դարյա ստրկությունից հետո Հայաստանի անկախությունը, դա չիրականացավ պարզապես որ զենքի ուժը ունեինք, այլ ունեինք անկախ և ազատ ապրելու կամքը։ Մեր ժողովրդի պատմության պարտությունններ հաճախ ենք կրել, բայց անկախությանը ստրուկ մարդկանց կողմից հնարավոր չէ հասնել, ազատ մտքի թռիչքի կարիքը կա, որ մարդիկ կարողանան անկախ երկրի մասին մտածել»,-ասաց Հակոբ Բագրատունյանը։

Ամեն ինչ հանձնելով խաղաղություն մուրալու ընթացքը նրա համար անհասկանալի և անընդունելի է, ասում է՝  բարօր կյանքը հնարավոր է ապրել միայն ազատ և անկախ երկրում, այլապես քաղաքացի չես լինի, այլ հպատակ, իսկ հայի համար ազատ մարդու, ազատ քաղաքացու և ազատ պետության սկզբունքները 3 սրբազնությունների հավաքականությունն են։

«Եթե Շուշին և Լաչինը Արցախն ու Հայաստանը միացնող շունչի խողովակն են, ինչպե՞ս կարելի է մտածել, որ առանց նրանց Արցախն ուՀայաստանը կարող են շնչել։ Երբ սահմանագոտում զիջումներ են, ինչպե՞ս կարելի է մտածել, որ երկիրը կարող է խաղաղ ապրել»,-ասաց Հակոբ Բագրատունյանը։

Նա նկատեց, որ կամաց-կաաց են հափշտակում, ծունկի բերում ժողովրդին, որ հետո ասեն՝ ահա այս զիջումն է լուծումը։

Յուրաքանչյուր զիջում պահանջում է նոր զիջում՝ անկուշտ է թշնամին, դրա համար թշնամու հետ բարիդրացիությունը նա անիրական է համարում։

Թշնամին 30 տարի ծրագրեց ազատագրված Արցախի գրավումը՝ այլ երկրների, ուժերի օժանդակությամբ, և այսօր, փաստորեն, մենք տեսնումենք, որ նրա նպատակը ազատագրված Արցախի վերագրավումը չէր, այլ նաև Հայաստանի անկախությանը հարվածն էր։

Արցախի ազատագրմանը նաև բազմաթիվ լիբանանահայեր մասնակցեցին, այսօր Արցախում ապրում են լիբանանահայ վերաբնակ ընտանիքներ․  Լիբանանի ԱԺ պատգամավորն ասաց՝ նրանց հետ կապը պահում են, տարբեր ծրագրեր իրականացնում։

Օժանդակության ծրագրերի կարիք կա նաև Լիբանանի ներսում, որտեղ, ըստ Հակոբ Բագրատունյանի, Ցեղասպանությունից հետո մեծագույն տագնապն է, որին ենթարկվում է Լիբանանի ժողովուրդը և, բնականաբար, նաև Լիբանանի հայությունը։

Անկախ առևտրական, տնտեսական ճգնաժամից, կորոնավիրուսի ճգնաժամից, նավահանգստի պայթյունը շատ ծանր հետևանք է ունեցել՝ միայն հայ համայնքից զոհվել են 16 անհատներ։ Հայահոծ շրջանում է պայթյունը տեղի ունեցել՝ հայահոծ Բուրջ Համուտ թաղամասը շատ մոտ է և շատ տներ են քանդվել։ Գումարած մեր ժողովրդի հոգեբանական ընկճվածությունը, և առաջ է եկել արտագաղթելու մտադրությունը։

«Մեզ համար միանշանակ հստակ էր և երբ հարցնում էին՝ մշտապես ասում էինք, որ, այո՛, հասկանում ենք, որ Լիբանանում օրերը շատ դժվար են, հետևաբար, եթե մեկնենք՝ մեկ հասցե ունենք միայն՝ Հայաստան, մեր հայրենիք։ Անկախ այն բանից, որ կարող ենք տարակարծիք լինել օրվա իշխանության հետ, սև ու սպիտակի հարց դնեն, բայց վերջին հաշվով հայրենիքը հայրենիք է, իշխանավորները կգան ու կերթան, սակայն հայրենիքը կմնա հայրենիք»,-ասաց Հակոբ Բագրագտունյանը։

Պայթյունից անմիջապես հետո Հայաստանի իշխանություններն էլ հայրենադարձության լոզունգներ են հնչեցրել, բայց, դժբախտաբար,  լոզունգը մնացել է լոզունգ և այն դժվարությունները, որ լիբանանահայերը ապրում էին Լիբանանում, հիմա էլ մոտավորապես նույն դժվարությունների մեջ են Հայաստանում։

Աննա Բալյան

Մանրամասն՝ տեսանյութում․