Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ես դեռ 1,5 տարի առաջ հարցում էի ուղարկել էկոնոմիկայի նախարարություն, որ իրենք իրենց հաշվարկները ներկայացնեն, թե հայ-թուրքական սահմանի բացման արդյունքում Հայաստանն ինչ օգուտներ կունենա: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
«Իրենք հղում արեցին 2000 թվականի ինչ-որ մի ուսումնասիրության վրա, այն դեպքում, երբ դրա նախաբանում հեղինակն ինքն էլ է ասում, որ սա համապարփակ վերլուծություն չէ, ուղղակի տրանսպորտային հեռավորության կրճատման արդյունքում ՀՀ արտաքին առեւտրային բալանսը ինչքանով կկրճատվի» ,- ասաց նա:
Պատգամավորը հիշեցրեց, որ Հայաստանը շուրջ մեկ տարի արգելել էր թուրքական ապրանքների ներմուծումը եւ էկոնոմիկայի նախարարը բազմաթիվ հիմնավորումներ էր բերել, թե դա ինչ մեծ օգուտներ է, թե ինչքան է զարգացել տեղական արդյունաբերությունը, թե ինչպես է թուրքական ապրանքների ներմուծումը փոխարինվել այլ երկրներից ներմուծումով.
«Միակ բացասականը նշել էին, որ թուրքական ապրանքների էմբարգոն բերել է գնաճի, քանի որ թուրքական ապրանքները մի փոքր ավելի էժան են: Դրա հիման վրա հարցում էի արել ԿԲ-ին, այնտեղից ասել էին, որ թուրքական ապրանքների էմբարգոն որեւէ էական ազդեցություն գնաճի վրա չի ունեցել։ ԱԺ-ում ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը հայտարարել էր, որ կա ուսումնասիրություն, խոստացել էր դրա հիման վրա քննարկում կազմակերպել։ Մի քանի ամիս է անցել, որեւէ քննարկում չի կազմակերպվել: Որեւէ քիչ թե շատ հարգված տնտեսագետ որեւէ դրական բան չի ասել թուրքական սահմանի բացման տնտեսական ազդեցության վերաբերյալ: Հ1-ը հաստիքային մի քանի տնտեսագետ ունի, որ մերկապարանոց պնդումներ են անում, բայց որեւէ ուսումնասիրություն, որեւէ հաշվարկ չի ներկայացվել: Իսկ եթե ավելի կոնկրետ ուզում եք իմանալ՝ ինչ տեղի կունենա, հարցրեք գյուղացիներին, որոնք նույնիսկ այսօր չեն կարողանում իրենց կաղամբը վաճառել»:
Արթուր Խաչատրյանի խոսքով՝ր Թուրքիան փակել է սահմանը, դրել է քաղաքական պահանջներ. «Դա Ցեղասպանության ուրացումն է, Ադրբեջանի ինքնիշխանությունն Արցախի նկատմամբ ճանաչումն է եւ Հայաստանի տարածքով Ադրբեջանի եւ Նախիջեւանի, այսինքն Բոսֆորից մինչեւ Չինաստան թուրքախոս ժողովուրդների միջեւ ցամաքային կապի հաստատումն է»,- ընդգծեց նա:
Անդրադառնալով «Նեմեսիսի» արձանի տեղադրումանը պատգաավորը նշեց, որ ողջունում է, շատ ճիշտ քայլ էր դա․
«Դա իրենց պարտվողական քաղաքականության, թուրքերի առաջ ծնկելու քաղաքականության շարունակությունն է: Իրենք պետք է հասկանան, որ ցանկացած նոր զիջում թուրքերին բերում է նորանոր պահանջների: Եթե առաջ ասում էին՝ 5 շրջան, այսօր ասում են՝ Արցախը մոռացեք, արդեն խոսում են Զանգեզուրի մասին, իրենց, այսպես կոչված, փախստականների վերադարձի մասին, մինչդեռ էդ մարդիկ իրենց տները վաճառել, գնացել են: Պարզ օրինակ ասեմ. ասում ին՝ Կաշենի հանքը փակեք, ճանապարհը կբացենք: Հանքը փակեցին, ճանապարհը չբացվեց: Ցանկացած պահանջի առաջ ընկրկելը բերում է թուրքերի կողմից ավելի լկտի պահանջների»,-ասաց Խաչատրյանը:
Հարցին՝ հնարավո՞ր է ինչ-որ պահի իսկապես «Նեմեսիսի» արձանն ապամոնտաժվի, ընդդիմադիր պատգամավորը պատասխանեց. «Ես որեւէ բան չեմ բացառում: Այո, Թուրքիան չպետք է մեզ ասի, բայց ասում է, սրանք էլ լսում են: 2021-ի սեպտեմբերին, երբ Էրդողանը թռչում էր ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովին, օդանավակայանում իր նխապայմանները դրեց եւ հիմա բոլոր նախապայմանները հատ-հատ կատարվում են»:
Անդրադառնալով բանակցություններին դաշնակցական գործիչը նշեց, որ բանակցություններում հաջողության հասնելու համար բանակցողը պետք է պաշտպանի իր երկրի շահերը.
«Մենք լուրջ կասկածներ եւ հիմնավորումներ ունենք, որ իրենք հայ ժողովրդի շահերը չեն պաշտպանում: Ձեռքերը լվանալ Արցախից, Ադրբեջանի յուրիսդիկցիան Արցախի վրա ճանաչելը հակազգային քայլ է: Մյուս կողմից մենք տեսնում ենք, որ կա կուրի փոփոխություն, այլապես գոնե շնորհքի համար մի քանի հանդիպում Մոսկվայում կանեին: Հիշեք, Արարատ Միրզոյանը հայտարարեց՝ ի՞նչ բանակցություններ, երբ Լաչինի միջանցքը փակ է, միջանցքը 150 օր փակ է, իրենք տարբեր տեղերում բանակցել են: Տրամաբանական կլիներ, որ եթե խոսվում է Արցախի անվտանգության մասին, պետք է խոսվեր այն ուժերի հետ, որոնք պատասխանատվություն են ստանձնել ապահովել Արցախի եւ Քաշաթաղի միջանցքի անվտանգությունը: Եթե Հայաստանը մտահոգություն ունի, որ եռակողմ հայտարարության դրույթները չեն կատարվում, պետք է երեքով նստեն եւ խոսեն: Բայց Հայաստանը դա չի անում: Իսկ ինչ կարող ենք ակնկալել արեւմտյան հարթակներում բանակցություններից, ես շատ հոռետես եմ, բանակցությունները կատարելապես ձախողվեցին Վաշինգտոնում: Ձախողվեցին, որովհետեւ ինչքան էս իշխանությունը զիջումներից է խոսում, Ադրբեջանն ավելի է լկտիանում: Հավանաբար այնպիսի լկտի պահանջներ է ներկայացրել, որ այս իշխանությունները հասկացել են, որ չեն կարողանա կլանել»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ ռուսների թողտվությամբ այսօր Հակարի կամրջի վրա ադրբեջանական անցակետ է դրվել, Արթուր Խաչատրյանն ասաց. «Իսկ եթե Արցախում հիմա ռուսներ չլինեն, ի՞նչ կլինի վաղը Արցախում եւ ինչ կլիներ նոյեմբերի 10-ին Արցախում, եթե նոյեմբերի 9-ին ռուսներն այնտեղ չմտնեին»: