Փոխարժեքներ
11 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.84 |
EUR | ⚊ | € 408.82 |
RUB | ⚊ | ₽ 3.8875 |
GBP | ⚊ | £ 487.91 |
GEL | ⚊ | ₾ 140.28 |
Եվրամիությունը կվերլուծի Հայաստանի կառավարության հավանությանն արժանացած օրինագիծը կառույցին անդամակցության գործընթաց սկսելու մասին և հարցը կքննարկի Հայաստանի իշխանությունների հետ։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը։
«Տեղյակ ենք Հայաստանի եվրոպական ինտեգրման գործընթացին վերաբերող օրինագծի մասին, կվերլուծենք այն և կքննարկենք Հայաստանի իշխանությունների հետ։ Մինչ այդ, մենք արդեն իսկ շատ բան ենք անում՝ իրականացնելով մեր գործող Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը լայնածավալ աջակցության և ԵՄ իրավական ակտերին համապատասխանեցման հնարավորություն է տալիս։ Մենք ավելացրել ենք մեր ֆինանսական աջակցությունը Հայաստանին «ԵՄ-ի կայունության և աճի ծրագրի» շրջանակներում՝ 2024-2027 թվականների համար տրամադրելով 270 միլիոն եվրո՝ ուղղված երկրի սոցիալ-տնտեսական կայունության ամրապնդմանը, ինչպես նաև կապակցվածության, առևտրի և էներգետիկ դիվերսիֆիկացման խթանմանը», - ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը։
Նա հավելել է, որ ԵՄ-Հայաստան հարաբերությունները երբեք այսքան սերտ չեն եղել, որքան հիմա՝ շեշտելով, որ դա հաստատվեց նախորդ տարի մի շարք որոշումներով, մասնավորապես՝ վիզաների ազատականացման երկխոսության գործակմամբ և Եվրոպական խաղաղության հիմնադրամից տրամադրված 10 միլիոն եվրոյի աջակցությամբ։
Հիպերը նաև ասել է, որ Հայաստանում ԵՄ-ին անդամակցելու առնչությամբ քննարկումները ցույց են տալիս Եվրոպական միության և դրա արժեքների գրավչությունը։
Հայաստանի կառավարությունը հունվարի 9-ին հավանություն տվեց Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին նախագծին, որը ներկայացրել էր «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը։ Նախագիծն առաջիկայում քննարկվելու է Հայաստանի խորհրդարանում։
Նշենք՝ Ռուսաստանը ԵՄ-ին Հայաստանի անդամակցության շուրջ քննարկումների մեկնարկը դիտարկում է որպես ԵԱՏՄ-ից երկրի դուրս գալու սկիզբ։ ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների փակումը Հայաստանին սպառնում է սննդամթերքի և էներգիայի գների աճով, ինչպես նաև արտահանման 70-80%-ով կրճատումամբ․ նման կարծիք է հայտնել Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Նրա խոսքով ԵԱՏՄ-ին անդամակցությունն արտոնություն է, մինչդեռ ԵՄ-ին անդամակցելը համեմատելի է «Տիտանիկ»-ի տոմս գնելու հետ՝ դաշինքում առկա տնտեսական և սոցիալական խնդիրների պատճառով։ Վերջում փոխվարչապետը հիշեցրել է, որ ԵԱՏՄ-ն և ԵՄ-ն անհամատեղելի են։
Հավելենք՝ նախորդ օրը Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ևս անդրադարձել էր նույն թեմային՝ նշելով, որ անհնար է միաժամանակ անդամակացել ԵԱՏՄ-ին և լինել ԵՄ անդամ։
«Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, ընդ որում` այդ անդամակցությունը, եթե իրերն իրենց անուններով կոչենք, շատ ու շատ դրական դիվիդենտներ է տալիս Հայաստանին` որպես պետություն, և այդ երկրի ժողովրդին», - նշել է Պեսկովը։