կարևոր
991 դիտում, 1 ամիս առաջ - 2025-01-08 15:58
Աշխարհ

Սիրիայի թուրքամետ նոր առաջնորդն առաջին պաշտոնական այցը Թուրքիա կկատարի Էրդողանին շնորհակալություն հայտնելու համար

Սիրիայի թուրքամետ նոր առաջնորդն առաջին պաշտոնական այցը Թուրքիա կկատարի Էրդողանին շնորհակալություն հայտնելու համար

Սիրիայի նոր իշխանությունների ղեկավար Ահմեդ ալ-Շարաան իր առաջին արտասահմանյան այցը կկատարի Թուրքիա։ Այն կարող է տեղի ունենալ հնարավորինս շուտ։ Այդ մասին հայտնում է Yeni Şafak թերթը, փոխանցում է ТАСС-ը։

Հրապարակման համաձայն՝ այցը պետք է կայանար առաջիկա օրերին, սակայն ծրագրում փոփոխությունների պատճառով հետաձգվել է։ Սպասվում է, որ այցի ընթացքում ալ-Շարաան կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որին, ինչպես գրում է թերթը, Սիրիայի նոր իշխանությունների առաջնորդը մտադիր է շնորհակալություն հայտնել Բաշար ալ-Ասադի վարչակազմը տապալելու գործում աջակցության համար։

Yeni Şafak-ը հիշեցնում է, որ Սիրիայում ընդդիմության իշխանության գալուց հետո Դամասկոս այցելած առաջին օտարերկրյա ներկայացուցիչը Թուրքիայի հետախուզական ծառայության ղեկավար Իբրահիմ Կալինն էր։ Նրան հետևելով Սիրիայի մայրաքաղաք է այցելել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։

2024 թվականի նոյեմբերի վերջին զինված ընդդիմադիր խմբավորումները լայնածավալ հարձակում են սկսել սիրիական բանակի դիրքերի դեմ։ Դեկտեմբերի 8-ին նրանք մտան Դամասկոս, Ասադը հրաժարական տվեց Սիրիայի նախագահի պաշտոնից և լքեց երկիրը։ Դեկտեմբերի 10-ին Սիրիայի նոր իշխանությունները Մուհամմեդ ալ-Բաշիրին նշանակեցին ժամանակավոր կառավարության ղեկավար։ Մեկնաբանելով իր նշանակումը՝ նա հայտարարեց, որ անցումային շրջանը հանրապետությունում կտևի մինչև մարտի 1-ը։