կարևոր
865 դիտում, 2 օր առաջ - 2025-01-04 20:01
Հասարակություն

Որևէ հիմք, արարք չկա, զուտ ենթադրութուններ են․ փաստաբանը՝ Տիրան Խաչատրյանին վերագրվող մեղադրանքի մասին

«Նախաքննական մարմինը, մեր կարծիքով, գնահատականներ է տվել Տիրան Խաչատրյանի գործունեության վերաբերյալ, որոնք իրականությանը չեն համապատասխանում: Մեղադրանքը առաջադրվել է Քրեական օրենսգրքի գործող 550-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով, այն է՝ պաշտոնական անփութությունը, 3-րդ մասն էլ ծանրացնող հանգամանք՝ որպես ռազմական դրության ժամանակ կատարված, այսպես կոչված, հանցանք: Բայց պարոն Խաչատրյանը չի ընդունում իր մեղքը: Ներկայացված կալանքի միջնորդությունը անհիմն է, որովհետև այն հոդվածը, որով մեղադրանք է առաջադրվել, անզգուշությամբ կատարված ենթադրյալ հանցանքի մասին է: Այս պահի դրությամբ այն, ինչ մեզ է փոխանցվել, 5 հատոր է: Գործը իմ տրամադրության տակ է հայտնվել այսօր՝ ժամը 16:00-ի սահմաններում, 3 ժամ հետո էլ դատական նիստ է հայտարարվել: Պարզ է, որ չենք հասցրել ծանոթանալ 5 հատոր գործի նյութերին: Դատական նիստին միջնորդություն ենք ներկայացնելու, որ նիստը հետաձգվի՝ հնարավորություն ունենանք ծանոթանալու»,-այս մասին դատարանի բակում, լրագրողների հետ զրույցւոմ ասաց Տիրան Խաչատրյանի փաստաբան Արմենակ Անդրիկյանը։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ձերբակալել են ՀՀ ազգային հերոս, գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանին։ Պաշտպանական խումբը հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ Տիրան Խաչատրյանին առաջադրված մեղադրանքը (ռազմական դրության ժամանակ զինվորական պաշտոնեական անփութություն), որը նա չի ընդունում, առնչվում է 44-օրյա պատերազմի որոշ հանգամանքների: