կարևոր
805 դիտում, 17 ժամ առաջ - 2024-12-27 17:58
Քաղաքական

Անդրանիկ Միհրանյանի մուտքը ՀՀ արգելելու հարցով ՌԴ նախագահին կից խորհուրդը դիմել է ՄԱԿ

Անդրանիկ Միհրանյանի մուտքը ՀՀ արգելելու հարցով ՌԴ նախագահին կից խորհուրդը դիմել է ՄԱԿ

Քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանի մուտքը Հայաստան մերժելու կապակցությամբ Ռուսաստանի նախագահին առընթեր Մարդու իրավունքների և քաղաքացիական հասարակության զարգացման խորհուրդը դիմել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլկեր Թյուրկին: Այս մասին հայտնում է խորհրդի տելեգրամյան ալիքը։

Դիմումի հեղինակները ՄԱԿ-ի ներկայացուցչին և միջազգային հանրությանը կոչ են արել գնահատական տալ Հայաստանի իշխանությունների՝ իրենց կարծիքով ոչ կոռեկտ գործողություններին:

«Խնդրում ենք գործի դնել ձեր ազդեցությունը և բոլոր հնարավոր միջոցները պաշտոնական Երևանի վրա ազդելու համար՝ Ռուսաստանի քաղաքացի Անդրանիկ Միհրանյանի իրավունքների աղաղակող խախտման հետևանքները վերացնելու նպատակով», - ասված է Մարդու իրավունքների խորհրդի ղեկավար Վալերի Ֆադեևի ստորագրած ուղերձում:

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 15-ին Երևան ժամանած քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանին Զվարթնոց օդանավակայանի անձնագրային անցակետում արգելել են մտնել Հայաստան։ Նշել են, որ նրա մուտքը Հայաստան արգելված է։ Նա Հայաստան էր ժամանել ծնողների շիրիմներին այցելելու նպատակով։ Ռուսաստանն այդ քայլը համարում է դաշնակցային պարտավորություններին հակասող ոչ բարեկամական քայլ։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ Մոսկվան, օգտագործելով երկկողմ դիվանագիտական ​​ուղիները, անմիջապես դիմել է Երևանին՝ նշված որոշման վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար։