Փոխարժեքներ
24 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 395.58 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 3.93 |
GBP | ⚊ | £ 496.33 |
GEL | ⚊ | ₾ 141.2 |
Ամենատարբեր պատվիրակությունների այցն ու դրա ֆոնին երգող, պարող ժողովուրդ. Սիրիայում կյանքը փուլ առ փուլ վերադառնում է իր նախկին ընթացքին: Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Մարիա Գաբրիելյանը Yerkir.am-ի հետ զրույցում պատմեց՝ այնտեղ կայնքի անիվը նոր թափ է առնում, իսկ ժողովրդի մի հատվածը հուսադրված ու ոգևորված է:
«Սիրիայի նոր իշխանությունների կողմից բազմաթիվ խոստումներ ու կոչեր ենք լսում։ Եթե դրանք իրականան, ապա լավ կլինի, բոլոր կողմերը գոհ կմնան: Այդ խոստումները, կոչերն ու հավաստիացումները լսելով ժողովուրդը նոր իշխանությունների հետ մեծ հույսեր է կապում»:
Չնայած, որ Սիրիայում ակնհայտ փոփոխություններ դեռևս չկան, բայց Գաբրիելյանի դիտարկմամբ՝ հիմնական զարգացումները քաղաքական դաշտում են իրականանում, ամենատարբեր պատվիրակություններն են այցելում Սիրիա:
«Այս իմաստով փոփոխություններ տեղի են ունենում, որի շնորհիվ էլ իրավիճակը գնալով հանդարտվում է: Թուրքիայի, արաբական երկրների ու Եվրամիության պատվիրակություններն են այցելել մայրաքաղաք: Նաև կարևոր հանդիպումներ ու քննարկումներ են տեղի ունեցել ԱՄՆ-ի պատվիրակության հետ»,- ասաց նա:
Տնտեսական իմաստով ճգնաժամը գնալով հանդարտվում է. ջրի, գազի և մի շարք այլ խնդիրներ իրենց լուծումները ստացել են: Գաբրիելյանը պատմեց՝ փողոցներում արդեն ապահով է, զինյալներն էլ հազվադեպ են երևում:
«Այս իրավիճակը կշարունակվի մինչև մարտի մեկը՝ մինչև անցումային կառավարությունն իր աշխատանքները կավարտի: Առաջիկա օրերին պիտի խորհրդաժողով անցկացվի, որի ընթացքում մի հարկի տակ են հավաքվելու Սիրիայի բոլոր համայնքների ներկայացուցիչները: Այս խորհրդաժողովի ընթացքում նոր հանձնաժողով կընտրվի, որը պիտի «խմբագրի» երկրի Սահմանադրությունը, դրանից հետո, կարծում եմ, փոփոխություններ տեղի կունենան: Սա շատ դրական քայլ է»:
Անդրադառնալով հայ համայնքի ու Սիրիայի նոր իշխանությունների հարաբերություններին, Գաբրիելյանը նկատեց.
«Այժմ հանգիստ իրավիճակ է այստեղ: Առաջին օրերին երաշխավորեցին մարդկանց անվտանգությունը․․․ գիտեք՝ մարդիկ ահ ու սարսափի մեջ էին ապրում: Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա՝ կյանքը շարունակվում է նախկինի նման, եկեղեցիները բաց են, շարունակում են իրենց աշխատանքները»,- ասաց Գաբրիելյանն ու հավելեց՝ այն հայերը, որոնք ժամանակավորապես տեղափոխվել են Հայաստան, շատ չեն:
«Սիրիահայ համայնքը վերադառնում է իր բնականոն կյանքին․ դպրոցները վերսկսել են իրենց աշխատանքը, աշակերտները բնականոն կերպով հաճախում են դպրոցներ: Մանկապարտեզները ևս աշխատում են, խանութներից մինչև աշխատավայրեր բաց են»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանը հայտնել էր, որ Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը դեկտեմբերի 19-ից կվերսկսի իր աշխատանքները:
Սիլվի Մուրադյան