Փոխարժեքներ
24 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 395.75 |
EUR | ⚊ | € 411.42 |
RUB | ⚊ | ₽ 3.97 |
GBP | ⚊ | £ 496.07 |
GEL | ⚊ | ₾ 141.09 |
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները դեկտեմբերի 9-ին փակ խորհրդակցությունների ժամանակ քննարկել են Սիրիայում իրավիճակի հետ կապված փաստաթղթի ստեղծման անհրաժեշտությունը, որը կարող է հրապարակվել առաջիկա օրերին։ Այս մասին լրագրողներին ասել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։
Ինչպես նշել է դիվանագետը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի խորհրդակցությունները Սիրիայի հարցով դրական են եղել։
«Մենք խոսել ենք խորհրդի կողմից փաստաթղթի մշակման անհրաժեշտության մասին։ Այսօր ոչ ոք պատրաստ չէր դրան, բայց կարծում եմ` առաջիկա օրերին մենք դա կտեսնենք», - նշել է Նեբենզյան։
Մեկնաբանելով Սիրիայում վերջին իրադարձությունները՝ ՌԴ դիվանագետը հայտարարել է, որ բոլորը, այդ թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները, զարմացած էին Սիրիայում տեղի ունեցած իշխանափոխությամբ։
«Բոլորը զարմացած էին այս իրադարձություններից։ Բոլորը, այդ թվում՝ խորհրդի անդամները»,- ասել է նա։
ՌԴ մշտական ներկայացուցչի խոսքով՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը «քիչ թե շատ» համակարծիք է Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտության հարցում։
«Խորհուրդը, կարծում եմ, քիչ թե շատ միակարծիք էր Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման, քաղաքացիական բնակչության պաշտպանությունն ապահովելու անհրաժեշտության հարցում»,- ասել է Նեբենզիան։
Ինչպես նշել է դիվանագետը, Ռուսաստանը հետևելու է Սիրիայում տիրող իրավիճակին և գնահատելու է այն։
«Մենք պետք է սպասենք, հետևենք և գնահատենք, թե ինչպես է զարգանում իրավիճակը»,- ասել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչը։
ՄԱԿ-ում Սիրիայի դեսպան Քուսայ Ալդահհակը նիստից դուրս լրագրողներին ասել է, որ իր առաքելությունը և արտերկրում Սիրիայի բոլոր դեսպանատները հրահանգներ են ստացել շարունակել իրենց աշխատանքը և պահպանել պետական հաստատությունը անցումային շրջանում:
«Այժմ մենք սպասում ենք նոր կառավարությանը, բայց միևնույն ժամանակ մենք շարունակում ենք ներկայիս կառավարության և ղեկավարության հետ»,- ասել է նա՝ հավելելով, որ Ասադի կողմից նշանակված Սիրիայի արտգործնախարար Բասամ Սաբբաղը դեռ Դամասկոսում է։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 27-ին «Ջեբհաթ ան Նուսրա»-ի զինյալները խախտել են հրադադարի մասին համաձայնագիրը և գրոհել Սիրիայի Հալեպ և Իդլիբ Նահանգների վրա: Սիրիական բանակին աջակցում են Ռուսաստանի օդատիեզերական ուժերը՝ հարվածներ հասցնելով ահաբեկիչների տեխնիկային, կառավարման կետերին, պահեստներին և հրետանային դիրքերին։ Նոյեմբերի 30-ին հայտնի դարձավ, որ թուրքամետ արմատական խմբավորումները գիշերվա ընթացքում գրեթե ամբողջությամբ գրավել են Սիրիայի Հալեպ քաղաքը, իսկ Հալեպի գլխավոր հյուպատոսությունն ու Հայկական մարդասիրական առաքելությունը տարհանվել են։ Դեկտեմբերի 5-ի երեկոյան հայտնի դարձավ, որ հակակառավարական ուժերը գրավել են Սիրիայի կենտրոնական Համա քաղաքը, դեկտեմբերի 7-ի երեկոյան՝ Հոմսը, իսկ դեկտեմբերի 8-ի առավոտյան՝ մայրաքաղաք Դամասկոսը: