Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Հալեպում դեկտեմբերի 16-ից կբացվեն ուսումնական հաստատությունները, ընկերությունները կվերսկսեն իրենց գործունեությունը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Բերիո հայոց թեմի լրատվության պատասխանատու Մարիա Գաբրիելյանը։
Նա նշեց, որ Հալեպում իրավիճակը կայուն է, քաղաքը հետզհետե վերադառնում է բնականոն կյանքին։
«Այսօր որոշում կայացվեց բացել կրթական կենտրոնները` համալսարանները, դպրոցները, մանկապարտեզները։ Աշակերտները, ուսանողները սովորականի նման կվերադառնան նորմալ դասապրոցեսի»,–ասաց Գաբրիելյանը։
Նրա խոսքով` զինված անձանց ներկայությունը քչացել է, պարետային ժամ այլևս չկա։
«Մարդիկ վաղվանից կվերադառնան իրենց աշխատանքին։ Այսօրվանից գործում են ճաշարանները, սրճարաններն ու ռեստորանները։ Ճաշարաններ կան, որ մի քանի օր է` բաց են։ Շատերը կոչ են անում տոնական մթնոլորտ ապահովել Սուրբ ծննդյան շաբաթից առաջ։ Քրիստոնյա համայնքները պատրաստվում են Ամանորին, նույնիսկ սկսել են փողոցները զարդարել»,– ասաց նա։
Գաբրիելյանի խոսքով` նոր իշխանությունները խրախուսում են, որ փոքրամասնություններն իրենց տոները նշեն, ինչպես դա անում էին նախորդ տարիներին։
«Այսօր Սուրբ Հակոբի տոնն է, և, ինչպես ամեն տարի, այսօր էլ եկեղեցում սուրբ պատարագ մատուցվեց, ջրօրհներգ եղավ»,–ասաց նա։
Անդրադառնալով օդանավակայանների աշխատանքին` Գաբրիելյանը նշեց` իրենց խոստացել են, որ առաջիկայում և՛ Դամասկոսի, և՛ Հալեպի օդանավակայանները կսկսեն աշխատանքը։ Այժմ բոլոր ավտոճանապարհները բաց են, հասարակական տրանսպորտն աշխատում է, թեև ոչ այնքան ինտենսիվ, քանի որ մի շարք ընկերություններ դեռ փակ են։ Վերջին օրերին քաղաքում ջրի խնդիր կա. բախումների հետևանքով վնասվել է ջրամատակարարման համակարգը։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 27-ին «Ջեբհաթ ան Նուսրա»-ի զինյալները խախտել են հրադադարի մասին համաձայնագիրը և գրոհել Սիրիայի Հալեպ և Իդլիբ Նահանգների վրա: Սիրիական բանակին աջակցում են Ռուսաստանի օդատիեզերական ուժերը՝ հարվածներ հասցնելով ահաբեկիչների տեխնիկային, կառավարման կետերին, պահեստներին և հրետանային դիրքերին։ Նոյեմբերի 30-ին հայտնի դարձավ, որ թուրքամետ արմատական խմբավորումները գիշերվա ընթացքում գրեթե ամբողջությամբ գրավել են Սիրիայի Հալեպ քաղաքը, իսկ Հալեպի գլխավոր հյուպատոսությունն ու Հայկական մարդասիրական առաքելությունը տարհանվել են։ Դեկտեմբերի 5-ի երեկոյան հայտնի դարձավ, որ հակակառավարական ուժերը գրավել են Սիրիայի կենտրոնական Համա քաղաքը, դեկտեմբերի 7-ի երեկոյան՝ Հոմսը, իսկ դեկտեմբերի 8-ի առավոտյան՝ մայրաքաղաք Դամասկոսը: