Փոխարժեքներ
26 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.06 |
EUR | ⚊ | € 411.07 |
RUB | ⚊ | ₽ 3.98 |
GBP | ⚊ | £ 496.46 |
GEL | ⚊ | ₾ 141.27 |
Օրեր առաջ Yerkir.am-ը ահազանգել էր, թե ինչպես են օրը ցերեկով Երևանի Դավթաշեն վարչական շրջանի 10-րդ փողոցի վրա 3 բետոնե խոշոր ծաղկաման շարել և ապօրինի կերպով փակել տրանսպորտային երթևեկության համար (դա փաստող լուսանկարները՝ այստեղ): Արդյունքում, Դավթաշենի կամրջից դեպի 16-րդ թաղամաս ու Աշտարակի խճուղի գնացող մեքենաները ստիպված են մի խաչմերուկ իջնել ներքև ու նորից բարձրանալ վերև, նույնը՝ հակառակ ուղղությամբ:
Գրավոր դիմել էինք քաղաքապետին՝ հետաքրքրվելով՝ տեղյա՞կ է, որ իր մայրաքաղաքում մարդիկ կան, որոնք կարող են օրը ցերեկով ծաղկաման շարել ու փողոց փակել: Օրեր անց Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավար Ալբերտ Հովասափյանից ստացանք պատասխան գրություն, ըստ որի՝ համաձայն «Դավիթաշենի 10-րդ փողոցն ապօրինի փակելու վերաբերյալ մեր դիմումի՝ տեղեկացնում եմ, որ նշված հասցեից ծաղկամանները տեղափոխվել են»:
Պատասխանից ենթադրելի էր, որ փողոցը բացվել է: Մի փոքր ուրախացանք, որ նպաստել ենք ապօրինության վերացմանը: Բայց մեր ուրախությունը կարճ տևեց, երբ երեկ երեկոյան փորձեցինք երթևեկել նշված փողոցով և, ո՜վ զարմանք… բետոնե ծաղկամանները շարված էին այնպես, ինչպես նախկինում, և փողոցը, բնականաբար, փակ էր, ահա թարմ լուսանկարը:
Պարո՛ն Ավինյան, խնդրում եմ պարզաբանեք՝ թաղապե՞տն է խաբել ու սխալ զեկուցել Ձեզ, թե՞ քաղաքացիները թքած ունեն քաղաքային իշխանության և, ընդհանրապես, պետական ինստիտուտների վրա, և առանց վախենալու նորից շարել են իրենց տեղերում: Բա էս երկրորդ դեպքում էն փողոց փակող ցուցարարների վրա հարձակվող բերետավորներն ինչի՞ չեն միջամտում, ինչո՞ւ են քաղաքացու հարկերից ռոճիկ ստանում, երբ օրը ցերեկով «բարդակը» շարունակվում է մայրաքաղաքում:
Մի փողոց չեք կարողանում բացել, դուք Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ սահման բացող ե՞ք, խաղաղություն բերող ե՞ք:
Հ.գ. Անկախ ամեն ինչից՝ հետամուտ ենք լինելու, որ այս ամենաթողությունը կանխվի, և փողոցը բացվի:
Վ. Սարգսյան