կարևոր
7771 դիտում, 1 տարի առաջ - 2023-05-04 22:18
Հասարակություն

Թուրքիայի քաղաքացիները ՀՀ-ում 46 միավոր գույք ունեն, Ադրբեջանի քաղաքացիները՝ 5

Թուրքիայի քաղաքացիները ՀՀ-ում 46 միավոր գույք ունեն, Ադրբեջանի քաղաքացիները՝ 5

Թուրքիայի ու Ադրբեջանի քաղաքացիները Հայաստանում անշարժ գույք են ձեռք բերում: Տեղեկությունը պաշտոնապես «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ կադաստրի կոմիտեից։

Մասնավորապես, «Փաստինֆո»-ն գրավոր հարցմամբ խնդրել էր տեղեկություն տրամադրել՝ օտարերկրյա քաղաքացիների, այդ թվում՝ Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքացիների կողմից ՀՀ-ում ձեռք բերված գույքի, դրանց տեսակի մասին՝ 2018-2023թթ ընթացքում։

Կադաստրի կողմիտեից «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան նախ արձանագրել են, որ Թուրքիայի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության իրավաբանական անձանց կողմից ՀՀ-ում սեփականության իրավունքով գույք ձեռք չի բերվել: Համենայն դեպս` իրավաբանական անձանց անունով գրանցված անշարժ գույք առկա չէ:

Փոխարենը` Հայաստանում սկսել են գույք ձեռք բերել Թուրքիայի ու Ադրբեջանի քաղաքացի հանդիսացող ֆիզիկական անձինք: Կադաստրի կոմիտեից հայտնել են, որ Թուրքիայի քաղաքացիություն ունեցող անձինք 2018-2022թթ Հայաստանում ձեռք են բերել ընդհանուր առմամբ 46 անշարժ գույք, որից 40-ը բնակարան, 2-ը՝ բնակելի տուն, 3-ը՝ հասարակական, 1-ը՝ հող։ Բնակարաններից 7-ը ձեռք է բերվել 2018թ, 12-ը՝ 2019թ. , 2-ը՝ 2020 թ., 8-ը՝2021թ, 11-ը 2022թ.։ Բնակելի 2 տունը և հասարակական 3 գույքը ձեռք են բերվել 2019թ։ Նույն թվականին ձեռք բերված 1 հողատարամասը 2021թ. օտարվել է։

Թուրքիայի քաղաքացիներից բացի, պարզվում է, 2018-2023թթ ընթացքում ՀՀ-ում գույք են ձեռք բերել նաև Ադրբեջանի քաղաքացիներ, իհարկե՝ առավել քիչ թվով։ Այսպես, 2018-2022թթ ընթացքում Ադրբեջանի քաղաքացիները ձեռք են բերել ընդհանուր առմամբ 3 բնակարան, 1 բնակելի տուն, 1 հասարակական տարածք։ Բնակարանները ադրբեջանցիները ձեռք են բերել 2018թ, 2019թ, և 2022թ., բնակելի տունը՝ 2022թ., հասարակական տարածքը՝ 2019թ.։

Աղբյուր` Փաստինֆո