Փոխարժեքներ
26 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Տարիներ առաջ Երևանի Դավթաշեն վարչական շրջանի 10-րդ փողոցը քանդել էին, վրան մի ծառի մեծ ճյուղ դրել ու այդպես թողել, ինչի պատճառով երթևեկությունը դադարեցվել էր այդ փողոցով: Տպավորություն էր՝ ջրագիծ կամ կոյուղատար էին անցկացնում: Օրերս բախտ վիճակվեց կրկին անցնել այդ փողոցով: Մտածեցի՝ փողոցը վաղուց արդեն բացված կլիներ, քանի որ տարիներ էին անցել: Բայց դա միայն բարի ցանկություն էր. փողոցը ոչ թե բացվել էր, այլ 3 բետոնե խոշոր ծաղկամանով վերջնական փակվել: Արդեն պարզ էր, որ դրան նախորդած քանդումն էլ ուղղակի դիտավորյալ էր, մարդկանց աչքը սովորեցնելու համար, քանի որ միանգամից ծաղկաման շարելն ու փողոցը փակելը կարող էր մարդկանց զայրույթն առաջացնել:
Փողոցը նե՞ղ է, հանդիպակաց մեքենաները դժվա՞ր են անցնում, շատ բարի, դիմեք քաղաքապետարան, թող դարձնեն միակողմանի, հազար կարգ ու ձև կա լուծման, և որևէ մեկին իրավունք չի տրված ծաղկամաններ շարելով հարցը «լուծել», ինչի արդյունքում, օրինակ, Դավթաշենի կամրջից դեպի 16-րդ թաղամաս ու Աշտարակի խճուղի գնացող մեքենաները ստիպված են մի խաչմերուկ իջնել ներքև ու նորից բարձրանալ վերև:
Մենք չգիտենք՝ ո՞ւմ հանճարեղ գլխում է ծնվել այդ միտքը, որ կարելի է սեփական քմահաճույքով փակել փողոցն ու մարդկանց ստիպել չանցնել այդտեղով. կողքի շքեղ տան տե՞րն է դրա հեղինակը, փակված փողոցի վրա կայանած ավտոմեքենայի՞ տերը, թե՞ մեկ ուրիշ տանտեր է լավ զգում իրեն, միգուցի բոլորը միասի՞ն են կոնսենսուսի եկել, որ իրենք կարող են հանրային օգտագործման փողոցը փակել, քանի որ այն «իրենցն է», իրենց տների դեմով է անցնում, և իրենք էլ հենց կարող են որոշել ու փակել փողոցը, թեման էլ հետը:
Գրավոր դիմել ենք քաղաքապետին՝ հետաքրքրվելով՝ տեղյա՞կ է, որ իր մայրաքաղաքում մարդիկ կան, որոնք կարող են օրը ցերեկով ծաղկաման շարել ու փողոց փակել: Այդ ինչպե՞ս է, որ Փաշինյանի դեմ փողոց փակող մարդիկ 10 րոպեից նկատվում են ու ջարդուխուրդ արվելով հեռացվում, իսկ փողոցը փակած ծաղկամանները տարիներով մնում նույն տեղում:
Ակնկալում ենք նաև ՆԳ նորանշանակ նախարար Արփինե Սարգսյանի հրատապ միջամտությունն այս սանձարձակության դեմն առնելու, դրանց հեղինակներին պատասխանատվության ենթարկելու և փողոցը ժամ առաջ բացելու գործում:
Վ.Ս.