կարևոր
4519 դիտում, 4 ամիս առաջ - 2024-06-24 15:02
Հասարակություն

«Այս մարդիկ ուղղակի թքած ունեն ժողովրդի և օրենքի վրա»․ ահազանգ՝ ապօրինի շինթույլտվության մասին

Yerkir.am-ը ստացել է ահազանգ քաղաքապետարանի տված ապօրինի շինթույլտվության մասին, որը թեպետ դատարանը կասեցրել է, սակայն աշխատանքները չեն դադարում։

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ մայիսի 17-ին դատարանը կասեցրել է Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ռիգայի փողոցում ապօրինի շինթույլտվություն։ «Ապօրինի շինթույլտվություն է եղել։ Այն տրվել է 2023-ի նոյեմբերին։ Փաստվել է, որ շինթույլտվությունը տրված է խախտումների հիման վրա։ Տեղեկանալով դրանց մասին՝ դիմել ենք դատարան։ Երկու տեսակի փորձաքննություն է իրականացվել․ առաջինը՝ ինչ խախտումներ են առաջացել, որին քաղաքապետարանն ընդհանրապես ուշադրություն չի դարձրել և երկրորդ՝ ինչպիսի՞ վնասներ է կրելու սեփականատերը։ Արդյունքում դատարանը տվել է կասեցման որոշում։ Քաղապետարանը ծանուցվել է՝ ստանալով նամակ մայիսի 30-ին։ 5-օրյա ժամկետ է տրված՝ բողոքարկելու դատարանի որոշումը կամ դադարեցնելու աշխատանքները մինչև դատական գործընթացի ավարտն ու դատարանի վերջնական որոշումը։ Քաղաքապետարանը մինչ օրս մատնված է անգործության» ,-ընդգծեց քաղաքացին։ 

Նա նշում է, որ ընթացող աշխատանքներն անգամ շիննորմերին չեն համապատասխանում։ «Ինչ-որ ջրագիծ են անցկացնում, կոյուղի են քաշում, որի պատճառով էլ փողոցը փոշու մեջ կորած է։ Քաղաքացիները դժգոհում են» ,-հավելեց քաղաքացին։

Շաբաթ՝ հունիսի 22-ին, ոստիկանության աշխատակիցներ են ժամանել դեպքի վայր, կասեցրել գործընթացն ու արձանագրություն պատրաստել, իսկ ոստիկանների գնալուց հետո աշխատանքները վերսկսվել են։ Կրկին հայտ է ներկայացվել ոստիկանություն և նրանք նորից պետք է դեպքի վայր այցելեն։ «Այսօրվա դրությամբ՝ ոստիկանությունն է միայն, որ փորձում է կասեցնել այդ աշխատանքը, իսկ թաղապետարանն ու քաղաքապետարանն ասում են՝ ծանուցված չեն։ Քաղաքապետարանի աշխատողն ասում է՝ իրենք տեղյակ չեն եղել։ Դատարանի կայքից պարզ երևում է, որ իրենք ծանուցվել են մայիսի 30-ին։ Քաղապետարանը մինչ օրս աչք է փակում»։ Քաղաքացու փոխանցմամբ՝ իրենց փաստաբանները քանի անգամ են այս հարցով դիմել քաղաքապետարանին, իսկ քաղաքային իշխանություններն անտեսում են։ «Այս մարդիկ ուղղակի թքած ունեն ժողովրդի և օրենքի վրա, անգործություն ու վերապահություն են դրսևորում» ,-եզրափակեց քաղաքացին։