կարևոր
1261 դիտում, 1 ամիս առաջ - 2024-12-12 14:50
Աշխարհ

Իսրայելն ասում է, որ ոչնչացրել է Սիրիայում զենքի «ռազմավարական պաշարների մեծ մասը»

Իսրայելն ասում է, որ ոչնչացրել է Սիրիայում զենքի «ռազմավարական պաշարների մեծ մասը»

Իսրայելական բանակը հայտարարել է, որ վերջին երկու օրվա ընթացքում ոչնչացրել է «Սիրիայի ռազմավարական զենքի պաշարների մեծ մասը»՝ մի քանի հարյուր հարվածներ հասցնելով հարևան երկրում, որը քաոսի մեջ է ընկել Բաշար ալ-Ասադի ռեժիմի տապալումից հետո:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Իսրայելի զինվորականները Սիրիայի հետ սահմանին բուֆերային գոտի են գրավել՝ պետության անվտանգությունն ապահովելու համար։

«Իսրայելը թույլ չի տա ջիհադիստական ​​խմբավորումներին սպառնալ Գոլանի բարձունքներում գտնվող իսրայելական բնակավայրերին։ Ահա թե ինչու իսրայելական ուժերը մտան բուֆերային գոտի և վերահսկողության տակ առան իսրայելական սահմանի մոտ գտնվող ռազմավարական վայրերը։ Այս տեղակայումը ժամանակավոր է, քանի դեռ 1974 թվականի համաձայնագրին հավատարիմ ուժեր չեն ստեղծվել, և մեր սահմանի անվտանգությունը երաշխավորված չէ»,- ասվում է հայտարարության մեջ։

Վարչապետի գրասենյակը նշել է, որ Սիրիայում Բաշար ալ-Ասադի իշխանության անկումը վակում է ստեղծել իսրայելա-սիրիական սահմանին և 1974 թվականի ուժերի բաժանման համաձայնագրով ստեղծված բուֆերային գոտում։

Հիշեցնենք՝ երկուշաբթի Իսրայելի ռազմաօդային ուժերը լայնածավալ ռմբակոծություններ են իրականացրել Սիրիայում ռազմական և պաշտպանական օբյեկտների վրա։ Բանակը հատել է սահմանը և գրավել բուֆերային գոտին Գոլանի բարձունքներում։ Նեթանյահուն ասել է, որ Գոլանի բարձունքները հավերժ կմնան Իսրայելի «անբաժանելի մասը»:

Գոլանի բարձունքները եղել են Սիրիայի կազմում մինչև 1967 թ.։ Վեցօրյա պատերազմի ժամանակ իսրայելական զորքերը գրավեցին այս տարածքը։ 1973 թվականի Յոմ Կիպուրի պատերազմից հետո կողմերը համաձայնություն կնքեցին զինադադարի և զորքերի բաժանման մասին։ 1974 թվականին Գոլանի բարձունքներում հայտնվեցին ՄԱԿ-ի խաղաղապահ հենակետերը։