«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- Փաշինյանը պաշտոնանկություններով մի քանի հարց է ուզում լուծել։ Նախ, նա միշտ պատրաստվում է ընտրությունների, ապա միշտ փորձում է մեղքը բարդել ուրիշների վրա, զբաղեցնել հասարակությանը, թիմակիցների մոտ ուժի ցուցադրություն անել։
- Այն պահին, երբ Փաշինյանը հասկանա, որ կարող է հաղթել արտահերթ ընտրություններում, նա կգնա դրան։ Իսկ արտահերթ ընտրությունների պահանջը դրվում է Ադրբեջանի կողմից։ Ալիևը չի համաձայնում 2027թ․ Սահմանադրություն փոխել, ավելի շուտ է ուզում։ Փաշինյանը կապիտուլյացիայի պայմանագիրը ձեռքին՝ կընկնի գյուղերը ու հիմա էլ կփորձի համոզել, որ դա է լավը։ Արտահերթ ընտրությունների գնալու նաև աշխարհաքաղաքական գործոն կա ու երկրի տնտեսության անընդհատ անկում ապրող վիճակը։ Երկրի տնտեսական վիճակը գնալով վատթարանում է, ժողովրդի դժգոհությունն էլ ավելի մեծ է լինելու:
- Փաշինյանը չի կարողանալու ապահովել տնտեսական աճի՝ ռուսական սանկցիաները շրջանցելով պայմանավորված գործոնը։ Ու դա շատ լուրջ պրոբլեմ է առաջացնելու երկրի սոցիալ-տնտեսական կյանքում։
- Խնդիրը բոլորովին էլ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի լուսանկարը չէ Ալեն Սիմոնյանի հետ և նույնիսկ գործուղումը չէ։ Խնդիրը նրա դիրքորոշումն է ու հարցազրույցը։ Եթե Գեղամ Նազարյանի մոտ դիրքորոշում է փոխվել խմբակցության որդեգրած քաղաքականության նկատմամբ, առնվազն այդ հարցը պիտի քննարկվի խմբակցության ներսում։ Սա առաջին դեպքը չէ։ Մշտապես փորձել ենք խնդիրները հարթել, որովհետև մենք ունենք մեկ թիրախ ու նպատակ, բայց եթե հանրության մոտ խնդիրներ կան, հարցը պետք է քննարկվի։ Առաջիկա օրերին խմբակցությունում Գեղամ Նազարյանի հարցը կքննարկվի, կլսենք իրեն ու որոշում կկայացնենք։
- Այո՛, մեր խմբակցությունն ունի որոշում, որ միջազգային հարթակները պետք է օգտագործենք մեր խնդիրները բարձրացնելու համար։ Եղել է ժամանակ, որ բոյկոտել ենք ԱԺ գործուղումները, բայց տեսել ենք, որ իշխանությունն օգտվում է դրանից։ Եվ, այո՛, եթե կա հնարավորություն այլ հարթակներում հակադիր տեսակետներ ներկայացնելու, պիտի անենք։ ԵԽԽՎ-ում ու միջազգային այլ կառույցներում մենք շարունակում ենք մեր աշխատանքը։ Իսկ բարեկամական խմբերի դեպքում՝ ըստ իրավիճակի, քննարկում ու որոշում ենք կայացնում մասնակցության ձևաչափի վերաբերյալ։ Տասնյակ կազմակերպությունների հետ հանդիպելու ու պատվիրակությունների կազմում ընդգրկվելու բազմաթիվ հրավերներ մերժել ենք։ Մենք Ալեն Սիմոնյանի կամ որևէ մեկի քմահաճույքով չենք առաջնորդվելու։ Մենք ենք որոշում՝ որտեղ լինենք և որտեղ՝ ոչ։ Կրկնում եմ՝ խնդիրը լուսանկարը չէ։ Եթե որևէ պատգամավոր հրաժարվում է այն գծից, որը մենք 4 տարի որդեգրել ենք, այո՛, դա ամոթ է։
- Մենք հաշտ չենք այն մտքի հետ, որ պետք է սահուն կերպով գնանք դեպի 2026թ․ ընտրություններ ու հրաժարվենք փողոցային պայքարից ու այս իշխանության դեմ ավելի կոշտ միջոցներով պայքարելու եղանակներից։
- Դաշնակցությունը շատ առողջ օրգանիզմ է։ Մշտապես կա պայքար, քննարկումներ, բայց այդ խնդիրները անձերով պայմանավորված չեն։ Հավատացնում եմ, որ ՀՅԴ հայաստանյան կառույցում խնդիրներ չկան, հատկապես՝ անձնավորված։ Դաշնակցության 134-ամյա պատմությունը ցույց է տալիս, որ բոլոր խնդիրներից մենք դուրս ենք գալիս ավելի ուժեղացած։ Ամերիկյան թևի հետ խնդիրներ եղել են, բայց դրանք ամբողջությամբ հարթված են։ Ամեն դեպքում որևէ խնդիր չի կարող անդրադառնալ կուսակցության որդեգրած գծի վրա՝ Արցախ, անվտանգություն, այս չարիքի իշխանության հեռացում։
- ՀՅԴ-ն ամերիկյան ընտրություններում որևէ մեկի օգտին աջակցությամբ հանդես չի եկել, որովհետև երկու թևի հետ էլ՝ և Դեմոկրատական, և Հանրապետական, աշխատել ենք։ Բայց մենք շատ մոտ հարաբերություններ ունենք թե՛ օրենսդիրում, թե՛ գործադիրում, նաև սենատորների հետ, ովքեր լինելու են Թրամփի կառավարության մեջ։ Անհատական մակարդակով գուցե հայտարարություններ եղել են, բայց Հայ դատի վաշինգտոնյան կամ լոսանջելեսյան գրասենյակները որևէ հայտարարություն չեն արել։
- Ես շատ կարևոր եմ համարում Փաշինյանի դեմ գաղափարական պայքարի անհրաժեշտությունը։ Փաշինյանը ստում է, երբ ասում է՝ «իզմ»-եր չունի։ Լավ էլ ունի՝ ապազգային, սպառողական հասարակություն ստեղծելու գաղափարախոսությունն է։ Այս իմաստով ընդդիմության համար շատ կարևոր է գաղափարական պայքարը։
- 2021 թվականին 300.000-ից ավելի մարդ քվեարկել է մեր օգտին։ Անցնող 4 տարիների ընթացքում շարունակվել է երկրից տարածքների հանձնումը, և մենք դեռ, ցավոք, չենք կարողացել դիմագրավել այդ մեքենային։ Այդ իմաստով մարդկանց՝ մեզ ուղղված քննադատությունը հասկանալի է։ Բնականաբար, մարդիկ ինձնից պիտի պահանջեին, հո Էդմոն Մարուքյանի՞ց չէին պահանջելու։ Բայց կա կեղտոտ քարոզչամեքենա, որն արևի տակ տեղ ունենալու համար իշխանության կեղտոտ թեզերը բերում ու կապում է մեզ՝ ջուր լցնելով իշխանության մեքենային։ Ցինիկությունը հասել է այն աստիճանի, որ Էդմոն Մարուքյանը մեզ մեղադրում է իշխանության հետ համագործակցելու ու աշխատավարձ ստանալու մեջ։ Բոլոր ուժերը, ովքեր մեզ քննադատում են, հրաշալի հնարավորություն ունեն ժողովրդի հետ աշխատելու, բայց չեն աշխատում ու միայն մեզ են քննադատում։ Որ մեկը հեռախոսով 2 հատ լայվ է անում, ասում է՝ դուք չլինեք, ես կլինեմ։ Մենք էլ ասում ենք՝ թող անեն, ամեն կերպ կաջակցենք նրանց, թող գան։ Ցավոք, իշխանությունից դժգոհ մարդկանց ողջ ծածկույթը մենք չենք փակում։ Նոր ուժերի կարիք, իհարկե, կա։ Բայց ոչինչ չանող մարդիկ են պահանջում մեզ դաշտը լքել։ Սա պրիմիտիվ է։
- Միքայել սրբազանի տված հարցազրույցների արդյունքն այն էր, որ ինքն ու իր արտահայտած մտքերը մի քանի օր շարունակ Փաշինյանի ընտանեկան լրատվամիջոցի՝ «Հայկական ժամանակի» գլխագրերում էին։ Արդյունքը պառակտվածություն առաջացնելն էր ու այն էֆեկտը, որ ասողը Սրբազանն էր։
- Հայ ժողովրդի ողջ կենսագրության մեջ ամենահակապետական ուժն այս իշխանություններն են, և իրենց քաղաքականությունը հիմնավորելու համար ամեն ինչ անելու են, որպեսզի ազգային ուժերին դուրս մղեն, որ կարողանան իրենց ապազգային ծրագիրն իրականացնել։ Դրա համար իրենց կեղծ այլանդակ քարոզչությամբ, իրենց մերձավոր քաղաքական ուժերի ու կազմակերպությունների, անհատների միջոցով ամեն ինչ անում են մեզ վարկաբեկելու համար։ Իրենց մամուլից սկսած, վերջացրած՝ ՔՊ-ական ֆրակցիայով, նույն բառապաշարն են կիրառում՝ տեռորիստ, ռևանշիստ և այլն։ Նույն բառապաշարը, ինչ Հայաստանի ընդդիմության վերաբերյալ օգտագործում են Ալիևն ու Էրդողանը: Այս իրավիճակում ստանդարտ լուծումներ չկան։ Կա՛մ սրանք պետք է գնան, կա՛մ այստեղ Հայաստան չի լինելու։
- Նիկոլի ուզածը դա է, որ մնանք նախորդ 30 տարվա մեջ ու չլուծենք մեր ապագայի հարցերը։ Ընդդիմադիր քաղաքական ուժերի մեջ, իհարկե, կան խնդիրներ ու մրցակցություն, բայց մենք չպետք է մտնենք դրա մեջ։ Յուրաքանչյուր քաղաքական թիմ պետք է զսպի իր թիմակիցներին՝ չմտնել այդ թեմաների մեջ։ Ցավոք, գնալով վստահությունը պակասում է, ու ամենավատ բանը կլինի այն, որ այս ուժերն էլ ընտրությունների պատրաստվելիս սկսեն պայքարել միմյանց դեմ։ Այդ ժամանակ Նիկոլին էլ ուրիշ բան պետք չի լինի։ Նման իրավիճակ եթե ստեղծվի, պետք է միայն պոպկորն վերցնել ու հետևել…
- Այն հարձակումները, ինչ կատարվում է հիմա Բագրատ սրբազանի դեմ, անընդունելի է։ Մենք էլ ենք ունեցել խնդիրներ, բայց դա չենք դարձրել գզվռտոցի ու էժան շոուների թեմա։ Քննարկել ենք, լուծումներ ենք գտել:
- Մենք պետք է կենտրոնանանք ներկա իրավիճակի վրա, հասկանանք բացթողումները, ճանապարհային քարտեզի շուրջ ունենանք համաձայնություն ու կպնենք գործին։
- Անցյալում մենք ունեցել ենք խնդիրներ, որոնք ժամանակի մեջ շտկվել են, բայց դրա կողքին ունեցել ենք նաև ձեռքբերումներ։ Որևէ նախկին իշխանություն համեմատելի չէ Նիկոլի իշխանության հետ։ Անցյալի թեմայի մեջ մտնելը Նիկոլի օրակարգն է։ Ինքն օրվա կեսն աճպարար է, մյուս կեսը՝ ծաղրածու՝ մարդկանց զբաղեցնելու համար։
- Ադրբեջանի հետ թուղթ է բանակցում։ Ինչի՞ մասին է այդ թուղթը։ Այսինքն՝ դու գնում, կապիտուլյացիայի թուղթ ես բանակցում Ալիևի հետ, միանձնյա, հանրաքվե չես անում, բայց արագաչափերի հարցով հանրաքվեի մասի՞ն ես խոսում։ Սա ցինիկություն է սեփական ժողովրդի նկատմամբ։ Բայց թող ինքը իմանա՝ խաղաղության անվան տակ մեր ժողովրդին կապիտուլյացիայի փաստաթուղթ հրամցնելը չի մարսելու։ Եթե իրեն թվում է՝ Արցախի հանձնումը մարսել է, դա էլ է սխալվում։
- Փաշինյանը ՏԻՄ օրենքը 3 անգամ փոխել է՝ հարմարացնելով իր քիմքին։ Որ համայնքում ՔՊ-ական չի ընտրվել, տարել նրանց բանտարկել է։ Այսինքն՝ ինքը գողացել է մարդկանց ընտրելու և ընտրվելու իրավունքը։
- «Խաղաղության պայմանագրում» չկա կետ, որը բխում է հայ ժողովրդի շահերից։ Դա Բաքվում գրված, Ադրբեջանի շահերը սպասարկող, Հայաստանի համապարփակ կապիտուլյացիայի մասին փաստաթուղթ է Փաշինյան-Էրդողան-Ալիև պայմանավորվածության արդյունքում։ Եթե ժամանակին Արևմուտքը Փաշինյանին Էրդողանի հետ համատեղ էր օգտագործում, հիմա նրա կուրացիան ամբողջովին հանձնել է Էրդողանին։
- Փաշինյանն իր բոլոր քայլերով ու գործողություններով վավերացնում է Ալիևի քաղաքականությունն ու ագրեսիան։ Հաջորդ իշխանությունը Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիները համարելու է ոչ հայկական կառավարման տարիներ։
- Ալիևն ամեն ինչ անելու է, որ Նիկոլը մնա իշխանության, բայց Հայաստանում օրախնդիր է ազգային իշխանություն ունենալը։
- Պատերազմի շրջանը շատ ծանր հարված էր Սփյուռքի համար։ Ջարդվել է Սփյուռքը։ Տարիներ առաջ որ հայկական դպրոցը մտնեիր, Արցախյան ազատամարտի նկարներ էին։ Սրանք ամեն բան զրոյացրել են։ Ինչի վրա որ Սփյուռքը հայկական պետականության բացայակության պայմաններում հիմնվել է, Փաշինյանը դրել է հարցականի տակ։ Սփյուռքում կա խորը հիասթափություն։ Հիմա Փաշինյանը կարո՞ղ է գնալ Թեհրան այնպես, ինչպես 2018թ.։ Իհարկե, ոչ։ Սփյուռքը շատ բազմաշերտ է, բայց Սփյուռքում ևս տեղի է ունենում վերականգնման պրոցեսը։
- Մեր դիրքորոշումը Նոյեմբերի 9-ի փաստաթղթի վերաբերյալ հստակ է․ մեզ համար այն անընդունելի փաստաթուղթ է, բայց իրողություն, կայացած փաստ, հրադադարի փաստաթուղթ։ Սա պետք չէ չեղարկել, բայց ժամանակի ընթացքում մենք պետք է հասնենք նոր եռակողմ համաձայնության։ Սա ասել ենք նոյեմբերի 9-ի փաստաթղթի ընդունումից անմիջապես հետո։ Բայց այս մարդը մեր երկրի վիճակն այնպես է վատացրել, որ այլևս դրան չենք կարողանում հղում տալ։ Ալիևը պետք է իմանա՝ եթե դու պնդում ես, որ 9-րդ կետով սահմանված ճանապարհները պետք է բացվեն, ուրեմն դու պետք է ապահովես Լաչինի միջանցքով Ստեփանակերտ գնալու հնարավորությունը։ Բայց վատն այն է, որ Փաշինյանը ոչ թե մերժում է Միջանցքի գաղափարը, այլ բանակցում է դրա վերահսկողության կողմի շուրջ։
Մանրամասները՝ տեսանյութում։