կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-08 17:18
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Փաշինյանը արտահերթ է ուզում, թող հենց հիմա գա՝ հրաժարական տա, հակառակ դեպքում դա բլեֆ է․ Իշխան Սաղաթելյան

Եթե Փաշինյանը արտահերթ ընտրություններ է ուզում, դա «Բարգավաճ Հայաստանից» և «Լուսավոր Հայաստանից» կախված չէ, ինքը գոնե թղթի վրա ունի այդ բավարար ձայները, թող հենց հիմա գա ԱԺ՝ հրաժարական տա, հակառակ դեպքում, այս ամեն ինչը բլեֆ է՝ մեզ բուն օրակարգից շեղելու համար՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց Հայրենիքի փրկության շարժման համակարգող, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Բաղրամյան պողոտայում, որտեղ Մարտի 8-ի առիթով կանայք հավաքվել էին՝ «Եռաբլուր» պանթեոն գնալու և օրը զոհվածների մայրերի, քույրերի, հարազատների հետ արժևորելու համար։

Նա նշեց, որ վարչապետի հետ հանդիպում, որոշ այլ ուժերի նման, Դաշնակցությունը չի նախատեսում, իրենք Փաշինյանի հետ խոսելու մի օրակարգ ունեն՝ նրա պաշտոնանկությունը, և այդ օրակարգով ցանկացած ժամանակ պատրաստ են հանդիպելու, խոսելու, Փաշինյանի հեռացման ճանապարհային քարտեզը քննարկելու։

«Իսկ ինչ վերաբերում է արտահերթ ընտրությունների՝ իր կոչերին, եթե ինքն ուզում է արտահերթ ընտրություն, նախ, իմ կարծիքով, չի ուզում, դա ընդամենը բլեֆ է՝ նկատի ունենալով, որ Հայրենիքի փրկության շարժումը գտնվում է իր վերելքի վրա, ինքը կրկին ուզում է փոխել օրակարգը՝ շեղել բուն օրակարգը և մեզ մտցնել մի անիմաստ քննարկման մեջ։ Եթե իրենք անկեղծ են՝ հենց հիմա թող գա ԱԺ, հրաժարական տա ու նշանակեն արտահերթ ընտրություն, ո՞ւմ է սպասում»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նա ընդգծեց, որ ոչինչ չի խանգարում վարչապետին անել դա, քանի որ ինքը ունի քաղաքական մեծամասնություն։

«Եթե ինքը կասկածում է, որ իր խորհրդարանական ֆրակցիան կգնա, կքվեարկի մեկ այլ վարչապետի թեկնածուի օգտին, ուրեմն ինքը չունի քաղաքական մեծամասնություն, իր խորհրդարանական ֆրակցիան պարզապես գերի է իր ձեռքում։ Ու եթե այսքան մարդ, քաղաքական ինստիտուտ ու բուն ժողովուրդը պահանջում է իր հրաժարականը, ուրեմն մնացել է՝ ի՞նչ անի։ Ուրեմն, թո՛ղ հեռանա»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչը հանդիպել է, կրկին հնչեցրել պահանջը, որ դիմի ՍԴ՝ ԶՈՒ ԳՇ պետին պաշտոնանկ անելու՝ վարչապետի առաջարկի վիճարկմամբ։

Իշխան Սաղաթելյանն ասաց, որ իրենք պատկերացում չունեն՝ որն է նախագահի վերջնական դիրքորոշումը, Արմեն Սարգսյանն ասել է, որ իր դիրքորոշման մասին սահմանված ժամկետների շրջանակում կհայտնի։

«Ժամկետը վերջանում է վաղը, ես որևէ բան չեմ բացառում, բայց մեկ անգամ ևս ուզում եմ շատ հստակ ասել, որ երկրի նախագահը երկրում ստեղծված իրավիճակի հետ կապված ունի ամբողջական պատասխանատվություն, և ստեղծված իրավիճակի հանգուցալուծման ելքերից մեկը, և ճիշտ ելքը, նաև այն է, որ պահպանվի Սահմանադրությունը և  դիմվի Սահմանադրական դատարան․ մենք այդ ակնկալիքն ունենք նախագահից»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նա վստահեցրեց, որ վաղվա ցանկացած զարգացման դեպքում միշտ ունեն սցենարներ և գնում են առաջ։ Վաղն, ըստ իրավիճակի, կորոշեն քայլերը և կգնան այդ ուղղությամբ։

Մանրամասն՝ տեսանյութում․