Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հնչեցրել է մի շարք կարևոր հայտարարություններ՝ պնդելով, որ միջազգային ճնշումներով հարկադրված է Արցախի հարցում որոշում կայացնել: Նա նաև ընդգծել է, որ կողմ է Ադրբեջանական կողմից Հայստանին աջադրված 5 կետանոց պայմաններին, ինքը չունի որևէ առարկություն և ամենակարևորը, ըստ Փաշինյանի՝ Արցախի մնացյալ մասի կարգավիճակի հստակեցումն իր պաշտոնավարման օրոք այս նորամուծությամբ է բանակցվում՝ Ղարաբաղի կարգավիճակի հարցն հիմա ածանցվում է անվտանգության երաշխքներին ու իրավունքներին, և ոչ թե առանջային է ԼՂ կարգավիճակի և ինքորոշման հարցը՝ ինչպես նախկիններն էին բանակցում ԵԱՀԿ ՄԽ ֆորմատով: Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ մեկնաբանության համար Yerevan.Today-ը դիմեց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանին։
«ԱԺ ամբիոնից Նիկոլը այսօր փաստացի հայտարարեց Արցախը Ադրբեջանին հանձնելու իր մտադրության մասին։ Նրա բոլոր հիմնավորումները ոչ այլ ինչ էին, քան սեփական տկարությունը թաքցնելու խղճուկ փորձ։ Մի քանի օր առաջ հայտարարել եմ, հիմա նորից կկրկնեմ՝ չե՞ս կարողանում պահել Արցախը, ուրեմն հեռացիր և ճանապարհ տուր կարող ուժերին։ Ճիշտ այնպես, ինչպես դա եղել է 1998 թվականին։
Իսկ ի՞նչ ենք մենք տեսնում հիմա։ Ալիևի և Փաշինյանի համագործակցություն, որոնք համատեղ ջանքերով սկսել են Արցախի նախիջևանացման ծրագիրը։ Նրանք երկուսով են ցանկանում որոշել Արցախի ճակատագիրը՝ թքած ունենալով այն փաստի վրա, որ 1991թ. դեկտեմբերի 10-ին արցախահայությունը հանրաքվեով արդեն իսկ հնչեցրել է իր՝ ազատ և անկախ ապրելու շատ հստակ ձևակերպված կամքը։
Այն, ինչի մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց Փաշինյանը, ոչ այլ ինչ է, քան Արցախի՝ Ադրբեջանի կազմում թողնելու քաղաքականություն։ Եվ դեռ ակնկալում է, որ իր դավաճան այդ մտադրության համար երկնային արքայության է արժանանալու։ Իսկ ես հայտարարում եմ, որ չի ստացվելու։ Օրվա իշխանությունների այս փորձերը կասեցվելու են, իսկ նրանց միակ վարձքը՝ սերունդների մշտական անեծքն է լինելու»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։
Մեր դիտարկմանը, որ ստացվում է՝ ընդամենը ժամերի կամ շաբաթների հարց է Արցախի վերջնական կապիտուլյացիան, և հայությունը հիմա ռեալ տեսնում է, որ կանգնած է Արցախը վեջնականորեն կորցնելու փաստի առաջ և փաստացի արցախահայությունը, Սփյուռքը, Հայաստանի քաղաքացին որևէ կերպ չի մասնակցում այդ իրավիճակին հանգուցալուծում գտնելու գործին, նորից միայնակ է Փաշինյանը որոշում ընդունում, ԱԺ փոխնախագահը պատասխանեց․ «Շատ ճիշտ նկատեցիք՝ մեր ժողովուրդն այսօր մասնակից չէ իր ճակատագրի որոշման գործին, նիկոլն ինքը իր խմբակով փորձում է տնօրինել մեր ճակատագիրը։ Մինչդեռ ժամանակին նույն Փաշինյանը խոստանում էր, որ առանց ժողովրդի կարծիքն հարցնելու որևէ որոշում չի կայացնելու Արցախի հարցի կապակցությամբ։
Կա մի պարզ ճշմարտություն՝ սա ազգային հարց է։ Ոչ մի իշխանություն՝ առավել ևս սրանք, չունեն նման լուծումներ տալու մանդատ։ Ժողովուրդն ինքը պետք է որոշի՝ համաձայնե՞լ մեզ արվող առաջարկներին, թե՝ ոչ։ Ինչ վերաբերվում է լուծումներին, ապա ասել և շարունակելու եմ պնդել՝ առաջին քայլը օրվա այս ապիկար իշխանությունների ժամ առաջ հեռացումն է։ Չի կարելի թույլ տալ, որ ճակատագրական այս պահին երկրի ու ժողովրդի անունից կապիտուլյացիա ստորագրած, ամեն կերպ թշնամու առջև ստորացված մեկը խոսի»։
Հ.Գ. Այս պահին Հայաստան դաշինքի պատգամավորական խմբերը շարունակում են այցը Սյունիք ու հանդիպումներ մարզի բնակչության հետ: Քիչ առաջ էլ Գորիսի հրապարակում տեղադրվեց Արցախի դրոշը: