Փոխարժեքներ
16 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.1 |
EUR | ⚊ | € 409.45 |
RUB | ⚊ | ₽ 3.8828 |
GBP | ⚊ | £ 485.76 |
GEL | ⚊ | ₾ 139.93 |
Պարույր Ներսիսյանն Արցախի Ստեփանակերտ քաղաքից է։ Մասնագիտությամբ՝ ռեժիսոր, դերասան։ Որպես վավերագրող՝ մասնակցել է 2020-ի պատերազմին։
Ծնվել է 1992-ին՝ Արցախյան առաջին պատերազմի ամենաթեժ ժամանակաշրջանում։ Փոքրուց հիշողության մեջ հայրն է տպավորվել՝ իր հերոսական կերպարով, և ամբողջ կյանքում նրա հերոսը հայրն էր՝ Սամվել Ներսիսյանը, և հենց նրան ընդօրինակելով էլ մեծացել ու դաստիարակվել է։
14 տարեկան էր, երբ առաջին անգամ գնաց Ստեփանակերտի Վ․ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնին կից դերասանական ստուդիա, և այդ օրվանից նա դարձավ ստուդիայի ամենօրյա այցելուն։
Թատրոնի և կինոյի հանդեպ սերը երիտասարդին ստիպեց պրպտումների մեջ ընկնել, մտածել մեծ դերերի մասին։
Ինչու որոշեց մեկնել Երևան
-Ստեփանակերտում հանդիսատեսն արդեն ինձ ճանաչում էր դեմքով, ինչի համար ուրախ էի։ Սակայն այնտեղ ես մրցակցություն չէի տեսնում, ու հասկացա, որ ձգտում եմ ավելիին։ Մեջս արկածախնդրություն էր նաև առաջացել։ Փոփոխություն էի ցանկանում իմ կյանքում։ Մի գիշերվա մեջ որոշեցի, հավաքեցի անհրաժեշտ իրերս ու մեկնեցի Երևան։ Հետո զանգեցի հարազատներիս ու ասացի, որ արդեն Երևանում եմ, եկել եմ իմ տեղը գտնելու։ Զանգեցի նաև թատրոն, տեղեկացրի, որ էլ չեմ գնալու աշխատանքի։ Իհարկե, ինձ ներեցին, քանի որ այնտեղ ամենափոքրն էի, ու ինձ սիրում էին բոլորը։ 20 տարեկան էի․ մի քանի ամիս առաջ էի զորացրվել ԱՀ ՊԲ շարքերից։
Երբ նոր էր հաստատվել Երևանում
-Սկզբից, իհարկե, բախվեցի առաջին դժվարություններին։ Հասկացա, որ ամեն ինչ չէ իմ պատկերացրածով։ Կյանքում բարդություններ շատ կան։ Ճիշտ է, բանակում ծառայելու ժամանակ ևս կային դժվարություններ ու փորձություններ, սակայն այն ժամանակ ընկերներով էինք հաղթահարում, իսկ այստեղ ես մենակ էի ու պետք է ինքնուրույն ոտքի կանգնեի։ Ու դա ինձ հաջողվեց։ Ուսման հետ կապված խնդիրներ կային, որոնք ևս լուծվեցին։ Երեք տարի անց ընդունվեցի ռեժիսուրայի բաժին։ Ի դեպ, սովորելու իմ հարցում մեծ դեր ունեցավ կինս՝ Լիլիթը։ Նա համոզեց ինձ ուսում ստանալ։ Այդ տարիներին հրավերներ էի ստանում տարբեր թատրոններից, փոքրիկ դերեր էի ունենում։ Զուգահեռ տարբեր աշխատանքներ էի իրականացնում՝ բանվոր, էլեկտրիկ, մատուցող, մենեջեր, պահակ․․․․
Տաղանդաշատ երիտասարդը սիրում է իր գործը
— Վերջին 10 տարիների ընթացքում նկարահանել եմ մի շարք կարճամետրաժ ֆիլմեր, որոնք ներկայացվել են միջազգային փառատոնների և արժանացել մրցանակների։ Ինչպես նաև հեղինակ եմ վավերագրական ֆիլմերի և հեռուստատեսային մի շարք նախագծերի։ Որպես երիտասարդ ստեղծագործող՝ երբ ֆիլմ եմ նկարում և ուղարկում որևէ փառատոնի, որտեղ նշվում է, որ հայկական ֆիլմ է՝ Հայաստանը ներկայացնող, դա ինձ համար ամեն ինչ է։ Ես հասկանում եմ, որ պետք եմ մեր երկրին։ Այս տարիների ընթացքում հաճախակի էի մեկնում Արցախ՝ կարոտս առնելու և թատրոնում ներկայացումների մասնակցելու, իմ սիրելի հանդիսատեսին ներկայանալու համար։ Ներկայացումներով այցելում էինք Արցախի տարբեր համայքներ։
Այժմ աշխատում եմ <<Երբ ես փոքր էի>> լիամետրաժ գեղարվեստական ֆիլմի նախապատրաստական աշխատանքների վրա։ Ի դեպ, դա իմ առաջին լիամետրաժ ֆիլմն է լինելու։ Այն Արցախի մասին է՝ սկսած 1992-ից մինչև 2024-ը։ Դա հույսի ու ցավի կենդանի պատմություն է։ Իրական պատմություն է լինելու իրական մարդկանց մասին։ Աշխարհն իրավունք չունի մոռանալու Արցախն ու արցախցուն։ Այսօր իմ միակ նպատակն է՝ կինոների միջոցով աշխարհին ծանոթացնել Արցախի հետ։
Ստեփանակերտի թատրոնը կարոտով ու սիրով է հիշում, ցավ ապրում, որ բռնատեղահանումից հետո այն հնարավորություն չունի գործելու
-Այն ժամանակ տարիքով ամենափոքրն էի։ 2008-ից մինչև 2010 թվականն եմ աշխատել։ Խաղացել եմ տարբեր դերեր․ <<Ոտքի, դատարանն է գալիս>> -Սողոմոն Թեհլերյան, <<Ռուզան>>- Սմբատ Իշխան, <<Տո, լաճ տնավեր>>- Դանիել Վարուժան, <<Սիլվիա>>-Գրեգ, <<Սրտի հետ խաղ չեն անի>>-Ստյոպա, <<Սերը պահարան չի հարցնում>>-Ժիրայր, <<Հրաշագործ ծաղիկը>>-Բարոն Ֆոն-Մյունհաուզեն։ Թատրոնի ավագ սերնդի դերասանները իմ կյանքում մեծ դեր են ունեցել։ Իմ առաջին ուսուցիչը Մարատ Դավթյանն էր։ Պատիվ եմ ունեցել բեմ բարձրանալ արցախցի տաղանդավոր դերասաններ Քաջիկ Հարությունյանի, Սվետլանա Թովմասյանի, Սամվելի Եվրիյանի, Մարտին Ալոյանի և շատերի հետ։ Ստեփանակերտի թատրոնում իմ առաջին քայլերն եմ արել։ Թատրոնն ինձ կյանքի դասեր է տվել․ այնտեղ ես փորձ եմ ձեռք բերել և հիմք ստացել հետագա մասնագիտություն ձեռք բերելու համար։ Ցավում եմ, որ Ստեփանակերտի թատրոնը չի կարողանում Հայաստանում շարունակել իր գործունեությունը և դերասաններն ստիպված տարբեր տեղեր են աշխատանք գտնում։
ԱՊԱՌԱԺ