կարևոր
1078 դիտում, 1 ամիս առաջ - 2024-09-27 15:35
Քաղաքական

Չեմ մոռանալու հանուն ՀՀ-ի և չեմ ներելու հանուն Արցախի․ Սրբազանի ուղերձը սեպտեմբերի 27-ի կապակցությամբ

Բագրատ Սրբազանն ուղերձ է հղել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ, որը ներկայացնում ենք ստորև․

«4 տարի առաջ այս օրը՝ սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանը, Թուրքիայի հովանավորությամբ ու աջակցությամբ, սանձազերծեց հերթական պատերազմը:

Առաջին իսկ պահին՝ աղոթքս մեր բազմահազար նահատակ որդիների և դուստրերի հոգու խաղաղության համար է և խոնարհումս՝ նրանց և նրանց ընտանիքների առջև։

2020 թ. Հայրենական պատերազմում մարտի ելան հայոց քաջարի գնդերը՝ առանց կասկածելու, որ պատերազմի ելքն արդեն կանխորոշված էր, քանզի պատերազմի առաջին օրն իսկ Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնողը հայտարարեց՝ «եկեք պայմանավորվենք, որ ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք համարելու»: Ասաց և արեց...պետությանը պարտության մատնելով, ինքն իրեն անպարտ կարգելով: 

Միջազգային իրավունքով արգելված զենքերի կիրառմամբ, ահաբեկիչներ ներգրավելով, անմարդկային գազանություններով ու մարդասիրական իրավունքի հանրաճանաչ նորմերի խախտումներով Բաքվին հաջողվեց գրավել Արցախի զգալի մասը: Միջազգային հանրությունը, չհաշված առանձին բացառությունների, լուռ հետևում էր կատարվողին…

44-օրյա պատերազմի պայմանական ավարտով և ստորագրված նոյեմբերի 9-ի ամոթի և խայտառակության հայտարարությամբ, ցավոք, իրական պատերազմը չդադարեց: Մենք դրա շարունակության դրսևորումները տեսանք Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ զավթիչ գործողություններով, Արցախի շրջափակմամբ, 2023-ի սեպտեմբերի 19-ի պատերազմով ու դրան հաջորդած Արցախի հայաթափմամբ: Դժբախտաբար, հայության դեմ ուղղված թուրք-ադրբեջանական ագրեսիան, օգտվելով անպատժելիության և ամենաթողության մթնոլորտից, իր տարբեր դրսևորումներով շարունակվում է նաև այսօր՝ չնայած խաղաղության մասին պարբերաբար հնչող թեզերին ու խոսույթին: Առ այսօր Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել մեր գերիներին, պահվող անձանց և Արցախի պատանդառված ռազմաքաղաքական ղեկավարությանը։

44 օր տևած պատերազմի, դրան նախորդող փուլի, պատերազմի ընթացքում, ապա նաև՝ հաջորդող շրջանում Հայաստանի իշխանությունների արած քայլերի, ընդունած որոշումների, ձեռք բերած պայմանավորվածությունների ու դրանց հետևանքների իրական գնահատականը կտա վաղվա Հայաստանը, կտա խորը և անաչառ իրավական քննության արդյունքում՝ բոլոր մեղավորներին օրենքի ողջ խստությամբ պատժելու ճանապարհով: Սակայն այսօր արդեն միանշանակ և առավել քան հիմնավոր կարելի է փաստել՝ այս իշխանությունը չի՛ իրականացրել անվտանգության ապահովման իր գործառույթը ո՛չ պատերազմից առաջ, ո՛չ պատերազմի ընթացքում և ոչ էլ դրանից հետո։ Լիարժեք ձախողել է և՛ անվտանգային, և՛ արտաքին քաղաքականությունը։ 

Վաղվա Հայաստանը կտա նաև իրական խաղաղության օրակարգը, որը որևէ կերպ այսօրվա պարտված իշխանությունների քարոզած՝ «ամեն գնով մուացիկ խաղաղությունը» չէ, այլ՝ հավասարակշռության վրա կառուցված խաղաղություն է, որը կլինի արդար, կայուն և երկարաժամկետ։ 

Հետևաբար՝ քանի դեռ Հայաստանում շարունակում են իշխանության մնալ ամեն ինչ զիջելու պատրաստ, պարտված ու անգամ մարդասիրական խնդիրները՝ գերիների վերադարձի հարցը բարձրաձայնելու, լուծելու կարողություն չունեցող իշխանությունները, քանի դեռ իշխանությունը զավթել են՝ Հայաստանի ազգային, պետական շահերի հետ որևէ աղերս չունեցողները, 2020-ի սեպտեմբերի 27-ին սկսված աղետը շարունակվում և շարունակվելու է իր տարաբնույթ դրսևորումներով…

Մենք կոչված ենք փոփոխության։ 

Մենք կոչված ենք ապաքինման և վերականգնման։

Մենք կոչված ենք Հայրենիք և հաղթանակ վերադարձնելու մեր բազմահազար զավակներին, որոնք մեկնեցին՝ մահն արհամարհելով՝ Հայրենիքն ու հաղթանակը իրենց սրտերում և աչքերի մեջ...

Վերստին խոնարհումս հայրենիքի պաշտպանության համար նահատակված մեր հայորդիների, եղբայրների ու քույրերի առաջ, խոնարհումս մեր հերոսների ծնողների ու ընտանիքների առաջ»: