կարևոր
739 դիտում, 3 շաբաթ առաջ - 2024-11-11 20:50
Քաղաքական

ՀՀ-ն չպետք է մասնակցի COP29-ին, զուգահեռ՝ պաշտոնական հայտարարությամբ պետք է նշվի՝ չի մասնակցում, քանի որ Ադրբեջանը չի լուծել պատանդների հարցը. Վահրամ Բալայան

ՀՀ-ն չպետք է մասնակցի COP29-ին, զուգահեռ՝ պաշտոնական հայտարարությամբ պետք է նշվի՝ չի մասնակցում, քանի որ Ադրբեջանը չի լուծել պատանդների հարցը. Վահրամ Բալայան

Բաքվում մեկնարկել է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 29-րդ՝ COP29 համաժողովը, որին մասնակցում են տարբեր երկրների ղեկավարներ։ ՀՀ-ից այս պահին որևէ մեկը չի մասնակցում համաժողովին, խորհրդարանում ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը լրագրողներին ասաց, որ դեռ որոշում չունեն COP29 համաժողովին մասնակցելու վերաբերյալ։

Հայաստանի չմասնակցության դեպքում հնարավո՞ր է մի քանի երկրների, այդ թվում՝ Իրանի, Ռուսաստանի կողմից COP29 համաժողովում բարձրացվի հայ գերիների, պատանդների հարցը։ Շառլ Միշելը, որը 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում՝ Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հարցում մեծ դերակատարում ունեցավ, կբարձրացնի՞ պատանդների ու գերիների հարցը։

Արցախի ԱԺ նախկին փոխնախագահ, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ Վահրամ Բալայանի խոսքով՝ Միացյալ Նահանգները, Եվրոպան մշտապես խոսում են ժողովրդավարությունից, փորձում են ժողովրդավարության գաղափարի տակ կառուցել կյանքը՝ անկախ այն հանգամանքից, թե դրա տակ ինչ կա։ Հետևաբար՝ այս ամենի խորապատկերի վրա, հնարավոր է, ի վերջո, մարդու իրավունքների ոտնահարման ու այլ խնդիրների հետ կապված հարցեր բարձրացվեն համաժողովին։

«Մինչ այս համաժողովը մի քանի երկրների կողմից նման մոտեցումներ ու հայտարարություններ կային, մասնավորապես խոսքը վերաբերում է Ֆրանսիային, որը գնահատականներ տվեց արցախահայերի բռնի տեղահանության հետ կապված։ Այս ամենի համատեքստում հնարավոր եմ համարում, որ Բաքվում գերիների, պանտանդների հարցը բարձրացվի»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Վահրամ Բալայանը։

Նրա կարծիքով՝ Հայաստանը չպետք է մասնակցի COP29 համաժողովին, դրան զուգահեռ՝ ցանկալի է, որպեսզի լինի պաշտոնական հայտարարություն, որտեղ կնշվի, որ Հայաստանը պաշտոնապես չի մասնակցում COP29-ին, քանի որ Ադրբեջանը չի լուծել պատանդների, գերիների վերադարձի հարցը։

«Երկու օր առաջ Ալիևը կրկին խոսում էր այն մասին, թե երկու երկրների միջև որոշակի փոխըմբռնում կա, հնարավորություն կա խաղաղության պայմանագրի ստորագրման համար, չնայած ես այդ ամենն իրատեսական չեմ համարում։

Սա ինչ-որ տեղ նաև աշխարհին ուղղված մեսիջ կդառնա, որ Հայաստանը տեր է իր  քաղաքացիների, ազգային շահերի պաշտպանությանը։ Այսպես պետք է անեն, որպեսզի աշխարհի համար ընկալելի լինի, քանի որ Հայաստանը ոչ թե ինչ-որ երկրի քաղաքացիների համար է այդպես անում, այլ իր իսկ սեփական քաղաքացիների»,- եզրափակեց Վահրամ Բալայանը։

Նշենք, որ COP29 համաժողովը Բաքվում կշարունակվի մինչև նոյեմբերի 22-ը։

Աղբյուրը՝ 168.am