Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախի անկախության ճանաչո՞ւմ, թե՞ Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինքի ստեղծում, ո՞րն է այսօր պակաս ռիսկային և նպատակահարմար: 168.am-ի հետ զրույցում ԱՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ Վահրամ Բալայանը նշեց՝ հենց սկզբից էր պետք գնալ Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինքի ստեղծման ճանապարհով:
«Որովհետև այդ ճանապարհով գնալը հնարավորություն է տալիս մի քանի հարց լուծել, մասնավորապես՝ ապահովել ՀՀ-ի իրավական ներկայությունն Արցախում, և այս դեպքում միջազգային կազմակերպությունների, հանրության աչքին խոցելի չի լինի այս պահով: Երկրորդ՝ սա հնարավորություն է տալիս բանակցային գործընթացը շարունակել: Մյուս կողմից՝ այսօր դժվար է ասել՝ ո՞ր ճանապարհով գնալն է ճիշտ, քանի որ ակտիվ ռազմական փուլն է, և շատ դեպքերում դիվանագիտական քայլերը պետք է համադրվեն ռազմական գործընթացների հետ, որը, շատ դեպքերում, պետք չէ հանրայնացնել, քանի որ այն երբեմն վնասում է մեզ՝ երկու հայկական հանրապետություններին: Իհարկե, տարբերակների շուրջ քննարկում պիտի լինի՝ ռազմական գործընթացներին զուգահեռ»,- ասաց նա:
Դիտարկմանը՝ երեկ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարեց՝ եթե առաջիկա 1-2 օրվա ընթացքում չզգան Ադրբեջանի պատրաստակամությունը խաղաղ ճանապարհով հարցի լուծման, դիմելու են ՀՀ իշխանություններին՝ ճանաչելու Արցախի անկախությունը, սա որքանո՞վ է համադրելի ռազմական ներկա վիճակի հետ, գուցե կան հաշվարկնե՞ր, Վահրամ Բալայանը կրկնեց՝ ռազմական գործընթացների փուլում ենք, և էմոցիոնալ դաշտից պետք է իրականություն տեղափոխվենք:
«Փորձենք իսկապես նստել, խոսել, և դա անում ենք՝ նստում ենք, խոսում ենք, քննարկում ենք, թե ճիշտը որն է: Ինձ թվում է՝ ժամանակի ընթացքում ճիշտ որոշում կկայացվի»,- ասաց Արցախի ԱԺ պատգամավորը՝ հիշեցնելով օրերս հաստատված հրադադարի մասին, որը փաստացի գոյություն չունի:
«Խնդիրը նրանում է, որ ստորագրելով, ասելով՝ չենք կարող հարցերին ընթացք տալ: Կարծում եմ՝ պետք է և ասվի, բայց դիվանագիտության մի մասը «ջրի» տակ է, ուստի մյուս մասն էլ պետք է ակտիվացնել: Այդ նրբություններին 2-3 մարդ է տիրապետում, որ անմիջապես այդ գործընթացների մեջ են»,- հավելեց Բալայանը:
Իսկ թե որքանո՞վ է հարմար պահը՝ Արցախին վերադարձնել բանակցային սեղան, մեր զրուցակիցն այս պահին նպատակահարմար չհամարեց այդ հարցը «ոտքի վրա» քննարկելը՝ հորդորելով սպասել զարգացումներին: