կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-15 12:10
Արցախ

Արցախի վերքը բացված է և կարգավիճակի հարցը պետք է հստակեցվի, որ սադրանքները չշարունակվեն․ Վահրամ Բալայան

Արցախի վերքը բացված է և կարգավիճակի հարցը պետք է հստակեցվի, որ սադրանքները չշարունակվեն․ Վահրամ Բալայան

Արցախում ադրբեջանցիների սադրանքները, ժողովրդին անընդհատ լարվածության մեջ պահելը վկայում են, որ Արցախի կարգավիճակի շուրջ բանակցությունները պետք է ակտիվացվեն՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Արցախի Հանրապետության ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ Վահրամ Բալայանը։

Խոսելով Արցախի Նոր Շեն համայնքի դիրքապահների վրա ադրբեջանական զինված ուժերի կրակոցների և հայ 6 դիրքապահ վիրավորելու մասին նա ասաց, որ դա, ցավոք, շարունակական բնույթ է ունենալու, որովհետև դա ադրբեջանցիների ձեռագիրն է՝ ստեղծել իրավիճակներ, երբ արցախցին իր հայրենիքում նպատակահարմար չգտնի շարունակել ապրել։

Սա, նրա համոզմամբ, մյուս կողմից էլ մարտահրավեր է ռուս խաղաղապահներին, որ՝ ինչպես ուզեն, այնպես էլ կվարվեն։

«Նույնիսկ Մարտակերտում կատարված խաղաղ հայ բնակչի սպանությունը ռուս զինվորի անմիջական ներկայությամբ էր․ դրանով ուզում են ասել, որ մենք այդպես ենք ուզում, այդպես էլ կանենք։ Սա է իրականությունը, և ինչ-որ մի տեղ, մանավանդ Արցախում ապրող մարդկանց համար նոր գործելաոճ չէ սա, որ անակնկալի գանք կամ զամանանք այդ կատարվածից»,-ասաց Արցախի ԱԺ պատգամավորը։

Նոր Շենում ադրբեջանցիների սադրանքի պատճառներից մեկն էլ, նրա համոզմամբ, խաղաղապահների դերակատարությունը նսեմացնելն է, ցույց տալը, որ նրանք չեն կարողանում իրենց դերն արդյունավետ կատարել և, ընդհանուր առմամբ, այդ տարբերակով ստեղծել մի այնպիսի անհանգիստ իրավիճակ, երբ ռուսական և հայկական կողմերը հայտնվեն անելանելի իրավիճակի մեջ։

Ադրբեջանցիները թիրախավորել են հայ դիրքապահներին, որոնք պահում են խաղաղ հայ բնակիչների անվտանգությունը․ սա ևս, ըստ Վահրամ Բալայանի, Ադրբեջանի պահանջների շրջանակում է՝ նրանք մշտապես ամեն ինչ աել են, որ Արցախի պաշտպանության բանակը գոյություն չունենա։ Մյուս նրանց պահանջը, որ Հայաստանի Հանրապետությունը զինվորական ներկայություն չունենա Արցախում, արդեն հայկական կողմը բավարարել է։ Ընդհանուր առմամաբ, սրանք քայլեր են՝ Արցախի ժողովրդին թողնելու անպաշտպան իրավիճակում, որ դրանից հետո ինչ ուզենան, այնպես էլ անեն։

«Սա ինչ-որ նոր բան չէ, այդ նույն ձևով նաև վարվել են 18-20 թթ, երբ անընդհատ փորձում էին կտրել Հայաստանի Հանրապետության հետ եղած կապը կամ փորձել թույլ չտալ, որ Արցախում զինական ուժ լինի, որպեսզի հեշտությամբ կարողանան իրենց սև գործը իրականացնել։ Խնդիրն այն է, որ հեծանիվ հայտնագործելու անհրաժեշտություն չկա․ առանց զինված ուժերի, առանց համապատասխան ուժային ծառայությունների անհնարին է ժողովորդի անվտանգությունը պահել, մանավանդ այսօր Արցախի բոլոր բնակավայրերը սահմանամերձ բնակավայրեր են, սա է իրականությունը»,-ասաց Արցախի Հանրապետության ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը։

Այս սադրանքները, ըստ նրա, նաև վկայում են, որ կարգավիճակի շուրջ բանակցությունները պետք է ակտիվացվեն։

«Չնայած Ադրբեջանի իշխանությունները, մասնավորապես Ալիևը անընդհատ պնդում է, որ Արցախի հարց գոյություն չունի, լուծված է արդեն, բայց այդ վերքը բացված է և լուծում է անհրաժեշտ, որը թույլ կտա տարածաշրջանում երկարատև խաղաղություն հաստատել։ Եթե Ադրբեջանը անընդհատ խոսում է այն մասին, որ պետք է խաղաղ իրավիճակ ստեղծվի, երկու երկրների հետ նոր հարաբերություններ ձևավորվեն, բնականաբար, դա հենց այնպես չէ, հարցին պետք է կարգավորում տրվի։ Դա շահեկան կլինի թե՛ հայ, և թե՛ ադրբեջանցի ժողովուրդների համար, որովհետև այնպես չէ, որ եթե նրանք ռազմական հաջողություն են արձանագրել, ուրեմն հարցը փակված է և իրենք ինչպես ուզեն, այնպես էլ կարող են վարվել։ Ժամանակները գնում են, իրավիճակներ են փոխվում և խոհեմություն կլինի, եթե իսկապես հասնվի երկարաժամկետ խաղաղության, և հարգվի Արցախի ժողովրդի իրավունքը՝ ապրելու իր հայրենիքում և պահպանելու իր պատմամշակութային ժառանգությունը»,-ասաց Վահրամ Բալայան։

Սա է ձևը, նշեց նա, և կարծում է՝ այդ ամենը գիտակցում են նաև ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող երկրների ներկայացուցիչները, որոնք ամենաբարձր մակարդակով հայտարարել են, որ հարցը բաց է և կարգավորման անհրաժեշտություն ունի։

Մինսկում ռուսական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցած Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը, որը հաջորդել էր Նյու Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ հանդիպմանը, Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը վերահաստատել էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորումը պետք է իրականացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի և այդ ձևաչափին տրված միջազգային մանդատի շրջանակներում՝ կողմերին հայտնի սկզբունքների ու տարրերի հիման վրա։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նշել էր, որ հաշվի առնելով, որ Արցախի պաշտպանության բանակի դիրքերը Նոր Շեն ու մյուս համայնքների անմիջական հարևանությամբ պաշտպանում են քաղաքացիական բնակիչների կյանքն ու անվտանգությունը, ակնհայտ է, որ վիրավորում ստացած բոլոր զինվորների առողջությանը վնաս պատճառելու համար ադրբեջանական զինված ուժերն ուղիղ պատասխանատվություն են կրում իրենց հանցավոր արարքների համար։

Վիրավորված 6 հայ դիրքապահներին վիրահատել են, վիրահատությունները բարեհաջող են ընթացել՝ վիրավորների վիճակը գնահատվում է ծանր, բայց նրանց կյանքին վտանգ չի սպառնում՝ վստահեցրել էր Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը։

Արցախի ՊԲ-ն տեղեկացրեց, որ սահմանագոտում կրակոցներից հետո իրավիճակն այս պահին հանգիստ է:

Հայկական կողմը դիրքային ու տարածքային կորուստներ չունի:

Աննա Բալյան