կարևոր
604 դիտում, 3 շաբաթ առաջ - 2024-10-30 16:27
Հասարակություն

Համշենահայերը դեռևս 1910 թ․ դպրոց են բացել Համշենում

Համշենահայերը դեռևս 1910 թ․ դպրոց են բացել Համշենում

Համշենահայ գրող, լուսանկարիչ, մի քանի գրքերի հեղինակ Ուղուր Բիրյոլն իր ինստագրամյան էջում ուշագրավ լուսանկարներ է հրապարակել Համշենում դեռևս 1910 թ․ դպրոց բացելու՝ համշենահայերի նախաձեռնության մասին։ Բիրյոլը նաև մեկնաբանել է այդ պատմական փաստը՝ մասնավորապես գրելով․

«Համշենի առաջադիմության և փոխօգնության ընկերություն (Hemşin Terakki ve Teavün Cemiyeti) անվամբ միությունը (փաստացիորեն 1910 թվականից, իսկ իրավաբանորեն 1912 թվականից գործող սույն կազմակերպությունը համշենցիների հիմնած առաջին միությունն է, որի կենտրոնը գտնվում էր Չամլըհեմշին (թարգմանաբար՝ Եղեգնապատ Համշեն) գավառի Չինչիվա/Շենյուվա գյուղում-Ակունքի խմբ․), այդ ժամանակվա Լազիստանի սանջակ (մարզ-Ակունքի խմբ․) դիմելով, հայտնել է, որ ցանկանում է մի դպրոց բացել այդ շրջանում, ավելին՝ մի փուռ էլ աշխատեցնել, որպեսզի դրանից ստացված եկամուտը հատկացվի դպրոցին։


Նամակում նաև նշվել է, որ ընկերության նպատակներն են՝ «կրթության գործին ծառայելը, որն անհրաժեշտ է զարգացման համար, հանուն այդ նպատակի իրագործման՝ ազգին վեհ գաղափարներով սնելը և նրա բարոյական մակարդակը բարձրացնելը, ինչպես նաև՝ կրթության ջահը Համշենի բոլոր անկյուններում տարածելը»։
Համշենի առաջադիմության և փոխօգնության ընկերության՝ կրթությանն առնչվող այդ քայլի ամենամեծ աջակիցներից մեկն էլ եղել է Չինչիվա գյուղից Նեջաթի Մեմիշօղլուն, ով նաև Անկարայում նորաստեղծ մեջլիսի պատգամավոր էր։ Մեմիշօղլուն, իր գյուղի առաջադեմ մարդկանց հավաքելով, նրանց ասել է, որ այստեղ մի դպրոց է կառուցելու։ Նեջաթի Մեմիշօղլուն այդ նպատակով իր պապից՝ Զյուֆերից, մի քսակ ոսկի էր նվեր ստացել, իսկ 1911-1920 թվականներին էլ՝ այդ միջնակարգ դպրոցի ուսուցիչը դարձել։

Մոլլավեյիս գյուղից (գտնվում է ներկայիս Ռիզե նահանգում-Ակունքի խմբ․) Շյուքրյու Դումանը, ով այդ ժամանակաշրջանի լավագույն բանաստեղծներից էր համարվում, «Համշենի գյուզելլեմե» (güzelleme-քնարական բանաստեղծություն՝ ժողովրդական գրականության մեջ-Ակունքի խմբ․) վերնագրով բանաստեղծության մեջ այս խոսքով է նկարագրում այդ միջնակարգ դպրոցը․ «Այն դեպքում, երբ Ստամբուլում դեռ համալսարան անգամ չկար, մենք դպրոց էինք հիմնում Համշենում․․․» (Իրականում Օսմանյան կայսրությունում բացված առաջին բարձրագույն կրթօջախը համարվում է 1846 թ․ հիմնված Ստամբուլի համալսարանը, որը գործում է նաև ներկայում։ Սովորաբար, ժողովրդական բանահյուսության մեջ նման չափազանցություններ հանդիպում են, երբ ցանկանում են ընդգծել այն երևույթը, ինչի մասին խոսվում է։-Ակունքի խմբ․)։
Հուսով եմ, որ այս լուսանկարում պատկերված միջնակարգ դպրոցի շենքից մնացած հատվածը մի օր ըստ արժանվույն կգնահատվի»։

Թարգմանեց Մելինե Անումյանը
Akunq.net