կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-05 12:18
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պետական դավաճանություն է կարծել, թե «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով կարելի է սահման որոշել․ Արծվիկ Մինասյան

Միջազգային  իրավունքում չկա որևէ օրինակ, որ «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքը  հիմք հանդիսանա  արտաքին սահմանները որոշելու համար՝ ըստ Yerkir.am-ի ասաց ԱԺ  «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը ԱԺ-ում՝ նշված օրենքի փոփոխության քնարկումների ժամանակ, երբ «Հայաստան» խմբակցության պատգամավորները հարցեր էին ուղղում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանին։

Օրենքն ընդունվել է դեռեւս 2010թ-ին և պատգամավորը հիշեցրեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս կողմ է քվերակել այդ օրենքին, որից հետո վերջին տարիներին հայտարարություններ է հնչեցրել, թե Ադրբեջանի հետ ՀՀ սահմանների նկարագրությունը տրվել է ընդունված այդ օրենքով։

«Եթե դուք իսկապես կարծում եք, որ դա կարող է հիմք հանդիսանալ սահմանների որոշման համար,  ապա դա հստակ  պետական դավաճանություն պարունակող գործողություն է․ եթե որևէ պատգամավոր  այդ  տրամաբանությամբ  նման  փոփոխություն է արել , դա,  այո՛  առերևույթ դավաճանություն է»,-ասաց Արծվիկ Մինասյանը:

Նա ընդգծեց, որ «Վարչատարածքային բաժանման մասին» նույնիսկ այսօր գործող օրենքով  ձևակերպված է, որ Գորիս համայնքը գտնվում է  մարզի հյուսիսային մասում։

«Նկարագիր՝ պետական սահմանին ՝  ԼՂՀ.  ինչու՞ այս ամբիոնից դուք  չեք բարձրաձայնում, որ ճանաչել ենք  Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և դա ԼՂՀ-ի հետ սահմանն է․ եթե այդ օրենքն եք վկայակոչում, ապա այս նորմը վկայակոչեք, ինչի՞ եք ուզում անպայման մի բան նախկինների վրա բարդել , չի եղել այդպիսի բան»,-ասաց Արծվիկ Մինասյանը։

Նա նաև նկատեց, որ այս հարցադրումները կարիք չկա հրապարակային քննարկել, բազմաթիվ հարցերի պատասխաններ մենք պետք է ստանանք առանձին քննարկումների միջոցով, որովհետև մեր թշնամին էլ է տեսնում։

«Մենք հենց սա ենք ուզում նաև, այլ ոչ թե հրապարակային ինչ-որ շոուի տարրեր պարունակող գործողություններ, որովհետև այն, ինչ կատարվում է այս օրերին, հատկապես Սյունիքում, տարածաշրջանում տարբեր դերակատարների կողմից հայտարարությունների առումով, ուղիղ սպառնալիք է մեր անվտանգությանը»,- ասաց պատգամավորը։

Արծվիկ Մինասյանը նշեց, որ Գորիս-Կապան ճանապարհին առաջացած անվտանգային խնդիրների մասին «Հայաստան» խմբակցության պահանջած քննարկումը ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ այդպես էլ տեղի չի ունեցել։

«Ալեն Սիմոնյանի և Հայկ Կոնջորյանի հետ պայմանավորվեցինք, որ բոլոր ջանքերը պետք է գործադրվեն, որ այդ քննարկումները լինեն, նրանք ստանձնեցին այդ պարտավորությունը, բայց  ցավոք, առայսօր չունենք այդ հանդիպումը»,-արձանագրեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում․