կարևոր
814 դիտում, 1 ամիս առաջ - 2024-10-15 16:25
Աշխարհ

«Գեներալների պլանը» հետաձգում է Իրանին Իսրայելի հարվածի ժամկետները

«Գեներալների պլանը» հետաձգում է Իրանին Իսրայելի հարվածի ժամկետները
Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող իրադարձությունները սկսում են էլ ավելի սուր, հնարավոր է՝ ինտրիգային ընթացք ստանալ: NBC հեռուստաալիքը, հղում անելով ԱՄՆ պաշտոնյաներին, The Washington Post թերթին հայտնել է՝ Նեթանյահուն տեղեկացրել է Բայդենին, որ նա «հարվածներ չի հասցնի իրանական միջուկային եւ նավթային օբյեկտներին»: Արդեն իսրայելական դիվանագիտական աղբյուրներին հղումով հաղորդվում է նաեւ, որ Իրանի վրա իսրայելական հարձակումն իրականացվելու է մինչեւ նոյեմբերի 5-ին ԱՄՆ-ում կայանալիք ընտրությունները: Ընդ որում՝ կարեւոր պարզաբանում է նշվում. Նեթանյահուն բացատրել է՝ հարձակումն իրականացվելու է այնպես, որ «կանխվի դրա արտաքին ընկալումը եւ նվազեցվի ԱՄՆ-ի ներքին քաղաքականությանը միջամտելու հավանականությունը»:

ԱՄՆ-ն, ինչպես եւ Իրանը, դադարել են գաղտնիքներ սարքել այն բանից, որ խորհրդակցություններ են անցկացնում արաբական երկրներից մեկի միջնորդությամբ: Այդպես Թեհրանի վերջին ուղերձը Վաշինգտոնին ուղղվեց Հորդանանի դիվանագիտական ուղիներով։ Միաժամանակ Բայդենի վարչակազմը բանակցություններ է վարում Իսրայելի հետ այսպես կոչված «իրանական գործի» շուրջ: Նախօրեին կայացել են Բայդենի եւ ԱՄՆ նախագահի թեկնածու Քամալա Հարիսի հեռախոսազրույցները Նեթանյահուի հետ: Մերձավորարեւելյան շատ լրատվամիջոցներ, հղում անելով իրենց իրազեկ աղբյուրներին, պնդում են՝ Իրանի եւ Իսրայելի հետ ԱՄՆ-ի բանակցությունների միջեւ կա փոխկապակցվածություն«Ըստ ամենայնի՝ Իրանը երաշխիքներ չի տվել, որ անմիջապես չի պատասխանի Իսրայելի հարձակմանը, եւ այդ ժամանակ Իսրայելին օգնության համար կպահանջվի կոալիցիա՝ Միացյալ Նահանգների եւ նրա դաշնակիցների գլխավորությամբ, - նշում է լիբանանյան հայտնի An-Nahar լրատվական ալիքը: - Մյուս կողմից՝ Իսրայելի պատասխան հարվածով դադարը թույլ է տալիս Իրանին ոչ միայն ժամանակ շահել: Բայց միեւնույն ժամանակ, որոշակի պայմաններում այն կարող է հայտնվել թակարդում»:

Այստեղ ինտրիգն այն է, որ Իսրայելը չի հայտարարում իրանական ծրագրերի փոփոխության մասին, բայց Լիբանանը իրադարձությունների էպիկենտրոն տեղափոխելով՝ մտադիր է արգելափակել Իրանի գործողությունները՝ իրավիճակը անորոշ վիճակում պահելով: Նեթանյահուի մերձավոր զինակից Նաթան Էշելը խոսում է «Իրանին որոշ ժամանակով թողնելու եւ Լիբանանի հյուսիսում կենտրոնանալու, «Հըզբոլլահի» դեմ մարտերի եւ Հարավային Լիբանան ցամաքային ներխուժման անհրաժեշտության մասին»: Խոսքը Գազայում ՀԱՄԱՍ-ի քաղաքացիական կառավարումը դադարեցնելու եւ Լիբանանում հատուկ ռազմական գոտի ստեղծելու, այսպես կոչված, «գեներալների ծրագրի» իրականացման մասին էԸստ այդ ծրագրի նախատեսածի՝ հոկտեմբերի 1-ից Գազայում պաղեստինցիները զրկված են մարդասիրական օգնության հասանելիությունից: Պաղեստինցի փորձագետների գնահատմամբ՝ Իսրայելն այնտեղ ոչնչացնում է ամեն ինչ՝ համաշխարհային հանրության ուշադրությունը տեղափոխելով Լիբանանի պատերազմի եւ Իրանի վրա հնարավոր հարձակման վրա: Ինչ վերաբերում է Լիբանանին, ապա ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը հայտնել է, որ ավելի քան 1,2 միլիոն մարդ տեղափոխվել է Լիբանան, որտեղ Իսրայելը շարունակում է իր օդային եւ ցամաքային հարձակումները՝ Գազայից հետո նրան «հումանիտար աղետի ճիրաններում» մղելով: Քանի որ երկրի հարավային մասերից դեպի մայրաքաղաք Բեյրութ եւ դեպի հյուսիս միգրացիայի ալիքը շարունակվում է՝ լիբանանյան կառավարությունը հայտարարել է, որ ավելի քան 430 հազար տեղահանվածներ գաղթել են Սիրիա:

Միեւնույն ժամանակ, Էշելի խոսքով, «ի վերջո մենք կհասնենք նաեւ Իրան»: Իսկ առայժմ առաջարկվում է բավարարվել ԱՄՆ-ի կողմից իրանական նավթի եւ նավթաքիմիական արդյունաբերության նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցների սահմանմամբ՝ որպես պատասխան մոտ երկու շաբաթ առաջ Իսրայելի վրա Իրանի հրթիռային հարվածի:

 

Ստանիսլավ Տարասով

Աղբյուրը՝ iarex.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի