կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-19 17:40
Աշխարհ

Իսրայելի պաշտպանության նախարարն ակնարկում է Իրանին հնարավոր հարվածի մասին

Իսրայելի պաշտպանության նախարարն ակնարկում է Իրանին հնարավոր հարվածի մասին

Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցն ԱՄՆ կատարած պաշտոնական այցի մեկնարկից քիչ առաջ մի շարք հայտարարություններ արեց՝ կապված իրանական սպառնալիքի հետ, որը կդառնա կենտրոնականներից մեկը Վաշինգտոնում ՊՆ ղեկավարի բանակցություններում։ Գանցի խոսքերը, հավանաբար, յուրօրինակ ուղերձ էին ամերիկյան ղեկավարությանը․ Ynet-ին տված հարցազրույցում բացատրել է Իսրայելի Անվտանգության խորհրդի նախկին ղեկավար Գիորա Այլենդը։

Բենի Գանցը, մասնավորապես, ասել է, որ «քայլերի գինը, որոնք կարող են կանգնեցնել Իրանին, այժմ ավելի ցածր է, քան մեկ տարի հետո»: Նման հայտարարություն է արվել միջուկային գործարքի շուրջ համաշխարհային խոշոր տերությունների և Թեհրանի միջև անարդյունք բանակցությունների համատեքստում։

Գիորա Այլենդը՝ Իսրայելի պաշտպանության նախկին բարձրաստիճան հրամանատարը, ասում է, որ Գանցի խոսքերը սպառնալիքի ակնարկով, ամենայն հավանականությամբ, ուղղված են Սպիտակ տանն ու ցույց են տալիս Իսրայելի վճռականությունը՝ որոշակի քայլեր ձեռնարկել սպառնալիքը վերացնելու համար: Սակայն, ըստ նրա, պարզ չէ, թե արդյո՞ք Իսրայելի հարձակումը կհանգեցնի իրանական միջուկային ծրագրի ամբողջական դադարեցմանը։ Կասկածից վեր է, որ նման հարվածները կարող են զգալի վնաս հասցնել ձեռնարկություններին և ռազմավարական օբյեկտներին։