Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ արտահերթ նիստում շարունակվում էր հարկային նոր օրենսգրքի քննարկումը: ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը ելույթ ունեցավ` ասելով, որ հարկային օրենսգիրքը պետք է քննարկվի առարկայական, առանց հիստերիկության, առանց ամպագոռգոռ արտահայտությունների ու վիրավորանքների, առանց անշնորհք բառերի: «Պետք չէ, որ մարդիկ իրենց գլխից մեծ թռնեն ու մեծ-մեծ խոսեն»,- ասաց ԱԺ փոխխոսնակը:
Ըստ Նաղդալյանի` թեև օրենսգիրքը դեռ շտկումների պետք է ենթարկվի, սակայն դրա նպատակն է ապահովել պետության առաջընթացը: Պատգամավորը կարծում է, որ հարկային օրենսգրքում կան նաև օպտիմալ լուծումներ, հատկապես` ստուգումների մասով:
«Կարծում ենք` այս հարկային օրենսգիրքը հարստացնելու ու կատարելագործելու համար հնարավորություններ կան: Կոչ ենք անում գործարար համայնքին ու ՀԿ ներկայացուցիչներին` քննարկել, լսումների մասնակցել, մանրամասն քննարկել, գալ նրան, որ լուծենք այս օրենսգիրքը լավագույնը դարձնելու խնդիրը: Մենք դրա համար ունենք և' ժամանակ, և' հնարավորություններ»,- ասաց Նաղդալյանը:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ ելույթում նշեց, որ ահագին մեծ աշխատանք է կատարվել այդ օրենսգրքի վրա, և նպատակն է ունենալ այնպիսի օրենսգիրք, որը լինի անխոցելի, առնվազն երեք տարի փոփոխության չենթարկվի, և որպեսզի տնտեսվարողները հարկային տեսուչներին որպես սարսափ չընկալեն, զբաղվեն իրենց տնտեսական գործունեությամբ, այլ ոչ` հարկայինին ընդունել-ճանապարհելով:
Անդրադառնալով Հրանտ Բագրատյանի որակմանը, թե հարկային օրենսգիրքը «աղբ» է, նա նշեց, որ դա չարություն է, որովհետև Հրանտ Բագրատյանը երևի երազել է իր վարչապետության տարիներին ունենալ հարկային օրենսգիրք:
«Ժամկետներ մի' թելադրեք, մենք են որոշում ժամկետները, մեր քաղաքական ուժն է որոշում այդ ժամկետները: Առաջինից մինչև երկրորդ ընթերցման ժամանակ պետք է մանրակրկիտ քննարկել, փոփոխությունների ենթարկել»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը՝ հույս ունենալով, որ հիմնական զեկուցողը հետագայում առավել հստակ բացատրություններ ու հիմնավորումներ կներկայացնի: