կարևոր
460 դիտում, 36 րոպե առաջ - 2025-12-03 13:01
Հասարակություն

Քրեակատարողական հիմնարկներում սարսափելի վիճակագրություն է․ կանխելու ուղղությամբ իշխանությունը ոչ մի քայլ չի ձեռնարկում․ Դանիելյան

Քրեակատարողական հիմնարկներում սարսափելի վիճակագրություն է․ կանխելու ուղղությամբ իշխանությունը ոչ մի քայլ չի ձեռնարկում․ Դանիելյան

ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը նշում է, որ երեկ Ազգային ժողովի ամբիոնից բարձրաձայնել է, որ տարին դեռ չավարտված՝ 21-րդ մահվան դեպքն է գրանցվել քրեակատարողական հիմնարկներում։ Իսկ այսօր արդեն 22-րդ դեպքի մասին ենք տեղեկանում։

«Երեկ Ազգային ժողովի ամբիոնից բարձրաձայնեցի, որ տարին դեռ չավարտված՝ 21-րդ մահվան դեպքն է գրանցվել քրեակատարողական հիմնարկներում։

Այսօր՝ լույսը չբացված, տեղեկացանք 22-րդ դեպքի մասին։

Սա սարսափելի վիճակագրություն է, որը կանխելու ուղղությամբ իշխանությունը ոչ մի քայլ չի ձեռնարկում։

Ամիսներ շարունակ ահազանգում եմ, որ քրեակատարողական հիմնարկներում տարրական մարդկային պայմանների բացակայությունն ու ոչ պատշաճ վերաբերմունքը դրդում են ազատազրկված անձանց դիմելու ծայրահեղ միջոցների՝ հացադուլի, ինքնավնասման, ինքնասպանության։

Չի ցուցաբերվում կամ ուշացվում է պատշաճ բժշկական օգնությունը, կալանավորները չեն տեղափոխվում բժշկական հաստատություններ, ինչի հետևանքով արձանագրվում են մահվան դեպքեր։

Առավոտից իրիկուն մարդու իրավունքներից, ժողովրդավարությունից խոսող իշխանություններին բնավ չի հետաքրքրում ստեղծված իրավիճակը։

Եվս մեկ անգամ խնդրի շուրջ եմ հրավիրում եմ ՀՀ արդարադատության նախարարի, Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրությունը։ Գործ ունենք մարդկային կյանքերի հետ։ Ձեռնարկե՛ք համակարգային փոփոխություններ այս հարցում, ականջալուր եղեք մեր առաջարկներին, որոնք ձեզ ներկայացվել են բազմիցս»։