կարևոր
523 դիտում, 49 րոպե առաջ - 2025-12-03 10:17
Հասարակություն

Կուզենայինք՝ այն հոգևորականները, որոնք դեռ չեն զղջացել իրենց հակականոնական ընթացքի համար, ստանան սահմանված խստագույն պատիժները․ Սամվել դպիր Գրիգորյան

Կուզենայինք՝ այն հոգևորականները, որոնք դեռ չեն զղջացել իրենց հակականոնական ընթացքի համար, ստանան սահմանված խստագույն պատիժները․ Սամվել դպիր Գրիգորյան

Սամվել դպիր Գրիգորյանը գրում է․ «2025 թ. նոյեմբերի 25-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարվեց հայաստանյան եպիսկոպոսների և թեմակալ առաջնորդների ժողով։

Ժողովին քննարկվեց վերջին շրջանում առանձին հոգևորականների կողմից Սուրբ Պատարագի արարողության ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսի և թեմակալ առաջնորդի անունների հիշատակության միտումնավոր զեղչման խնդիրը:Եպիսկոպոսաց դասը դատապարտելի նկատեց սույն երևույթը՝ արձանագրելով, որ եկեղեցաբանական տեսանկյունից այն հակականոնական է և կարող է հանգեցնել հերձվածի։ Ընդգծվեց, որ նման գործողությունները ենթակա են խստագույն պատժի, եթե եկեղեցականը չզղջա և չսրբագրի իր հակականոնական ընթացքը սահմանված կարգով։

Ժողովը կարևոր նկատեց, որ հոգևորականները չտրվեն պառակտիչ գործողությունների և սադրանքների, պահպանեն միաբանության ոգին՝ հանուն Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու անսասանության և առավել զորացման։

Սակայն այս պահի դրությամբ ժողովի որոշումները դեռ չեն կատարվել, ուստի.

Որքան կուզենայինք, որ այն հոգևորականները, որոնք դեռ չեն զղջացել իրենց հակականոնական ընթացքի համար, ստանան այն խստագույն պատիժները, որոնք սահմանված են եպիսկոպոսական վերջին ժողովի որոշմամբ:

Մասնավորապես Տեր Թադե քահանան արդեն բազմիցս է միտումնավոր զեղչել Վեհափառի, թեմի առաջնորդի անունները Պատարագների ժամանակ: Նա վաղուց է վաստակել կարգալույծ լինելու վճիռը:

Կաթողիկոսի անունը զեղչած Տեր Հովհաննես, Տեր Երվանդ, Տեր Արարատ քահանաները առ այսօր չեն հայտնել իրենց զղջման մասին:

Անզեղջ մնալու դեպքում, փափագում ենք գործադրված տեսնել սույն եպիսկոպոսական ժողովի որոշումներով դատապարտելի, տիրադավ ու եկեղեցադավ այս մեղքի դիմաց սահմանված համապատասխան ու համարժեք պատժի դրույթները:

Ակնկալում ենք, որ հարգվեն եպիսկոպոսների և թեմակալ առաջնորդների ժողովի որոշումները և կյանքի կոչվեն, այլապես կարելի է հետևություն անել, որ սա կլինի նախադեպ և գայթակղություն հակականոնական ընթացքը շարունակելու համար»: